ԿԻԵՎՆ ՈՒ ՄՈՍԿՎԱՆ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմի մեկնարկից երեք շաբաթ անց Կիեւը եւ Մոսկվան արդեն հայտարարում են, թե երկկողմ բանակցություններում որոշակի առաջընթաց կա։ Մասնավորապես, ռուսական կողմը բանակցությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ որոշ փակագծեր է բացել: Ըստ այդմ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մասնավորապես, հայտարարել է, թե քննարկվում է Ուկրաինան չեզոք պետություն հռչակելու տարբերակը՝ Ավստրիայի կամ Շվեդիայի օրինակով։ «Դա կարող է դիտվել որպես փոխզիջում», – ասել է Դմիտրի Պեսկովը։

 

Բանակցությունների մասին դրական շեշտադրումներով է խոսել նաեւ Ռուսաստանի արտգործնախարարը։ Լավրովն ասել է, թե ռուս-ուկրաինական քննարկումները դժվար են ընթանում, սակայն «փոխզիջման որոշակի հույս առկա է, եւ որոշ ձեւակերպումներ մոտ են համաձայնեցման փուլին»։ Որոնք են այդ ձեւակերպումները՝ Ռուսաստանի արտգործնախարարը չի մանրամասնել, փոխարենը պնդել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսել է ավելի իրատեսորեն գնահատել իր երկրի շուրջ ստեղծված իրավիճակը:  «Հռետորաբանության փոփոխությունը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ ադեկվատությունն իր տեղն է գտնում Ուկրաինայի ղեկավարության գիտակցության մեջ», – ասել է Լավրովը։

Վլադիմիր Զելենսկին եւս նախօրեին հայտարարել էր, թե «բանակցություններում դիրքորոշումներն ավելի իրատեսական են թվում»։ «Հանդիպումները շարունակվում են, եւ ինձ ասում են, որ բանակցային դիրքորոշումներն ավելի իրատեսական են հնչում։ Սակայն դեռ ժամանակ է պետք, որպեսզի որոշումները բխեն Ուկրաինայի շահերից. դա դժվար է, բայց կարեւոր», – ասել է Զելենսկին։

Ըստ այդմ, Ուկրաինայի իշխանությունները բազմիցս մերժել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի այսպես կոչված ապառազմականացման եւ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների, ինչպես նաեւ Ղրիմը Ռուսաստանի կազմում ճանաչման հնարավորությունը։ Միեւնույն ժամանակ, Կիեւը ակնարկում է, որ կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից, եթե Ուկրաինան ստանա անվտանգության բավարար երաշխիքներ, այդ թվում՝ Ռուսաստանից։

Զելենսկին նաեւ հայտարարում է, թե բանակցությունների հիմնական նպատակներից մեկն է հանդիպում կազմակերպել իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան եւ Իսրայելը, առաջարկել են միջնորդի դեր ստանձնել այդ հարցում։ Այսօր Ռուսաստանի արտգործնախարարը հայտնեց, թե նման առաջարկով Մոսկվային է դիմել նաեւ Շվեյցարիան։

Մինչ այդ Արեւմուտքից կասկածներ են հնչում բանակցություններում առաջընթացի հասնելու վերաբերյալ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը BBC-ին ասել է, որ թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղ բանակցություններին, քանի դեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դուրս չի բերել զորքերը Ուկրաինայի տարածքից՝ հավելելով, թե Պուտինին պետք է կանգնեցնել «ամեն գնով»:

«Ես թերահավատորեն եմ վերաբերվում խաղաղ բանակցություններին, քանի դեռ Պուտինը պատերազմ է մղում Ուկրաինայում: Նա պետք է հրադադար հաստատի եւ դուրս բերի իր զորքերը, որպեսզի այդ խաղաղ բանակցությունները լրջորեն ընդունվեն», – ասել է Թրասը։

Նա նաեւ մտավախություն ունի, որ եթե Պուտինը չպարտվի Ուկրաինայում, հավանական է, որ ուզենա ավելի առաջ գնալ: Արեւմուտքը, Թրասի խոսքով, պետք է ամեն գնով կանգնեցնի Պուտինին։ Բրիտանիայի արտգործնախարարը Ուկարինայում պատերազմ սկսած Պուտինին համարում է սպառնալիք աշխարհի համար։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԸՆՏՐՎԵՑ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում երեկ գումարվել է արտահերթ նիստ, որի օրակարգում կրկին համայնքի ղեկավարի ընտրության հարցն է: Արտահերթ նիստը հրավիրվել էր ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունների անդամների նախաձեռնությամբ: Որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել էր այդ խմբակցությունների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը. 14 կողմ, 13 դեմ ձայնով Ահարոն Խաչատրյանը ընտրվեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար:

 

 

ՄԻԱՁԱՅՆ ԿՈՂՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները միաձայն կոչ են արել Ռուսաստանին լքել Եվրոպայի խորհուրդը։ ԵԽ-ից Ռուսաստանի դուրս գալու որոշումը ստացել է 216 կողմ եւ 3 ձեռնպահ ձայն։ «Վեհաժողովը միաձայն կողմ է քվեարկել՝ կոչ անելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին միջնորդել, որպեսզի Ռուսաստանն անհապաղ լքի Եվրոպայի խորհուրդը»։ Նշենք, որ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը նամակ էր ստացել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովից, որում տեղեկացվում է կազմակերպությունից դուրս գալու՝ Ռուսաստանի որոշման մասին։

 

 

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՓԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ

BMW-ն եւ Volkswagen-ը դադարեցնում են գործարանների աշխատանքներն ամբողջ Եվրոպայում՝ Ուկրաինայից ներկրվող դետալների պակասի պատճառով: Այս մասին հայտնում է Financial Times-ը: BMW-ն եւ Volkswagen-ը ստիպված են եղել փակել գործարանները ողջ Եվրոպայում այն բանից հետո, երբ ռուսական ներխուժումը ստիպել է փակել ուկրաինական էլեկտրակայանները: Ինչպես գրում է Auto Analysis-ը, Ուկրաինային բաժին է ընկնում էլեկտրական մալուխների մատակարարման մոտ մեկ հինգերորդը: Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Արեւմուտքի տարբեր երկրներ խիստ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այդ սանկցիաների ցանկը դեռ ավելանում, է եւ տարբեր ընկերություններ կա՛մ դադարեցնում են իրենց գործունեությունը ՌԴ-ում, կա՛մ հրաժարվում ռուսական ընկերությունների առաջարկած ծառայություններից։

 

 

ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ Է

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ժամանել է Ռուսաստան։ «Անթալիայում ֆորումից հետո մենք Մոսկվայում ենք՝ շարունակելու մեր դիվանագիտական գործունեությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ»,- գրել է Չավուշօղլուն։

 

 

ԱՂԱՋԱՆՅԱՆԻ «ՄԵՍԻՋ»-Ը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հասարակությանը «մեսիջ» է հղում՝ պատրաստվել ցավոտ ու մեզ համար ոչ բարենպաստ նոր գործընթացների կամ իրողությունների։ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում իշխանական պատգամավորը մասնավորապես հայտարարել է. «Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը պետք է քննարկվի»։ Սա ոչ այլ ինչ է, քան հասարակությանն ուղղված հերթական հաղորդագրություն, որ առաջիկայում իշխանության կողմից նոր գործընթաց կամ արդեն իրողություն է օրակարգ բերվելու։ Իշխանությունը, բնավորության համաձայն, կարող է բոլորիս համար անակնկալ կերպով Արցախի կարգավիճակին վերաբերող նոր գործընթաց սկսել, որ դատող, մտածող ՀՀ յուրաքանչյուր հայի համար խիստ անընդունելի կլինի։ Թե ինչպիսին կլինի հասարակության արձագանքը, դա էլ հարց է, քանի որ 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո մարդկանց վերաբերմունքն իշխանության տարաբնույթ հայատարարություններին ու գործելաոճին ոչ միանշանակ է։

 

 

 

ԴԵՊՔԻՑ ՕՐԵՐ ԱՌԱՋ

Զովունիում տեղի ունեցած ողբերգական դեպքը բազմաթիվ հարցեր է առաջ քաշում, թե ում անգործության արդյունքում ամուսինը պայթեցրեց իրեն ու կնոջը: Հիշեցնենք՝ 46-ամյա տղամարդը հետապնդել էր նախկին կնոջը, ապա նռնակով պայթեցրել իրեն ու կնոջը: Դեպքը տեղի էր ունեցել դպրոցի բակում: Պայթյունից մահացած 46-ամյա Նելլիի մարմինը տեսել ու ճանաչել էին այդ դպրոցում սովորող իր անչափահաս երեխաները: Կնոջ հարազատները լրատվամիջոցների հետ զրույցում նշել էին, որ Նելլին բազմիցս դիմել էր ոստիկանություն, հայտնել, որ նախկին ամուսինը լուրջ վտանգ է ներկայացնում իր եւ 4 երեխաների կյանքի ու առողջության համար, սակայն, տիկնոջ հարազատների պնդմամբ, ոստիկանությունն ականջալուր չի եղել խնդրին, անհրաժեշտ ուշադրություն չի ցուցաբերել դիմումներին ու ահազանգերին: Նախկին ամուսինը բազմիցս սպառնացել էր կնոջը, հետապնդել, հայտնվել նրա աշխատավայրում ու ծեծել վերջինիս: Բանն անգամ հասել էր նրան, որ սպառնալիքներ էր հնչեցրել երեխաների հասցեին: Ավելին, դեպքի օրն էլ տղամարդը կնոջը խանութից (վերջինս այդտեղ էր աշխատում) գրեթե քարշ տալով դուրս է հանել: Նա անգամ նռնակով սպառնացել է այն անցորդներին, որոնք փորձել են միջամտել եւ օգնել կնոջը:

Պարզվում է՝ մահացած 46-ամյա Նելլին այս դեպքից մեկ շաբաթ առաջ՝ մարտի 3-ին, դիմել է կանանց աջակցման կենտրոն եւ հայտնել , որ իր կյանքին վտանգ է սպառնում: Ավելին՝ կինը որոշել է անգամ գնալ ինքնասպանության:

 

 




Լրահոս