ՀՀ գլխավոր դատախազության ապացույցներ են ձեռք բերվել կոնկրետ անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, որոշակի սխեմայի կիրառմամբ բազմաթիվ անձանցից զգալի չափերով հափշտակություններ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես, պարզվել է, որ Կ.Վ.-ն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակությանը հանցակցելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Կ. Ս.-ի եւ Է.Ս.-ի հետ: Հանցագործության կատարման նպատակով Կ. Վ.-ն համացանցում իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարով, «K… V…» տվյալով եւ էլեկտրոնային փոստի միջոցով ստեղծել է «ADJ-PROMO» «ծուղակային»՝ «Phishing»-ային էջը, որը արտաքինից ձեւավորել է «adjarabet.am» բուքմեյքերական կայքի տեսքով: Ծուղակային էջը, որպես գովազդ, տեղադրել է «lnstagram.com» սոցիալական կայքում, որը գովազդել է «adjarabet.am» բուքմեյքերկան կայքի կեղծ ակցիաներ։
Գովազդվող ակացիաներից օգտվելու նպատակով «adjarabet.am» բուքմեյքերկան կայքի խաղային հաշիվների օգտատերերը մուտք են գործել «lnstagram.com» սոցիալական կայքի «ADJ-PROMO» նույնականացման տվյալի անհատական էջ, դրանում առկա հղմամբ հասանելիություն ստացել ծուղակային՝ «ADJ-PROMO» կայքին, որտեղ մուտքագրել են իրենց անվամբ գրանցված կամ իրենց կողմից օգտագործվող «adjarabet.am» կայքի օգտահաշիվների մուտքանունն եւ գաղտնաբառը՝ այդկերպ իրենց անձնական ու բանկային տվյալներին հասանելիություն ապահովելով Կ.Վ.-ի համար: Իրենց անհատական էջ նրանք, բնականաբար, մուտք գործել չեն կարողացել, եւ գովազդվող ակցիաները չեն տրամադրվել:
«Adjarabet.am» բուքմեյքերական կայքի օգտատերերի տվյալներն այդկերպ ստանալով՝ Կ.Վ.-ն խաղային օգտահաշիվների մուտքանունների, գաղտնաբառերի եւ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ապօրինի հասանելիություն է ստացել «adjarabet.am» կայքի շուրջ 15 օգտատերերի խաղային հաշիվներին եւ դրանցում առկա գումարներից, ինչպես նաեւ խաղային հաշիվներին կցված բանկային քարտերից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ 2021թ. մարտի 27-ից մինչեւ օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում մաս-մաս հափշտակել է գումարներ՝ ընդհանուր 4.137.000 դրամի չափով: Քարտային հաշիվներում առկա գումարները նա փոխանցել է իր կողմից տնօրինվող եւ կառավարվող խաղային հաշիվներին, այնուհետեւ բանկային քարտերի, այդ թվում՝ իր եւ Է.Ս.-ի անվամբ թողարկված բանկային քարտերին: Ապա իրենց տվյալներով նույնականացված «Իդրամ» հաշվառման հաշիվների կամ խաղային պարտություններ կրելու եղանակով գումարները նա փոխանցել է իր կողմից կառավարվող եւ տնօրինվող այլ խաղային հաշիվների, որից հետո դրանք փոխանցել է իր եւ Է. Ս.-ի անվամբ թողարկված եւ նրանց տվյալներով նույնականացված «Իդրամ» հաշվառման հաշիվներին, այնուհետեւ՝ բանկային քարտերին: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Կ.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Կ. Ս.-ին եւ Է. Ս.-ին: Նախաքննության ընթացքում մեղադրյալ Կ.Վ.-ի կողմից հատուցվել է տուժողներին պատճառված վնասը, ինչպես նաեւ վերջինս տվել է խոստովանական ցուցմունք, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, զղջացել է կատարածի համար եւ պատրաստակամություն հայտնել օգնելու նախաքննությանը: Հաշվի առնելով, որ նախաքննության տվյալ փուլում վերացել են մեղադրյալ Կ.Վ.-ի կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը եւ նրա պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում կարող է ապահովվել այլ խափանման միջոց, նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ մեղադրյալ Կ.Վ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում նրանց գործողություններից այլ անձանց տուժելու հնարավոր այլ դեպքեր, ինչպես նաեւ հանցավոր սխեմայում ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասն ներկայացնելով հանցագործների կողմից գործադրվող՝ համակարգչի միջոցով հափշտակության հանցավոր մեխանիզմը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նպատակ է հետապնդում բարձրացնել հանրության իրազեկությունը եւ զգոնությունը՝ սեփական անձնական տվյալների, օգտահաշիվների մուտքանունների ու գաղտնաբառերի պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նկատառումով: Քաղաքացիներին կրկին հորդորում ենք ձեռնպահ մնալ նախապես չճշտված, չստուգված անձանցից, սուբյեկտներից ցանկացած եղանակով ստացվող՝ առցանց տարբեր հարթակներում գրանցած սեփական էջերի, վճարային համակարգերի հաշվառման հաշիվների ծածկագրերը, բջջային հեռախոսահամարները, անձնագրերի համարները եւ այլ անձնական տվյալները տարբեր պատրվակներով, պատճառաբանություններով իրենց տրամադրելու, գրանցելու առաջարկներ ընդունելուց: Միաժամանակ, բուքմեյքերական ընկերություններին կոչ ենք անում հաղորդակցային հնարավոր բոլոր միջոցներով իրենց օգտատերերի շրջանում պարբերաբար իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ իրենց ռեսուրսներից, ծառայություններից եւ ակցիաներից անվտանգ օգտվելու, անձնական, բանկային նույնականացման տվյալները պաշտպանելու նպատակով:
Ն. Պ.
ԿՐԱԿՈՑՆԵՐ
Նախօրեին վիճաբանություն եւ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ «Սեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություն է փոխանցվել, որ «պոլիտրավմա, ծակած վերք հարցականով եւ պոռթած հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Արգամ Մանուկյանն է։ Պարզվել է նաեւ, որ նա վնասվածքները ստացել է Կոտայքի մարզի վարչական տարածքում, ինչի մասին էլ տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Հրազդանի բաժին։ Ա. Մանուկյանը նշված վնասվածքները ստացել է Երեւան-Սեւան ավտոճանապարհի 39 կմ-ում գտնվող «Նոր տուն» հացատանը։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, երեկ՝ ժամը 00։40-ի սահմաններում, «Հրազդան» բկ-ից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ձեռնաթաթի հրազենային կույր վիրավորում, աջ ազդրի կտրած վերք, աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած Հրազդանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Նորայր Սարգսյանն է, ով վնասվածքները ստացել է «Նոր տուն» հացատանը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
ԴԻՐՔԱՅԻՆ
Արդեն մի քանի օր է, որ մեր մի քանի գործընկերներ՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, քաղաքագետներ՝ Էդգար Էլբակյանն ու Ալվինա Աղաբաբյանը, ահազանգում են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացման մասին։ Այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Խոսք է գնում մոտ 1 կմ հատվածի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու մասին։ Ի դեպ, այս մասին մամուլի միջոցով բարձրաձայնել են նաեւ տեղի բնակիչները։ Պաշտպանության նախարարությունն այս մասով հանդես է եկել «պարզաբանմամբ», սակայն փաստական առումով լուրջ հիմնավորումներ չի բերել։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ իշխանությունը տարբեր առիթներով սուտ, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ «պարզաբանումներ» է տվել, ինչը նրա խոսքի եւ հայտարարության նկատմամբ հանրային վստահությունը 0-ի է հասցրել։ Պետք է արձանագրել, որ երկրի անվտանգության համակարգում պատշաճ միջոցառումների իրականացման բացակայությունը բերել է նրան, որ Ադրբեջանը, շարունակելով իր ագրեսիվ քաղաքականությունը, նոր դիրքային բարելավումներ է անում. 2021-ի մայիսի եւ նոյեմբերի ներխուժումն ու նկարագրված ներխուժումները, ցավոք, ընդգծված օրինակներ են։ Այս իշխանությունը մեր քաղաքացիների անվտանգության ապահովման հարցը թողել է բախտի քմահաճույքին, եւ հետեւանքն էլ շարունակական կորուստներն են լինելու»։
ՔՐԵԱԿԱՆ
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ «Ֆինիկո» ընկերության հանցավոր գործունեության արդյունքում տուժած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Տվյալներ են ձեռք բերվել, որ 2020թ. մարտից ՀՀ-ում գործունեություն է իրականացրել «Ֆինիկո» («FINIKO») անվանումով ընկերություն, որը գործել է որպես ֆինանսական ներդրումային գործունեություն իրականացնող ընկերություն եւ հաճախորդներին առաջարկել է ներդրումներ կատարել՝ հետագայում 25-30 տոկոս եկամտաբերություն ստանալու նպատակով: Ներդրումները կատարվել են կանխիկ գումարները կրիպտոարժույթի փոխարկելու եւ դրանք ընկերության համապատասխան էլեկտրոնային դրամապանակ մուտքագրելու եղանակով: Պարզվել է, որ ստեղծվել եւ ղեկավարվել է ֆինանսական բուրգ, այսինքն՝ իրականացվել է գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն, որով գույք ներդրողի օգուտը պայմանավորվել է նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին, առանց նշված գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության, որի արդյունքում անձանց պատճառվել է խոշոր չափի վնաս: Պարզվել է նաեւ, որ ՀՀ տարածքում «Ֆինիկո» անվանումով ընկերության գործունեությունը ղեկավարվել է Վազգեն Զոբոյանի եւ վերջինիս կնոջ կողմից, ովքեր 2021թ. հուլիսի 31-ից Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում:
ԿՔՆՆԻ ՀԱՅՏՆԻ ԴԱՏԱՎՈՐԸ
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի Գառնիկ Իսագուլյանի գործով Քննչական կոմիտեն որոշում է կայացրել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել է դատարան: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով զանգվածային լրատվական միջոցներով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնամխելիության եւ արտաքին անվտանգության օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու մեջ մեղադրելով: Գառնիկ Իսագուլյանը կալանավորված է, իսկ նրա քրեական գործը քննելու է դատավոր Վաչե Մարգարյանը: Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի անունը հանրության համար հայտնի դարձավ, երբ առաջին անգամ՝ դեռեւս 2018թ. հուլիսի 27-ին, կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մեծ աղմուկ բարձրացվեց հատկապես այն ժամանակ, երբ նույն թվականի սեպտեմբեր ամսին մամուլում հրապարակվեց ԱԱԾ նախկին տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցը, որի ընթացքում նշվում էր մի դատավորի մասին, որը, ըստ ամենայնի, պետք է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացներ՝ անկախ հիմքերից։