ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նշել է, որ Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Նա խորհրդարանում ներկայացնում էր 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» հարցը:
«Ադրբեջանում դեռեւս ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք: Եվ Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձեւաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի հարցը: Ադրբեջանը դեռեւս պահում է 38 անձի՝ ռազմագերի, պատանդ եւ այլ կարգավիճակով պահվող անձինք: 38-ից 3-ը քաղաքացիական անձինք են: Ուշագրավ է, որ 38-ից 2-ը գերեվարվել են նախքան նոյեմբերի 16-ը տեղի ունեցած էսկալացիան»,-նշեց Միրզոյանը: Միեւնույն ժամանակ երեկ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու եւ վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ եւ միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու եւ Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված եւ նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու եւ հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունում եւ ՀՀ-ում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3822 անձ։ 21.03.2022թ. դրությամբ անհայտ է 187 զինծառայողի եւ 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Այդ տվյալների համաձայն՝ մինչեւ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող եւ քաղաքացիական անձ։
Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաեւ այլ հարցերի: Միրզոյանը հիշեցրեց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշումները: Դատարանը հրատապ միջոցների կիրառմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին կանխել ազգությամբ եւ էթնիկ հայերին թիրախավորող ռասսայական ատելության եւ խտրականության հրահրումը եւ խթանումը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության դեմ:
Նախարարը շեշտեց, որ Ադրբեջանի մշակույթի նախարարի բարձրացրած մոտեցումներն այն մասին, որ պետք է ստեղծել հանձնաժողով, որը պետք է զբաղվի «աղվանական մշակութային կոթողների վերականգնմամբ», հրատապ է դարձնում հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ առաքելության գործուղումը ԼՂ: Եվ հայկական կողմն այս ուղղությամբ այժմ բանակցություններ է վարում:
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացն առանց նախապայմանների տանել առաջ եւ, ի վերջո, պսակել այն հարաբերությունների հաստատմամբ եւ երկրների միջեւ սահմանների բացմամբ», – ասաց Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումին իր եւ Չավուշօղլուի հանդիպմանը։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 10-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման հարցը։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐԸ ԿՓԱԿԵՆ
Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարը հայտարարել Է, որ ԵՄ ԱԳ նախարարները որոշում կընդունեն ռուսաստանյան նավերի համար նավահանգիստները փակելու եւ Ռուսաստանից Էներգակիրների ներմուծման արգելքի մասին: Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարությունների ղեկավարների խորհրդի սկսվելուց առաջ նա հայտարարել Է, որ ԵՄ ԱԳՆ-ի խորհրդի գլխավոր թեման լինելու Է Ուկրաինայի իրադրությունը եւ Ռուսաստանի հատուկ գործողությունը: «Պատասխանը պետք Է ընդհանուր լինի տնտեսական ոլորտում: Ուստի մենք կխստացնենք պատժամիջոցները եւ կփակենք նավահանգիստները: Մենք նաեւ կդիմենք Էներգակիրների ներմուծման արգելքի: Մենք նաեւ Ուկրաինային ցույց կտանք պարզորոշ եվրոպական հեռանկարը»,- հայտարարել Է Լոգարը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն նաեւ հատուկ ներկայացուցիչ կուղարկի, Սլովենիան իր ներկայացուցչին կուղարկի Կիեւ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանին զսպելու եւ թուլացնելու քաղաքականությունը Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը:
ՏԱՆԻՔԸ ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Երեկ Մարտունու շրջանի Եմիշճան համայնքում առատ ձյան տեղումների հետեւանքով մասնակի փլուզվել է բնակելի տան տանիքը. հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Տանտերերը՝ տարեց ամուսինները, գյուղի բնակիչների ուժերով տեղափոխվել են անվտանգ վայր: Տուժածներ չկան: Փլուզման հերթական ահազանգը ստացվել է ավելի ուշ: Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքում, առատ ձյան տեղումներով պայմանավորված, մասնակի փլուզվել է բնակելի մեկ տան տանիք: Մարդկային տուժածներ չկան: Ծովատեղում փլվել է նաեւ թվով 3 անասնաֆերմայի տանիք: Վնասների չափը ճշտվում է: Բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԵՆ ԾԵԾԵԼ
ArmLur.am-Ին հայտնի դարձավ, որ Էդգար Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, Առնակ Պողոսյանի եւ Ֆելիքս Գեւորգյանի հետ հանդիսանալով Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներ, 2021 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, թափառող կենդանիներ որսալու նպատակով այցելել են Երեւան քաղաքի Դավթաշեն գյուղի 3-րդ եւ 9-րդ փողոցների խաչմերուկ, որտեղ իրենց կողմից բռնած շանը բաց թողնելու հարցի շուրջ Վահագն Ներսիսյանի հետ առաջացած վիճաբանության ժամանակ Վ. Ներսիսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ Ա.Պողոսյանը եւ Ֆ. Գեւորգյանը դիտավորությամբ ձախ ձեռքով մեկ անգամ ապտակել է Վ.Ներսիսյանի աջ այտին:
Ավելի ուշ Է. Մարգարյանը բռնել է Վ. Ներսիսյանի աջ ձեռքը, մեկ անգամ հարվածել է նրա ծոծորակին՝ ճնշելով Վ. Ներսիսյանի պաշտպանվելու եւ դիմադրելու հնարավորությունը, որի ընթացքում Ֆելիքս Գեւորգյանը շուն որսալու համար նախատեսված խողովակով մի քանի անգամ հարվածել է Վ. Ներսիսյանի գլխի հարվածին, որից հետո Առնակ Պողոսյանը եւ Ֆելիքս Գեւորգյանը ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Վ. Ներսիսյանի գլխի հատվածին, այնուհետեւ Առնակ Պողոսյանը շուն որսալու համար նախատեսված խողովակով մեկ անգամ հարվածել է Վ. Ներսիսյանի ձախ նախաբազկի վերին հատվածին՝ վերջինիս պատճառելով առողջության թեթեւ վնաս՝ աողջության կարճատեւ քայքայումով, որը դրսեւորվել է գլխուղեղի ցնցման, ձախ գագաթա-քունքային շրջանի սալջարդ վերքի, կրծքավանդակի հետին մակերեսի արյունազեղումների, ձախ նախաբազկի քերծվածքի ձեւով: Այս գործով նածաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը դատարանում է:
ԽԱԹԱՐՎԵԼ Է «ՀԱՅՓՈՍՏ»-Ի ԱՇԽԱՏԱՆՔԸ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գարուշ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022 թվականի հունվարի 10-ին Երեւան քաղաքի Երվանդ Քոչար 1 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի 0070 բաժանմունքում բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել Զարինե Երեմյանի գլխին՝ անտեսելով իր ակնհայտ հղիության փաստը, բացահայտ ցինիզմով տեւական ժամանակ աշխատակիցների եւ իր հասցեին հնչեցրել սեռական բնույքի հայհոյանքներ, աշխատասեղանին գտնվող գույքը նետել իր ուղղությամբ, ինչից հետո, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խաթարել «Հայփոստ»-ի բնականոն աշխատանքը, կոտրել ՓԲԸ-ի գույքը՝ երկաթյա առարկաներ նետելով տեսանկարահանող սարքերի ուղղությամբ: