ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թեհրանն ու Բաքուն հուշագիր են կնքել. Նախիջևան գնացող նոր ճանապարհն այլընտրանք կլինի՞ «Զանգեզուրի միջանցքին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն ու Իրանը մարտի 11-ին ճանապարհային նոր հաղորդակցություն կառուցելու ու շահագործելու մասին հուշագիր են ստորագրել: Ըստ ադրբեջանական ու իրանական լրատվամիջոցների՝ ավտոճանապարհն անցնելու է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականով, հատելու է Իրանի սահմանն ու հասնելու է Նախիջևան: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ճանապարհը ռազմավարական նշանակություն է ունենալու: Բաքուն այն «մեկ գոտի, մեկ ճանապարհ» անվանումն է տվել մայրուղուն: Կնքվածը ոչ թե փաստաթուղթ, այլ փոխըմբռնման հուշագիր է, ինչի վերնագիրն ու բովանդակությունն անգամ ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրում են:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն է ասում՝ հավելելով, որ պաշտոնական Բաքուն խոսում է, այսպես ասած, «Արևելյան Զանգեզուրի» մասին, որ ներառում է Արցախից օկուպացված մերձարաքսյան գոտին նաև: Այնինչ հուշագիրը վերաբերում է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցության ապահովմանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քարոզչամեքենան Իրանի հետ հարաբերություններին վերաբերող յուրաքանչյուր դեպք է փորձում ուրճացված ու դրական քողի ներքո ներկայացնել: Իրանագետի գնահատականով՝ նման գործելաոճով՝ Ադրբեջանը նախ ուզում է ճնշում գործադրել մեզ վրա, ապա փորձում չեզոքացնել Իրանից եկող հնարավոր սպառնալիքները: Ադրբեջան-Իրան-Նախիջևան ավտոճանապարհ այս պահին էլ կա, պարզապես ադրբեջանական տրանսպորտային միջոցը Նախիջևան գնալու համար Իրանի տարածքով շատ ավելի երկար ճանապարհ է անցնում: Նոր կառուցվելիք ճանապարհը, որ Հայաստանի սահմանից ընդամենը 5 կմ է հեռու լինելու, կրճատելու է մայրուղու իրանական հատվածը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս