ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ 1 ԿՄ ԱՌԱՋ Է ԵԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Ներքին Հանդի տարածքում ադրբեջանական դիրքերի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։ «ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը՝ կապված Ներքին Հանդի հետ, իրականությանը չի համապատասխանում: Դա ՀՀ ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող եւ բնակչությանը վտանգի տակ դնող հայտարարություն է: Մասնավորապես, այս պահին առկա են առնվազն հետեւյալ փաստերը.

 

ադրբեջանական զինված ծառայողները մոտ 2 շաբաթ առաջ մինչեւ 1 կիլոմետր հանգիստ ներխուժել են ու տեղակայվել Հայաստանի, մասնավորապես՝ Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում, այդ թվում` վրաններ տեղադրելով: Ավելի ճշգրիտ` խոսքը Ներքին Հանդի վարչական տարածքում գտնվող նախկին գյուղի մասին է: Ներխուժելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները սկսել են իրենց համար դեպի «իրենց նոր դիրքը» տանող ճանապարհ կառուցել, այդ թվում` տեխնիկայի օգտագործմամբ: Աշխատանքները դադարեցրել են միայն վերջին մի քանի օրվա եղանակային պայմանների, մասնավորապես` ձյան պատճառով: Ներքին Հանդում բնակիչներն ի սկզբանե տեղյակ են այս ներխուժման մասին, նրանք են նկատել ադրբեջանական զինծառայողներին, եւ Կառավարությունից բացատրությունների բացակայության պայմաններում մարդիկ հայտնվել են անորոշության ու անհանգստության մեջ: Վերջին մի քանի օրերին սկսվեցին արդարացի հանրային քննարկումներ ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ տարածք ներխուժելու վերաբերյալ, եղան լրատվամիջոցների հրապարակումներ: ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր ստիպված հանդես եկավ ներխուժումը «կտրականապես հերքող» պաշտոնական հայտարարությամբ եւ նշեց.

«Նշված [այսինքն` Ներքին Հանդի] հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»: Պաշտպանության նախարարության այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Նախ՝ Ներքին Հանդի եւ հարակից մի քանի գյուղի բնակիչների վկայությամբ` որոշակի ձյուն եկել է միայն դեկտեմբեր եւ հունվար ամիսներին, բայց անանցանելի պայմաններ չեն առաջացել առհասարակ, իսկ փետրվարին եղանակային պայմանները եղել են գարնանային բնույթի: Ես ինքս այս տարածքներում եղել եմ 2021թ. դեկտեմբերի սկզբին, ինչպես նաեւ 2022թ. փետրվարի 16-ին եւ 17-ին, եւ կարող եմ համոզված պնդել, որ եղանակային պայմանները 2 այցերի ժամանակ էլ բնույթով գարնանային էին, գրունտային ճանապարհներն անգամ առավելապես չոր էին: Հետեւաբար, հակառակ ՊՆ-ի պնդման, եղանակային պայմանների պատճառով տարածք օգտագործելու անհնարինության մասին խոսք լինել չի կարող:

Նշվածից բացի, այդ տարածքում ադրբեջանական զինված դիրքեր կամ այլ տեղակայումներ երբեւէ չեն եղել: Չեն եղել ու հիմա էլ չկան ՀՀ զինված ուժերի դիրքեր կամ այլ տեղակայումներ: Ավելին՝ գյուղի բնակիչների վկայությամբ՝ այն վայրերից, որտեղ ներխուժել ու ապօրինաբար տեղակայվել են ադրբեջանական զինված ծառայողները, իրենք ազատ օգտվել են նախորդող ողջ ժամանակահատվածում, այդ թվում` արոտավայրերից ու հողատարածքներից. ադրբեջանական որեւէ ծառայող այդ վայրերում երբեւէ չի եղել: Այս պահին ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են գյուղի անվտանգության ու մարդկանց իրավունքների տեսանկյունից բոլոր առումներով բացարձակ անընդունելի վայրում` անմիջական դիտարկման տակ ունենալով գյուղը: Ուստի ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությունը բացարձակ դատապարտելի է. դրանով փաստացի ՀՀ ինքնիշխան տարածքի մասը զիջվում է Ադրբեջանին: Այդ հայտարարությունը, ամբողջությամբ անտեսելով մարդկանց անվտանգությունը, լեգիտիմացնում է ադրբեջանական զինվորականների իրավական որեւէ հիմք չունեցող ներկայությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածքում: ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը նաեւ խիստ խնդրահարույց է ՀՀ ԶՈւ եւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայողների անվտանգության ու կյանքի իրավունքի տեսանկյունից: Դրանից բացի, խիստ մտահոգիչ է, որ Պաշտպանության նախարարության հայտարարությունում օգտագործված են ձեւակերպումներ, որոնք արդարացնում են ադրբեջանական Զինված ուժերի արարքները, նրանց անմեղ է ներկայացնում Ներքին Հանդի ու մեր երկրի ողջ բնակչության առաջ: Դեռ այսքանից հետո Կառավարությունը մարդկանց պահում է անորոշության մեջ ու անգամ բացատրություն չի տալիս, թե արդեն 2 շաբաթ է, ինչ են անում ադրբեջանական զինված ծառայողները Ներքին Հանդում: Հետո էլ մարդկանց մեղադրում է, թե խուճապ են տարածում: Չի կարելի դժգոհություն չառաջացնելու ու սեփական թողտվությունը ծածկելու համար մարդկանց պահել անորոշության ու անհանգստության մեջ: Ո՞ր իրավունքով է ՀՀ պաշտպանության նախարարությունն անում ՀՀ ինքնիշխան տարածքի մասը Ադրբեջանին զիջող, ադրբեջանական իրավազորությունը ապօրինաբար հաստատող եւ ողջ երկրի անվտանգությունը վնասող հայտարարություն: Այդ հայտարարությամբ սեփական ժողովրդից ու արտաքին աշխարհից թաքցվում են ադրբեջանական հանցավոր արարքները: Բավական է ձեր անպատասխանատու հայտարարություններով խաթարեք մեր ողջ բնակչության ու երկրի անվտանգությունը, նպաստեք մարդկանց իրավունքների խախտումներին»:

Ն. Պ.

 

 

Ի՞ՆՉ ԱՆԵՆ ԿԱՍԵՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով կասեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը մինչեւ խախտման պատճառների վերացումը: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից մանրամասնում են.

 

  1. Միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու նպատակով անհրաժեշտ է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանից ստանալ՝

ազատման հրամանի պատճենը; հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը;  ընդունելության համար հիմք հանդիսացող փաստաթուղթը (ատեստատ, վկայական կամ դիպլոմ); ակադեմիական տեղեկանքը, որում նշված պետք է լինեն մինչեւ հրամանով ազատման պահը ուսումնասիրած առարկաները, դասընթացները, դրանց ժամաքանակը եւ գնահատականները, ինչպես նաեւ անցած պրակտիկաների մասին տեղեկությունը:

  1. Մինչեւ 2022 թվականի մարտի 25-ը ներառյալ` ուսանողները պետք է 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնեն այն ուսումնական հաստատություն (ցանկը կցվում է), որտեղ ցանկանում են շարունակել իրենց ուսումնառությունը:
  2. Ուսումնական հաստատությունները պետք է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողների ուսանողական իրավունքը վերականգնեն՝ համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանով հաստատված «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման» կարգի պահանջների՝ համաձայնեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ:
  3. Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի տնօրինությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գրությամբ տեղեկացվել է առ այն, որ մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուսանողին պետք է տրամադրի 1-ին կետով պահանջվող փաստաթղթերը, իսկ ակադեմիական տեղեկանքը ներկայացնի նաեւ նախարարություն:

Ներկայացվում է միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական այն հաստատությունների ցանկը, որոնցում կարող է կազմակերպվել սովորողների հետագա ուսումնառությունը:

Ն. Պ.

 

 

 

2 ՏԱՐԻ ՁԳՁԳՎՈՒՄ Է

Շուրջ երկու տարի է, ինչ չի ընդունվում «Սուարդի» ընկերության կողմից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքների կատարողական ակտը: Խոսքը Նոյեմբերյանի համայնքապետարանի վարչական շենքից մինչեւ Կողբ գյուղի ավտոգազալցավորման ճնշման կայան շուրջ 4 կմ հատվածի մասին է։  Քանի որ միջպետական ավտոճանապարհի այդ հատվածի կառուցապատման ակտը չի ընդունվել, երկու տարի պետական բյուջեից  նշված ավտոճանապարհի ձմեռային եւ ընթացիկ սպասարկման համար վճարումներ չի կատարվում նշված ճանապարհահատվածը սպասարկող ընկերությանը՝ Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ին։ «Սուարդի» բաժնետիրական ընկերության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ  «Արցախճան  ինստիտուտ» ՓԲԸ-ի, քաղաքացիական հայցով երրորդ անձ է ներգրավվել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Հայցով «Սուարդին» դատարանից խնդրել է «Արցախճան»  ՓԲԸ-ից բռնագանձել 22  միլիոն դրամ՝ որպես պատճառված վնասի գումար, «Արցախճան» ՓԲԸ-ին պարտավորեցնել հաստատել 2020թ. հուլիսի 6-ին կազմված եւ ներկայացված կատարողական ակտը։ Դատավոր Կ. Պետրոսյանը 2021թ. հունվարի 15-ին հայցադիմումը վարույթ է ընդունել։

2021թ. մարտի 1-ին «Արցախճան» ՓԲԸ-ի ներկայացուցիչը դատարան է մուտքագրել հայցադիմումի պատասխան։ 2021թ. մարտի 15-ին դատավոր Կ. Պետրոսյանի որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է, արգելվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախրարությանը լուծել «Սուարդի» ընկերության հետ 2019թ. սեպտեմբերի 23-ին կնքված պայմանագիրը մինչեւ վերջնական դատական ակտի կայացումը։ Քաղաքացիական գործը 2021թ. մայիսի 27-ն վերամակագրվել է դատավոր Ա. Բադիրյանին, այս գործով կայանում են նախնական դատական նիստեր։ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սողոյանին։ Նա հաստատել է, որ իրենց ընկերությունը տեխնիկական հսկողություն է իրականացրել միջպետական ավտոճանապարհի նշված հատվածի հիմնանորոգման վերաբերյալ, ընկերության հսկիչը հիմնանորոգման աշխատանքներում արձանագրած թերությունների պատճառով չի հաստատել աշխատանքների կատարողական ակտը, ակտը չի կարող ստորագրվել, մինչեւ այդ թերությունները չվերացվեն։ Ռ. Սաղոյանի խոսքով՝ «Սուարադիի»  ազգությամբ իտալացի ղեկավարն այդ կապակցությամբ  եղել է իրենց ընկերությունում, եւ նրա այցից հետո իրենց համար անսպասելի  էր նրանց կողմից դատական հայցադիմումը։ Ռ. Սողոյանի խոսքերով՝ իրենց ընկերության փաստաբանը վստահեցում է, որ իրենք բոլոր հիմքերն ունեն դատարանում հաղթելու։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս