ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է միջազգային հանրությունն արձագանքել Արցախի դեպքերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

Մարտի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայատարարություններով ամրագրված պարտավորությունները: Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին»,- ասված է հաղորդագրությունում։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր հերթին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ղարաբաղում գազամատակարարման խնդրին և հրադադարի խախմանը։

«Ռուսաստանը կապի մեջ է երկու կողմերի հետ։ Կոչ ենք անում շուտափույթ լուծում տալ շրջանի գազամատակարարման խնդրին: Համապատասխան աշխատանքներ են տարվում արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմի» գծով։ Մենք ելնում ենք նրանից, որ առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը չպետք է վատթարանա, հասարակ մարդիկ չպետք է տուժեն»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտմանը, ապա դրան պետք է գնահատական տան մեր խաղաղապահ ուժերը, որոնք ներկայում գտնվում են տարածաշրջանում։ Կրկնում եմ՝ իրավիճակն արդեն բարդ է, և կողմերի գործողությունները չպետք է սրեն այն»,- ասել է Մարիա Զախարովան։

«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և ադրբեջանական զորքերի տեղաշարժով». այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի ուղիները՝ անհապաղ ապաէսկալացիայի համար»,- նշվում է թվիթերյան գրառման մեջ։

Ուկրաինայի Գերագույն Ռադան գրառում է արել Թվիթերում՝ հայտարարելով, որ ««Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել»։

«Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում՝ օգտվելով Ռուսաստանի կողմից զինվորներին Ուկրաինա տեղափոխելու հանգամանքից»,-ասվում է Ուկրաինայի Գերագույն Ռադայի Թվիթերի էջում։

Հ.Գ. Ուկրաինայի Ռադան հեռացրել է իր գրառումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս