ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում է:
Պատգամավորի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի առաջ ծառացած հրատապ խնդիրներն ու դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը:
Արցախի նախագահն իր խոսքում նշեց, որ դժվար ժամանակներ են ապրում, և այս բարդ աշխարհաքաղաքական իրականության մեջ Արցախի առաջնային խնդիրը անվտանգությունն ու հայկական մնալն է։ Երկրի ղեկավարը, դիմելով պատգամավորին, իր երախտագիտությունը հայտնեց՝ Արցախի ու արցախահայության խնդիրները մշտապես բարձրաձայնելու և հետևողականորեն դրանք ուշադրության կենտրոնում պահելու համար: Ավելին, նախագահը խորհրդանշական համարեց, որ պատերազմից անմիջապես հետո էլ Հայաստանից ժամանած առաջին պատգամավորը Թագուհի Թովմասյանն է եղել, որին այն օրերին այս նույն աշխատասենյակում ընդունել է։
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ իր գործունեության առաջին օրվանից, Խորհրդարանում Արցախի ձայնն է մշտապես բարձրացրել եւ վստահեցրեց, որ Արցախ աշխարհի խնդիրները ոչ միայն Հայաստանի խորհրդարանում, այլ նաև միջազգային բոլոր իրավասու կառույցների համար է բարձրաձայնելու։
Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց նաեւ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ:
ԱԺ նախագահը նախ անդրադարձ է կատարել 2020թ․ 44-օրյա պատերազմին և հետպատերազմյան իրողություններին, ապա՝ խոսել ռուս- ուկրաինական պատերազմի զարգացումների, տարածաշրջանային ներկա իրավիճակի և նոր մարտահրավերների մասին։
Հանդիպման ընթացքում Արթուր Թովմասյանը խոսել է Արցախում գազատարի հետ կապված խնդիրների, Արցախի ճակատագրին առնչվող այլ հարցերի շուրջ։
Իսկ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը տեղեկացրել է, որ փաստահավաք առաքելության նպատակով Արցախում է, որպեսզի տեղում ծանոթանա Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Միաժամանակ պատգամավորը ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ հատկապես Արցախի խնդիրների վերհանման ուղղությամբ, մատնանշել հանձնաժողովի հանրային և հրապարակային գործունեությունը։
Բացի այս, Թագուհի Թովմասյանին ընդունել է նաև Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, միջազգային հարթակներում հումանիտար խնդիրների բարձրաձայնման անհրաժեշտությունը:
Նշենք, որ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել է նաև ԱՀ ԱԺ Արդարության խմբակցության պատգամավորները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում գազի մատակարարման հետ կապված խնդիրները, Արցախի ճակատագրին առնչվող այլ հարցեր։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան
Արցախ