ՁՎԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ այսօր տեղի կունենա աշխատանքային քննարկում՝ ձվի շուկայում առկա իրավիճակի, դրա կապակցությամբ արտադրողների կողմից դիրքորոշումների ներկայացման, ոլորտում խնդիրների առաջացումը կանխարգելելու առաջարկությունների ներկայացման վերաբերյալ։ «Ժողովուրդ»  օրաթերթին հայտնի դարձավ, որ հանդիպմանը ներկա են լինելու ձու արտադրողներ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, Էկոնոմիկայի նախարարությունից ներկայացուցիչներ:

Տեղեկացնենք, որ Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Պատճառը ձվի շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն էին, որոնց չէին դիմանում փոքր տնտեսվարողները: Խոսքը «Շիրակ» թռչնաֆաբրիկայի մասին է, որը ձու էր հանել վաճառքի ինքնարժեքից էժան: Այս ընկերությունը տեւական ժամանակ ձվի շուկայում գնային տատանումներ էր առաջացնում, ինչի հետեւանքով տուժում էին փոքր եւ միջին տնտեսվարողները: Օրինակ՝ «Լուսակերտ»  թռչնաֆաբրիկան այս ամենի հետեւանքով փակման եզրին է: Նշենք, որ «Շիրակ»  թռչնաֆաբրիկան, որը ժամանակներ առաջ ձվի շուկայում արհեստական գնիջեցում էր առաջացրել, այժմ՝ Սուրբ Զատիկին ընդառաջ, բարձրացնում է հավկիթի գները միանգամից միջինը 30 դրամով: Եւ չի բացառվում՝ նաեւ Զատիկին էլի ձվի դեֆիցիտ լինի այս տարի, ինչպես եղավ նախորդ տարի:

 

 

 

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գեւորգյանի գույքը եւս կալանքի տակ է, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի դղյակը: Նա եւս սեփականության իրավունքի խախտումը վերացնելու նպատակով դիմել է դատարան: Դատարանը բավարարել է Գեւորգյանի հայցը եւ քննիչին պարտավորեցրել վերացնել Գեւորգյանի իրավունքների խախտումները: Ստացվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նույն ջանասիրությամբ, ինչպես Հովիկ Աբրահամյանի առանձնատան դեպքում է արել, պետք է Գեւորգյանի գույքը եւս կալանքից հաներ, սակայն մինչ օրս չի արել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե` հասկանալու համար, թե ինչու նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի գործով գույքի նկատմամբ արգելանքը չեն հանել, եթե Առաջին ատյանի դատարանը նման որոշում է կայացրել, Վերաքննիչն էլ դատախազության բողոքը մերժել է, իսկ Հովիկ Աբրահամյանի տան մասով կողմնակալություն է արվել: Ի պատասխան՝ Կոմիտեից հայտնեցին. «Գործը նախաքննության փուլում է, եւ այս պահին նպատակահարմար չեն համարում այդ մասին տեղեկատվություն տալ»:

 

 

 

«Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ «Հայաստան» դաշինքը գումար կստանան պետությունից: Մասնավորապես, գումար ստանալու այս կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով այն դեպքում, երբ կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները երեք տոկոսից ավելի են հավաքել: Ըստ այդմ, մեկ տարվա համար 268 մլն դրամ է ստանում ՔՊ-ն, 38 մլն՝ «Հանրապետություն»  կուսակցությունը, 50 մլն՝ ԲՀԿ-ն, եւ 163 մլն՝ «Հայաստան» դաշինքը: Հավելենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «12002 աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվել են համապատասխան միջոցներ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների աջակցություն ցույց տալու նպատակով։

 

 

 

Մարտի 22-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանը խոստանում է հետաքրքիր եւ երկարատեւ լինել: Բանն այն է, որ խորհրդարանում պետք է քննարկվի կառավարության 2021 թվականի կատարողականը, ընդ որում՝ դա պետք է արվի ոլորտ առ ոլորտ, ինչպես այժմ քննարկվում է մշտական հանձնաժողովներում: Դա ենթադրում է, որ կառավարության անդամները պետք է ներկայանան, ներկայացնեն իրենց կատարողականը եւ պատասխանեն պատգամավորների հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն նախարարներին զգուշացված է՝ ինչ հանդիպումներ եւ քննարկումներ են առկա, կազմակերպել այնպես, որ կարողանան ներկա  գտնվել  այդ օրերին եւ չարժանանան ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը: Ավելին՝ մենք տեղեկացանք, որ առաջին օրն անձամբ կներկայանա եւ զեկույցով հանդես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա կպատասխանի նաեւ պատգամավորների հարցերին:

 




Լրահոս