Ադրբեջանի հանցավոր ու լկտի վարքագիծը ապտակ է ողջ քաղաքակիրթ մարդկությանը, որը շարունակում է համառորեն լուռ մնալ: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«20-րդ դարասկզբին Արցախի հայության նկատմամբ իրագործված ցեղասպանական գործողությունները, 1921թ. Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո արցախահայության նկատմամբ 70-ամյա հալածանքները, համակարգված խտրականության ու էթնիկ ատելության բացահայտ և ուղղորդված քայլերը, արցախահայության ազատ կամարտահայտությանը բռնանալու համար 1988թ.-ից Սումգայիթում, Բաքվում, Գանձակ-Կիրովաբադում և այլ բնակավայրերում կազմակերպված ցեղասպանական ակտերը, 1990-ականներին պարտադրված պատերազմը, 2016թ. ապրիլյան ագրեսիան, 2020թ. ռազմական հանցագործություններով ողողված 44-օրյա պատերազմը և 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր հանցավոր քայլերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման ծավալի հանցագործությունները կանխելու համար միջազգային հանրության կողմից տասնամյակների ընթացքում ձեռնարկված կոլեկտիվ միջոցառումները զրոյացնելու փորձեր են: Ադրբեջանը բացահայտ, հրապարակային կոնկրետ էթնիկ խմբի ոչնչացման, տեղահանման և հայրենազրկման «վարպետաց դաս» է տալիս աշխարհին, որը նույնիսկ զլանում է դատապարտող հայտարարություն անել: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը գրեթե ամեն օր զարգացնում է իր զինանոցը և հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները, այդ է պատճառը, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը, բացահայտորեն ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արդեն հանդգնում է զավթել խաղաղ բնակավայրեր, Արցախի 120.000 բնակչությանը թողնել առանց ջեռուցման ու տաք ջրի, բռնի տեղահանել նրանց. այսպես կարելի է անվերջ թվարկել»,-նշել է Արցախի ՄԻՊ-ը:
Գեղամ Ստեփանյանն ընդգծել է, որ գազամատակարարման դադարեցումը և դրանից բխող հումանիտար աղետն իր երկրի ներքին գործ համարելու վերաբերյալ ադրբեջանական կողմի պնդումների նման պնդումներ մեկ էլ անում էր Նացիստական Գերմանիայի ղեկավարությունը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ իրականացված զանգվածային հանցագործությունները արդարացնելու նպատակով։
«Միջազգային հանրության հարգելի ներկայացուցիչներ, փաստերն ու վկայություններն առավել քան բավարար են գործի դնելու համար ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, զանգվածային հանցավոր չարագործությունները կանխելու և դադարեցնելու համար ձևավորված «պաշտպանելու պատասխանատվության» նորմը, ճանաչել Արցախի Հանրապետությունը ու փրկել Արցախի հայությանը էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկվելուց: Այլ տարբերակ ուղղակի չկա, վերջապես հասկացեք, հանցագործին պատժում են, ոչ թե նրա հետ բանակցում»,-հավելել է Արցախի ՄԻՊ-ը: