Վահագն Խաչատուրյանին եւ Նիկոլ Փաշինյանին հայհոյած անձի ցուցմունքը. պետք է լուծում տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի ձեռքի տակ են հայտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյած անձի ցուցմունքը:

Փայլակ Սարգսյանը դատաքննության ընթացքում իրեն լիովին մեղավոր ճանաչեց և հրաժարվեց ցուցմունք տալուց:

Հրապարակվել է ամբաստանյալ Փայլակ Լևիկի Սարգսյանի նախաքննութան ընթացքում որպես կասկածյալ տված ցուցմունքը համաձայն որի՝ «… Ըստ էության ցուցմունք եմ տալիս այն մասին, որ բնակվում եմ վերը նշված հասցեում կնոջս՝
և անչափահաս երկու երեխաներիս հետ միասին։

2021 թվականի սեպտեմբերի 20֊ին՝ ժամը 18:00-ին ես դուրս եմ եկել աշխատանքից և գնացել տուն։ Տանը ես օղի եմ խմել, որից հետո ժամը 21:00-ի սահմաններում դուրս եմ եկել տանից ու դրսում գարեջուր խմել։ Խմելու արդյունքում ես հիշեցի Երևան քաղաքի երթուղային տրանսպորտի հետ կապված խնդիրները ու որոշեցի այդ խնդրին լուծում տալու պահանջով զանգահարել ոստիկանություն։ Ժամը 21:30-ի սահմաններում, երբ գտնվում էի Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Գայի արձանի մոտակայքում, ես իմ բջջային հեռախոսահամարով զանգահարեցի ոստիկանության 1-02 հեռախոսահամարին ու ներկայացրեցի տրանսպորտի հետ կապված խնդիրները։ Այդ խոսակցության ընթացքում ես չեմ հիշում ինչից բորբոքվեցի ու հայհոյանքներ հնչեցրեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տրանսպորտի նախարարի, ում տվյալները չգիտեմ, ինչպես նաև նրանց ընտանիքների հասցեներին։ Քանի որ ոստիկանի հետ խոսելու ժամանակ ես հայտնել էի, թե որտեղ եմ այդ պահին գտնվում, ուստի խոսակցությունից քիչ անց ինձ զանգահարեցին ոստիկաններ, ես նրանց ասացի տեղս, նրանք եկան ու ինձ բերման ենթարկեցին Նոր Նորքի բաժին։

Հարց։ Առաջարկում եմ հայտնել, թե Դուք կոնկրետ ինչ հայհոյանքներ եք հնչեցրել վերը հիշատակված անձանց հասցեներին։

Պատասխան։ Ես չեմ ցանկանում կրկնել այն ինչ ասել եմ, քանի որ ես իրոք զղջում եմ տեղի ունեցածի համար, սթափ վիճակում ես նման խոսքեր հաստատ չէի ասի, դա արել եմ ալկոհոլի ազդեցության տակ, ուստի ես հիմա չեմ ցանկանում դրանք կրկնել։

Հարց։ Ձեզ եմ ներկայացնում Ձեր կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ 1-02 հեռախոսահամարին կատարված հեռախոսազանգի արդյունքում ոստիկանության աշխատակցի հետ ունեցած 13 րոպե 50 վայրկյան տևողությամբ ձայնագրությունը և առաջարկում եմ հայտնել, թե նշված ձայնագրության ընթացքում արդյոք Դուք եք խոսում, թե՝ ոչ։

Պատասխան։ Ես լսեցի ձայնագրությունը և հայտնում եմ, որ դրա ընթացքում խոսում եմ ես երկու տարբեր՝ մի աղջիկ և մի տղա ոստիկանների հետ, սակայն չեմ ցանկանում այդ խոսակցության ընթացքում ասածներս մեկնաբանել։

Հարց: Նույն ձայնագրության ընթացքում Դուք անդրադառնում եք նաև սեռական բնույթի ոտնձգություններին, ինչ-որ գողության դեպքի։ Առաջարկում եմ պարզաբանել և հայտնել, թե արդյոք ինչ է տեղի ունեցել։

Պատասխան։ Ես նման օրինակներ եմ բերել, որպեսզի իմ հետ խոսացող ոստիկանը հասկանա, որ տրանսպորտում շատ մարդկանց պատճառով կարող են տեղի ունենալ այդպիսի ոտնձգություններ և գողություններ, ուստի պետք է հարցին լուծում տալ, ես կոնկրետ որևէ դեպք նկատի չեմ ունեցել, իմ, իմ ընտանիքի անդամների կամ ծանոթներիս հետ նման դեպքեր տեղի չեն ունեցել։

Հարց։ Նույն ձայնագրության ընթացքում Դուք ասում եք, որ Ձեր կնոջ կողմից աշխատանքից ուշ տուն վերադառնալու պատճառով նրա նկատմամբ բռնություն եք գործադրում։ Առաջարկում եմ պարզաբանել։

Պատասխան։ Ես դա ասելով կրկին ուղակի օրինակ եմ բերել, որ ոստիկանը հասկանա, որ նման խնդիրներ նույնպես կարող են առաջանալ շատ ընտանիքներում, սակայն իմ ընտանիքում նման դեպք չի եղել, ես երբևէ կնոջս վրա ձեռք չեմ բարձրացրել։
Կրկնում եմ, որ ես զղջում եմ տեղի ունեցածի համար, պնդում եմ տվածս ցուցմունքը և հրաժարվում եմ այլևս որևէ բան ասելուց կամ հարցի պատասխանելուց»:

Այս գործով հրապարակվել է վճիռ եւ նրան պատժել է կատարած արարքի համար 500 հազար դրամով: Իսկ թե ինչպես պետք է բանվոր աշխատող Սարգսյանը դա վճարի, այլ խնդիր է:

Ք. Մ.




Լրահոս