«ԾԱՆՐ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով հեռուստաեթերում կլինի  «9-րդ դպրոց» նոր հումորային, ինչպես նաեւ դրամատիկ հեռուստաֆիլմը: Ֆիլմը բաղկացած է 24 մասից: Ֆիլմի սցենարիստ եւ ռեժիսոր Անուշիկ Պետրոսյանը ֆիլմի առաջին մանրամասները վստահել է ArmLur.am-ին:

 

Անուշիկ Պետրոսյանի նոր նախագծում խաղում են հայտնի դերասաններից Վաչե Ամարյանը, Սոս Կարապետյանը, Լեւոն Շառաֆյանը եւ Յուրա Իգիթխանյանը: Հայտնի դերասանների կողքին խաղում են նաեւ երիտասարդ դերասաններ, որոնք նոր են սկսել իրենց առաջին քալերն այս ասպարեզում:

«Ֆիլմը Ամերիկայում ապրող հայ երեխաների մասին է, ովքեր հաճախում են հայկական դպրոցներ եւ բախվում խնդիրների: Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Մարիամը, 8 տարեկան մի չարաճճի աղջնակ է, ով արդեն 9-րդ դպրոցն է փոխում իր վարքի պատճառով: Սա վերջին 9-րդ դպրոցն է, որտեղ տեղափոխվում է, եւ հենց դա է պատճառը, որ ֆիլմը կոչվում է «9-րդ դպրոց»: Դպրոց, որը փոխում է նրա եւ բոլորի կյանքը: Հաջորդ գլխավոր հերոսը 14-ամյա մի տղա է, ով հորը չի տեսել, տեղափոխվել է մայրիկի հետ Միացյալ Նահանգներ: Այնպես է ստացվում, որ հայրը նույնպես տեղափոխվում է Ամերիկա, սակայն հայր եւ որդի չեն ճանաչում միմյանց, եւ պատահականության արդյունքում հայրը նույն դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, ինչի մասին նա տեղյակ չէ, եւ ամբողջ դասարանով լավ գժվացնում են նրան»,- այս մասին մեզ հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը եւ հավելեց, որ fիլմում փորձել են պատկերել դպրոցական ընդհանուր կոլորիտը` համեմված արկածներով եւ հումորով:

Անուշիկ Պետրոսյանի խոսքով՝ նկարահանումներն անցել են բավականին ծանր, քանի որ գործ ունեին երեխաների հետ. «Մի կադրում 30 երեխա է նկարահանվել, դժվար էր 10 ժամ անցկացնել նկարահանման հրապարակում, չնայած որ երեխաները այնքան ոգեւորված են, որ տուն գնալ չեն ուզում: Նշեմ, որ նկարահանվել են «Պետրոսյան»-թատերական դպրոցի սաները»:

Նշենք, որ նոր նախագծի բեմադրող օպերատորը Ռոբերտ Խաչիկյանն է, ով ժամանել է Մոսկվայից, ռեժիսորը եւ սցերնարիստը Անուշիկ Պետրոսյանն է, իսկ պրոդյուսերը՝ Սոս Կարապետյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԴԱ ԻՄ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆՆ Է». ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Տեւական դադարից հետո հայտնի դերասան Արթուր Հակոբյանը կրկին կլինի հեռուստաեթերում: Նա նկարահանվել է նոր հումորային նախագծում՝ «Պլան Բ»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանը:

 

«Առաջարկներ եղել են, բայց ես ինքս չեմ ընդունել: Ինձ համար կարեւոր էր լինել մի նախագծում, որը մեծ հետաքրքրություն կվայելեր հեռուստադիտողի կողմից: Արդյունքում տուժեցինք ե՛ւ ես, ե՛ւ իմ հանդիստաեսը»,-անկեղծ նշեց մեր զրուցակիցը:

Արթուր Հակոբյանը «Պլան Բ» սիթքոմում նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանից. «Առաջին բանը, որ ուզել եմ, դա եղել է սցենարը: Ինձ համար կարեւոր է սցենարը. ինչքան էլ եթերում քիչ եմ հայտնվում, ամեն դեպքում, ամեն դեր չէ, որ կհամաձայնեմ խաղալ: Կերպարն ինձ դուր եկավ, փոքր կերպար է, բայց հետաքրքիր: Մարմնավորում եմ տան ախալքալաքցի աշխատաողներից մեկին, հումորային կերպար է: Չեմ ուզում շատ պատմել. մինչեւ եթեր չգնա, լիարժեք չի ընկալվի հեռուստադիտողի կողմից: Անկեղծ խոսելն էլ է բարդ: Հուսով եմ՝ սիթքոմը կսիրվի մեր հեռուստադիտողների կողմից»:

Դերասանի խոսքով՝ նկարահանումներն անցել են հետաքրքիր եւ ջերմ մթնոլորտում:

«Անկեղծ կլինեմ, ինձ համար տեւական դադարից հետո հետաքրքիր էր այս թիմի հետ աշխատելը: Ունեցել եմ կատարյալ ազատություն: Մի բան կասեմ՝ եթե դերը հավանեցիք, ուրեմն ես եմ  հաղթել, իսկ եթե չէ, ուրեմն իրենք են հաղթել, քանի որ չեն խոսել, ցուցումներ չեն տվել: Իհարկե, ամեն ինչ անում էի կոնտեքստի մեջ, բայց շատ մեծ իմպովիզացիաներով, որովհետեւ դա իմ թուլությունն է, եւ ուրախ եմ, որ դրա հնարավորությունը կար»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Լրահոս