ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտպանության անդարդ նախարարն, իր գործերը թողած, Գարիկ Սարգսյանին է «դուխ» տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում «հո» անելով ակնոցը մաքրելուց հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շտապել է Վեդի՝ խոշորացույցի տակ առնելու համայնքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Մարտի 27-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձեռամբ այստեղ նորից են համայնքապետի ընտրություններ անցկացվելու: Փաշինյանի առաջնորդած կուսակցությունը հաջողության չհասնելուց հետո ամեն գնով այստեղ ընտրությունների երկրորդ ռաունդ կկազմակերպի՝ իրականացնելով «կրկին փորձիր» ակցիան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում առաջին հաղթանակ շնորհած Գարիկ Սարգսյանը, որ 2018-ից քաղաքական վերադասավորումներից հետո պաշտոնի բարձրացումներ էր ունեցել՝ մարզպետից մինչև պետգույքի վարչության պետ, այժմ պաշտոնի ցածրացում է ուզում ունենալ՝ դառնալով Վեդի խոշորացված համայնքի ղեկավար: Կենաց-մահու ընտրապայքարին իշխանությունը լծել է մինչև վերջին չինովնիկին: Իշխանական էլիտայի կարկառուն ներկայացուցիչները, մոռանալով, թե ով ինչ կարևորագույն ոլորտի համար է պատասխանատու, շտապել են իշխանությունների սիրելի «դուխից» տալու կոկորդիլոսների կենցաղավարությունը խորազնին ուսումնասիրած Սարգսյանին:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որ խորհրդարանական ամբիոնից արդեն մատ թափ տալով ու մունաթով է պատասխանում պատգամավորների հարցերին, ըստ երևույթին մոռացել է, թե ինչ ոլորտ է համակարգում: Տպավորություն է, թե մոտ մեկ տարի առաջ ՀՀ սուվերեն տարածք՝ Սև լիճ, մուտք գործած ադրբեջանցիներին վռնդել է մեր երկրից, հիմա էլ հանգիստ շունչ քաշելով շտապել քաղաքական հարցերով զբաղվել:

Բանակում գրեթե օրական կտրվածքով տարաբնույթ միջադեպեր են գրանցվում, զինվորներ են ինքնասպան լինում, հակառակորդը մեր քթի տակ ուժեր է կենտրոնացնում, իսկ պաշտպանության նախարարը, քարոզարշավ իրականացնելու ժամանակ ունի: 44-օրյա պատերազմից հետո փոխանակ բանակը վերազինելու, զինված ուժերի մեջքն ուղղելու մասին մտածի, ռազմավարություն մշակի, զօրուգիշեր տքնաջան աշխատի, երբեմնի վարժապետը լծվել է Գարիկ Սարգսյանին աջակցելու գործին: Եթե Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր լիներ, ապա քարը քարին չթողնելով՝ կքննադատեր քաղաքական ակցիաներով տարված պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին: Բայց փոխում են ժամանակները, փոխվում մարդիկ, ու հանուն իշխանության վերարտադրության՝ երբեմնի թվացյալ արդարախոսները ոտնատակ են տալիս դավանած արժեքները, մոռանում սկզբունքները, եթե իհարկե ունեցել են:

Սևակ Վարդումյան




Լրահոս