ՔՊ-ականները պայմանավորվել են` ինչ հարցեր այսօր կուղղեն Փաշինյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստի ժամանակ իշխանավորները մի քանի հարցեր են քննարկել: Ճիշտ է՝ հատուկ պայման են դրել ու պայմանավորվել միմյանց հետ, թե նիստի մանրամասներն իրենց ներսից դուրս չի գալու, բայց «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան:

Մասնավորապես, ՔՊ-ականները վարչապետի հետ քննարկել են Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկները, բայց, մեր տեղեկություններով, այս մասով Փաշինյանը որեւէ վերջնական ու հստակ բան չի ասել թիմակիցներին: Իշխանականների քննարկելիք գլխավոր թեմաներից է եղել նաեւ այն, թե այսօր՝ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, ՔՊ-ականներից ով ինչ հարց է տալու Փաշինյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օրակարգային կարեւոր հարցերի մասին ՔՊ պատգամավորները հարց ուղղեն Փաշինյանին՝ կանխելով ընդդիմադիր պատգամավորների հավանական «ցավոտ» հարցերը:

Անդրադարձ է եղել նաեւ Արցախում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խոչընդոտմանը: Որոշել են, որ այդ մասին հայտարարություններ անելիս առավել քան զգույշ պետք է լինեն՝ զերծ մնալով կոշտ ու սուր ելույթներից:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հետ հաջորդ հանդիպմանը, որ տեղի կունենա Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումից հետո: ԱԺ մեծամասնականները հույս ունեն, որ այդ ժամանակ իրենց առաջնորդը մի շարք հարցերի մասով առավել հստակ ու կոնկրետ դիրքորոշում կհայտնի:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս