ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՁՎԻ ՇՈՒԿԱՅԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ երեկ խորհրդարանում կազմակերպվել էր մասնագիտական քննարկում՝ ձվի շուկայի իրավիճակի հետ կապված։ Ի դեպ, քննարկման ընթացքում դաշտի հետ կապված մի շարք աղմկահարույց իրավիճակներ բացահայտվեցին: Պարզվեց՝ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը, որ ունի 40 եւ ավելի տոկոս ներկայացվածություն, միշտ տուժում է, եւ այն ընկերությունները, որոնք հավակնում են լինել այդպիսին, ապագայում են տուժելու: Արձանագրենք, որ եթե հավկիթի շուկայում որեւէ փոփոխություն չլինի առաջիկայում, Հայաստանը ձու արտադրողից վերածվելու է ձու ներկրողի: Քննարկման ընթացքում առաջարկներ հնչեցին, որից մեկն այն է, որ ձվի շուկա մտնող տնտեսվարողը լիցենզավորվի, որպեսզի Էկոնոմիկայի նախարարությունը նախապես պլանավորի եւ իմանա, որ նոր տնտեսվարող է մտնում, եւ ուսումնասիրի, թե նոր մտնողը ինչքան կարող է արտադրել, եւ շուկան որքան է զբաղված: Մյուս առաջարկն այն էր, որ դրոշմապիտակներ լինեն ձվերի վրա, որպեսզի ստվերի դեմ հնարավոր լինի պայքարել: Բանն այն է, որ դաշտում հայտնվել է նոր խաղացող, որի նկատմամբ բոլոր տնտեսվարողներն ունեն անվստահություն: Խոսքը «Շիրակ» թռչնաֆաբրիկայի մասին է: Ավելին՝ կասկածներ կան, որ իրենք ստվերում են աշխատելու եւ գաղտնի արտադրված կամ ներկրված ձու են հանելու վաճառքի, որը որեւէ կերպ չի վերահսկվելու, հետեւաբար դրոշմապիտակը լինելու է ամենամեծ գործիքը, որը կարող է խնդիրը կարգավորել: Մյուս կողմից՝ նկատենք՝ հանդիպմանը ներկա խոշոր արտադրող «Արաքս» թչնաֆաբրիկայի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենց ընկերությունն անընդհատ հարված է ստանում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից: Ստացվում է, որ մի գերիշխող դիրք ունեցողն անընդհատ տուժում է պետության կողմից, պետության գործողությունների արդյունքում, եւ պետությունը ավտոմատ տեղ է բացում մեկ այլ տնտեսվարողի համար, որպեսզի նա մտնի շուկա ու դառնա գերիշխող դիրք ունեցող: Այնուամենայնիվ, երեկվա քննարկմանը ներկա գրեթե բոլորի մոտ ակնհայտորեն տպավորություն էր, որ բոլոր պետական կառույցները աջակցում են «Շիրակ»-ին: նշենք, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան պատկանում է Նարեկ Նալբանդյանին, որը «փակովի» տարբերակով գնեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով եւ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի թակարժեք դղյակը:

 

 

 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջիկայում (գուցե հենց այսօր) նիստ է հրավիրելու, որին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, քննարկելու է եկող շաբաթ մեկնարկող խորհրդարանական քառօրյայի օրակարգն ու հստակեցնելու, թե որ նախաձեռնության մասով ինչ դիրքորոշում պետք է որդեգրեն: «Ակնկալում ենք, որ Փաշինյանը կխոսի նաեւ Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի մասին, քանի որ դրանք ոչ միայն հասարակության, այլ հենց խմբակցության ներսում են հարցեր առաջացրել: Պատգամավորները ցանկանում են առաջին ձեռքից տեղեկանալ, թե այդ առաջարկները Փաշինյանն ինչպես է մեկնաբանում»,- ասաց մեր զրուցակիցը: Տեղեկացանք նաեւ, որ ՔՊ-ական պատգամավորները հակված են նաեւ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ փակ նիստ հրավիրելու: «Քանի որ խմբակցության ներսում պատգամավորների մեծամասնությունը շատ բան չգիտի, անտեղյակ է, ու տեղեկությունները բացառապես մամուլից են իմնաում, հետեւաբար ցանկանում են գոնե փակ հանդիպումների ձեւաչափով հասկանալ, թե ինչ է սպասվում թե՛ իրենց, թե՛ բոլորիս առհասարակ»,- հավելեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով սկսվել է քննարկումների փուլը՝ հասկանալու համար, թե ի վերջո ում կամ ինչու պետք է մեղադրանք առաջադրվի: Ինչպես հայտնի է, այդ օրը խորհրդարանում վիճաբանություն էր տեղի ունեցել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջեւ: Ավելին, ԱԱԾ-ն արդեն հարցաքննել է ՔՊ խմբակցության պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին եւ Արմեն Խաչատրյանին: Ի դեպ, քրեական գործով ԱԱԾ-ն նաեւ հարցաքննել է Ազգային ժողովի աշխատակազմի տասնյակից ավելի աշխատակիցների: ԱԱԾ-ում արդեն միջադեպի բուն պատճառը հայտնի է. միջադեպը եղել է Հրաչյա Հակոբյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի միջեւ ոչ հաճելի դիմելաձեւի եւ արտահայտությունների հետեւանքով: ԱԺ պատգամավորները հարցաքննվել են վկայի կարգավիճակով: Նշենք, որ ԱԱԾ-ում քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ խուլիգանություն:

 

 

Չնայած նախկինում հնչած բազմաթիվ քննադատություններին՝ ՀՀ իշխանությունները չեն հրաժարվում մեկ անձից գնումներից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ կառավարության նիստում ընդունվել է մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու երկու որոշում: Դրանցից մեկը վերաբերում է «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ճանապարհահատվածի վերակառուցմանը: Իսկ մյուսն էլ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցմանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ հրատապ խնդիր է դարձել Վերին Խոտանան գյուղը շրջանցող եւ անհրաժեշտ տեխնիկական պայմանները բավարարող նոր ավտոճանապարհի կառուցումը, եւ նաեւ այդ պատճառով գնումը իրականացվում է արագ ընթացակարգով՝ մեկ անձից: Սա նույնն է, որ Կառավարությունը իր վստահելի, հարազատ, սիրելի կամ գուցե «փայատեր» ընկերությանը առանց մրցույթի գործ է պատվիրում եւ պետբյուջեից վճարում է դրա համար: Նախկինում Նիկոլ Փաշինյանն այս երեւույթներից բոլորի թիկունքում ատկատի մեխանիզմ էր փնտրում. հետաքրքիր է՝ հիմա ինչու է հանդուրժում ատկատի մեխանիզմի գործադրումը:




Լրահոս