«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ՉՀԱՍՑՆԵԼՈՒՑ». ԻՌԵՆ ՈՒԼԻԽԱՆՈՎԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 16-ին պարուհի Իռեն Ուլիխանովան նշել է ծննդյան 39 տարեդարձը: Պարուհին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ տարեդարձը տոնել է ընտանիքի եւ իր հոգուն ամենահարազատ դաձած ընկերների հետ, չնայած որ ընկերներից մի քանիսը չեն կարողացել ներկա գտնվել. «Առհասարակ, մեր ընկերական շրջապատը շատ մեծ է, եւ միշտ այսպիսի ժամանակ դժվար է լինում տարանջատել՝ ում հրավիրել կամ չհրավիրել»:

 

-Իռե՛ն, իսկ ի՞նչ անակնկալներ են եղել Ձեզ համար անսպասելի:

-Այս տարի հատկապես բուռն էր ինձ համար անակնկալներով: Գիշերը անսպասելի եկան իմ ընկերները, ավագ խմբիս պարուհիները, անկեղծ չէի սպասում, շատ ուրախացա: Բազում ծաղիկներ, նվերներ են ուղարկել տուն: Նաեւ անակնկալ էր, որ Գլենդել քաղաքի խմբիս ծնողները եկան մեր տուն՝ շնորհավորելու, անկեղծ, շատ զարմացա եւ ուրախացա: Մի խոսքով, շատ ակտիվ, ուրախ ու պոզիտիվ օր եմ ունեցել:

-Ի՞նչ երազանքներ եւ նպատակներ ունեք: Արդյոք կա՞ մի բան, որը կարող է հետ պահել Ձեզ Ձեր նպատակից:

-Երազում եմ առողջություն եւ խաղաղություն լինի ամբողջ աշխարհում: Նպատակներս շատ են, մեծ են, բարդ են, բայց դանդաղ քայլերով գնում եմ այդ ուղղությամբ: Ինձ հետ պահել իմ նպատակից՝ կարող եմ միայն ես, եթե ինքս իմ մեջ անալիզ անեմ ու հասկանամ, որ սա այն չէ, ինչի համար արժե նպատակադրվել:

-Ձեր ամենառոմանտիկ երեկոն ինչպիսի՞ն եք պատկերացնում:

-Չեմ պատկերացնում, հերիք չի՝ ես ռոմանտիկ չեմ, Վահագը նույնիսկ այդ բառին ծանոթ չէ (ծիծաղում է):

-Խենթություններ հաճա՞խ եք անում:

-Ինձ շրջապատող մարդկանց եթե հարցնեք, բոլորը կասեն, որ խենթ ու խելառ եմ: Չգիտեմ՝ ինչից ելնելով են ասում, ուրեմն մի բան գիտեն, եւ մի բան կա:

-Երջանիկ է այն կինը, ով …

-Երջանիկ է այն կինը, ով ունի սիրող, գնահատող, անդավաճան ամուսին, լավ երեխաներ, առողջ ծնողներ, աշխատանք եւ լավ ընկերներ, իհարկե նաեւ շուն:

-Վախենում եք…

-Չհասցնելուց:

-Կինը իմաստուն է դառնում, երբ…

-Կինը կարող է իմաստուն այդպես էլ չդառնալ: Տարիներն առհասարակ կապ չունեն իմաստության հետ: Կարծում եմ՝ մարդիկ ներքին իմաստությամբ են ծնվում, ուղղակի ավելի արտահայտում է արդեն միջին տարիքում, երբ կյանքի բազմակի էտապներ անցած է լինում:

-Աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ…

– Աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ մարդը դադարի սիրել, երբ արեւը դադարի ջերմացնել, երբ մարդկային ագահությունը եւ չարությունը շատանա:

-Եվ Ձեր գործողությունները որո՞նք կլինեն այդ ժամանակ…

-Վերջին պարս կպարեմ՝ հարազատներով շրջապատված:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկեց  «Երեւանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը՝ նվիրված մայրաքաղաքի պատմությանն ու մշակութային ժառանգությանը:

 

ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության ԳՀԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը նշեց, որ աշխատաժողովի նպատակը Երեւանի պատմամշակութային ժառանգությանը առանձին անդրադառնալն է: Այստեղ ներառվել են Երեւանի պատմությանն առնչվող բոլոր փուլերը՝ վաղագույն փուլը, միջնադարը, նախախորհրդային եւ միջխորհրդային շրջանները:

«Փորձը ցույց է տալիս, որ մեր հայրենակիցները դեռեւս լավ կամ մանրամասն ծանոթ չեն քաղաքի պատմությանը, եւ սա լավ առիթ է՝ մեկ անգամ եւս անդրադառնալու մեր սիրելի մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգությանը: Ոլորտում խնդիրները շատ են, բայց ինձ համար շատ կարեւոր է, որ մեր համաքաղաքացիները ճանաչեն մեր պատմամշակութային ժառանգությունը: Առաջին հերթին խնդիրները բխում են այդ մշակութային շերտերը չճանաչելուց: Մենք հաճախ իսկապես շատ անբարեխիղճ ենք գտնվում մեր հուշարձանների նկատմամբ եւ հետո պահանջում ենք, որ այդ հուշարձանները պահպանվեն»,- ասաց Խաչիկ Հարությունյանը:

Անդրադառնալով պատմամշակութային շենքերի քանդմանն առնչվող հարցերին՝ նա  նկատեց, որ կան հատուկ մասնագիտական հանձնաժողովներ, որտեղ քննվում են  բոլոր նեղ մասնագիտական հարցերը:

«Մեր  կազմակերպությունը եւս ներգրավված  է նման մասնագիտական խորհրդում, եւ փորձում ենք  անել հնարավորինս պատմամշակութային նշանակություն ունեցող շենքերը պահպանելու ուղղությամբ»,- ասաց նա:

ԿԳՄՍՆ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը շեշտեց՝ միջոցառման կարեւորությունը նրանում է, որ Հայաստանի համար պատմամշակութային ժառանգությունն ունի այն նույն նշանակությունը, ինչ այլ երկրներ համար նավթը, գազը եւ ոսկին:

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿԸ

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի արտագնա խաղում։ «Կարեւորագույն 3 միավոր նվաճեցինք։ Հրաշալի է գալ Լոնդոն եւ հաղթել «Արսենալին», բայց այսպես գեղեցիկ հաղթելն առավել առանձնահատուկ է։ Մենք լավ սկսեցինք, հետո բաց խաղ էր։ Մրցակիցն էլ մի քանի գերազանց հատվածներ ունեցավ։ Ընդմիջումից հետո խլեցինք նախաձեռնությունը եւ հասանք մեր նպատակին։ Չեմպիոնական մրցավազքում շատ բան չի փոխվել։ Պետք է առաջ շարժվել եւ հաղթել, բայց դա հեշտ չէ։ Պետք է պահպանել ճիշտ մտածելակերպը»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։ Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլը» տարավ 9-րդ անընդմեջ հաղթանակը եւ 69 միավորով երկրորդն է՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ մնալով 1 միավոր։

 

 

ԳՈՀ Է

«Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատմել է Չավիի գլխավորած թիմում արագ հարմարվելու մասին։ «Կարծում էի, որ ժամանակ կպահանջվի նոր թիմում հարմավելու համար, բայց ես հենց սկզբից շատ մեծ աշխատանք կատարեցի, քանի որ ցանկանում էի անմիջապես հաջողության հասնել «Բարսելոնայում»։ Ես գոհ եմ իմ խաղից։ Թիմակիցներս էլ օգնում են։ Այսպիսի տաղանդավոր թիմի հետ ամեն ինչ շատ ավելի հեշտ է ստացվում»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Goal.com-ը։ Հունվարին «Արսենալի» հետ պայմանագիրը խզելուց եւ «Բարսելոնային» միանալուց հետո 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 9 հանդիպման, խփել 6 գոլ։

 

 

 

ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բարձր է գնահատել իսպանացի պաշտպան Սեսար Ասպիլիկուետայի դերն անգլիական ակումբում։ Ֆրանսիական «Լիլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» առավելության է հասել 2։1 հաշվով Ասպիլիկուետայի հաղթական գոլի շնորհիվ։ «Ասպիլիկուետան արդեն «Չելսիի» լեգենդն է, գերազանց մարդ եւ թիմի առաջատար։ Նա անում է այն, ինչ պետք է անի՝ անկախ ժամանակից եւ հանգամանքներից։ Նա շարունակում է պարտաճանաչ կատարել իր աշխատանքը նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ կատարյալ չի դասավորվում նրա համար։ Նա ամեն օր ցուցադրում է, թե ինչ է նշանակում լինել «Չելսիի» ավագը»,- Տուխելի խոսքը մեջբերում է լոնդոնյան ակումբի կայքը։ 2012 թվականից «Չելսիում» հանդես եկող Ասպիլիկուետայի պայմանագիրը կավարտվի այս ամռանը։ Սպասվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստն անվճար կմիանա «Բարսելոնային»։

 




Լրահոս