Դերասունուհի Մարջան Ավետիսյանը այն քիչ արտիստներից է, ով իսկապես ընդունված եւ սիրված կերպար է հանրության կողմից, սակայն դերսանուհին վերջին տարիներին այնքան էլ ակտիվ ստեղծագործական գործունեություն չի ծավալում՝ բացառությամբ նկարահանվելով գեղարվեստական ֆիլմերում:
ArmLur.am-ի հետ զրույցում Մարջանը, անդրադառնալով պասիվ գործունեությանը, ասաց. «Ցանկություն չունեմ: Երբ ջրերը զուլալվեն, երեւի ցանկություն ու առիթ կլինի: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ոլորտի այն պրոդյուսերներին, ռեժիսորներին, քասթինգ մենեջերներին, որոնք յուրաքանչյուր նոր նախագիծ սկսելիս ինձ նկատի են ունենում: Ուզում եմ նաեւ ներողություն խնդրել, որ դեռ հոգեպես պատրաստ չեմ մասնակից լինել որեւէ նախագծի»:
Մարջան Սվետիսյանը յոթ ամիս է, ինչ ամուսնու հետ բնակվում է հայրենիքից հեռու՝ Գերմանիայում, իսկ մինչն այդ՝ վերջին տարիների, բոլոր աղետներին ներկա ու ականատես է եղել:
«Իհարկե, հայրենիքից հեռու հետեւում եմ երկրում տիրող իրավիճակին, եւ տպավորությունս աղետալի է…. Հեռվից չեմ խոսելու,….կգամ, կասեմ»,-մեզ հետ զրույցում հավելեց դերասանուհին:
Հիշեցնենք, որ դերասանուհին նախորդ մեր զրույցում խոսել էր հայտնի եւ բոլորի կողմից սպասված «Գարուն ա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերայի մասին, որտեղ նա մարմնավորում էր ֆիլմի գլխավոր հերոսուհուն:
«Այս ֆիլմը հայրենիք ցանկանալ ունենալու մասին է, հայրենիքը սիրելու մասին է, հայրենիքը ինքդ քեզնից ու ամենքից վեր դասելու մասին է: Ֆիլմում հայի բոլոր տեսակներին անդրադարձ կա կերպարների տեսքով»,-ասել էր նա:
Հավելենք, որ մարտի 1-ին էկրան բարձրացավ «Գարուն ա…» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը: «Գարուն ա…»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադեւոսյանը, իսկ կոպոզիտորը՝ Արման Էլբերտը, մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։
Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լեւոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհանիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի եւ այլք։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՍՊԱՍՈՒՄՆԵՐ
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ խոսել է սպասումների մասին։ Մադրիդում թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1։ «Ակնկալում եմ դինամիկ խաղ, ստիպված կլինենք խաղալ ճնշման տակ, ինչը նորմալ է այդպիսի ստադիոնի համար։ Մենք կդիմենք հակագրոհների, որպեսզի օգտագործենք մրցակցի սխալները։ Նրանք նույնպես լավ են հակագրոհում։ Դա «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն որակներից մեկն է։ Գիտակցում ենք մրցակցի ներուժը, վտանգը, որը նրանք ներկայացնում են «Օլդ Տրաֆորդում», բայց մենք վստահ ենք մեր ուժերին»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Աթլետիկո» հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՌՄԲԱՐԿՈՒՆ
Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Մալյորկային» խփած 2 գոլի շնորհիվ դարձավ բոլոր ժամանակների լավագույն ֆրանսիացի ռմբարկուն։ Նա գոլերի քանակը հասցրեց 413-ի (843 խաղ)։ Բենզեման առաջ անցավ կարիերան ավարտած Թիերի Անրիից՝ 411 գոլ (917 խաղ)։ Հիշեցնենք, որ «Ռեալը» «Մալյորկային» հաղթել է 3։0 հաշվով։
ԾՐԱԳՐՈՎ
Հայաստանի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը հաջորդ մրցաշրջանին կնախապատրաստվի թարմացված ծրագրով: Այս մասին հայտնել է անձամբ մարզիկը` Միքայել Միքայելյանը: «Պեկինի Օլիմպիական խաղերում կազմակերպվածության առումով բացարձակ ոչ մի խնդիր չունեցանք: Սրանք իմ երկրորդ Օլիմպիական խաղերն էին: Պեկինի խաղերն ինձ առավել տպավորեցին, բայց կորոնավիրուսի պատճառով ներկա չէին երկրպագուները, ինչն իր ազդեցությունը թողեց»,-ասել է նա:
Դահուկորդի խոսքով` մարզական տեսանկյունից ինքը գոհ չէ իր գրանցած արդյունքներից, քանի որ նախապատրաստական շրջանն առավել հագեցած էր եղել: «Եթե ինքս ինձ գնահատեմ 10 բալային համակարգով, ապա 5 բալ կգնահատեմ: Ես ինքս ինձնից առավել շատ սպասելիքներ ունեի»,-շեշտել է մարզիկը: Միքայելյանի համար այս մրցաշրջանն ավարտված է: Դահուկորդը հաջորդ մրցաշրջանին կնախապատրաստվի ծնողների՝ Արթուր Միքայելյանի եւ Ալլա Միքայելյանի հետ, ովքեր նաեւ հավաքականի մարզիչներն են: Նա նոր մրցաշրջանին կնախապատրաստվի հատուկ ծրագրով: «Մարզումներս կշարունակեմ մինչեւ ապրիլ. Աշոցքում ձյունը երկար է մնում: Հիմա նաեւ թեթեւ հանգստի փուլ է մեզ համար: Մարզումային պլանն էլ փոփոխության կենթարկենք»,-եզրափակել է նա: