Արթուր Թովմասյանն ընդունել է Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով հայաստանյան գործընկերներին՝ ԱԺ նախագահը նախ՝ անդրադարձ է կատարել 2020թ․ Աշնանային պատերազմին և հետպատերազմյան իրողություններին, ապա՝ խոսել ռուս- ուկրաինական պատերազմի զարգացումների, տարածաշրջանային ներկա իրավիճակի և նոր մարտահրավերների մասին։

Հանդիպման ընթացքում Արթուր Թովմասյանը խոսել է Արցախում գազատարի հետ կապված խնդիրների, Արցախի ճակատագրին առնչվող այլ հարցերի շուրջ։

Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է համազգային օրակարգ ունենալու անհրաժեշտությունը և շեշտել լինել միասնական՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, համախմբել ուժերը՝ ի նպաստ հայկական երկու հանրապետությունների։

Թագուհի Թովմասյանը տեղեկացրել է, որ փաստահավաք առաքելության նպատակով են այժմ Արցախում, որպեսզի տեղում ծանոթանան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Միաժամանակ ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ հատկապես Արցախի խնդիրների վերհանման ուղղությամբ, մատնանշել հանձնաժողովի հանրային և հրապարակային գործունեությունը։

Հանդիպումն այնուհետև շարունակվել է ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորների հետ։

Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ այս օրերին Արցախում գտնվելու և Արցախի խնդիրներով մտահոգվելու համար։

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին ընդգծել է հանձնաժողովի շրջանակներում իրականացվող հումանիտար խնդիրները միջազգային հարթակներում բարձրաձայնելու գործունեությունը։

Երկուստեք կարևորվել է այս բարդ իրավիճակում միասնական գործելու գաղափարը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։

Հանդիպմանը քննարկվել են անվտանգային հարցերին, աշխարհաքաղաքական նոր ազդակներին, հայկական զույգ հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող հարցեր։




Լրահոս