ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՒ-Ն ՏԵՂԱԿԱՅՎԵԼ Է ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզ (Ներքին Հանդ բնակավայր) գործուղված փաստահավաք խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետություն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

 

«Փաստահավաք աշխատանքի համար կարեւոր նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հավաքագրված տեղեկությունները, քանի որ մինչեւ հրապարակային ահազանգերի ստացումը Սյունիքի մեր մարզային ստորաբաժանման ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել Կապանի համայնքապետարանի, այդ թվում՝ Ներքին Հանդի վարչական ղեկավարի հետ։ Փաստահավաք աշխատանքային խումբը Ներքին Հանդ բնակավայր այցի ընթացքում հանդիպել է բնակավայրի վարչական ղեկավարի եւ բնակիչների հետ, տեղում դիտարկել է գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի ու Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից տարածքները եւ փաստագրել է բնակիչների իրավունքների իրացման խնդիրները: Զրույցների ու քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ Նոր Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի եւ Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022 թվականի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը եւ իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները նոր են։ Բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որեւէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել։ Ավելին՝ ըստ բնակիչների՝ ադրբեջանական զինծառայողներին առաջինը նկատել է գյուղի հովիվը։ Ստեղծված իրավիճակում կարեւոր է արձանագրել, որ Ներքին Հանդ բնակավայրի բնակիչների հիմնական զբաղմունքն է անասնապահությունը եւ հողագործությունը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել բնակավայրի գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի, եկեղեցին, գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաեւ մի քանի գյուղացիների վարելահողերը եւ այգիները։ Անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու համար։ Թեպետ գյուղում չկան խուճապային տրամադրություններ, սակայն գյուղացիներն անորոշ վիճակում են եղել ստեղծված իրավիճակի հետ կապված: Աշխատանքային խումբն արձանագրել է նաեւ, որ 2022 թվականի մարտի 16-ին Ներքին Հանդ բնակավայրում բնակիչների հետ հանդիպել են Սյունիքի մարզպետը եւ ՊՆ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ։ Բացի այդ, այս օրերին բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ են իրականացրել Կապան համայնքի ղեկավարն ու նրա տեղակալները։ Այցի ընթացքում աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել նաեւ Կապան համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզպետարանի եւ այլ իրավասու պաշտոնատար անձանց հետ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի արդյունքներն ու հետեւությունները, ինչպես նաեւ նշված եւ այլ խնդիրների լուծման առաջարկություններն ուղարկվել են Կառավարությանը։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հետամուտ լինել սահմանամերձ բնակավայրերի, այդ թվում՝ Ներքին Հանդի բնակիչների խնդիրների լուծման հարցերին»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

Ն. Պ.

 

 

ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻՑ ԸՆԿԵԼ Է ՈՒ ՄԱՀԱՑԵԼ

Մարտի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում:  Ժամը 21:30-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնել, որ կանչով մեկնել են Լենինգրադյան փողոցի սկզբնամասում գտնվող հասցեներից մեկը, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել մի քաղաքացու, որը, սակայն, իրենց ներկայությամբ մահացել է: Նրան նկատել են բազալտե աստիճանների մոտ՝ անօգնական վիճակում:  Պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ահազանգել շտապօգնություն, եւ ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն կարճ ժամանակ անց արձանագրել են նրա մահը:   Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու ինքնազգացողությունը աստիճաններով իջնելիս վատացել է, ապա սայթաքել է եւ վայր ընկել:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայող Ալբերտ Սիրոյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ: Հիշեցնենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա. Սիրոյանը մահացու վիրավորումը ստացել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակված կրակոցից: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ դատավարական անհետաձգելի եւ անհրաժեշտ գործողությունների արդյունքում ծառայակիցներից մեկը՝ մարտական դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը, ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԻ

Նախօրեին խոշոր փլուզում է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 07։45-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։ Տունն ամբողջովին փլուզված է, եւ փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։  Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը, պարզվում է։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի եւ տան սեփականատիրոջ ինքնությունը։  Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիների խոսքով՝ տունը, որտեղ որ տեղի է ունեցել պայթյուն-փլուզումը, գազաֆիկացված չի, երեւի գազի բալոնից է առաջացել պայթյունը:

 

 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Իջեւան խոշոր համայնքի սահմանամերձ Վազաշեն գյուղի վարչական ղեկավար, 1955թ. ծնված Լորիկ Բադիրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2008թ. մինչեւ 2021թ. հոկտեմբեր ամիսը հանդիսանալով Տավուշի մարզի Վազաշեն համայնքի ղեկավարը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածների ուժով լիազորված լինելով համայնքի ավագանու որոշմամբ եւ սահմանված պայմաններով  օտարելու կամ օգտագործման տրամադրելու համայնքի սեփականություն հանդիսացող գույքը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում դեռեւս 2007 թվականից հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրված լինելու, շահագործելու մասին, նպատակ ունենալով համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն  ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, Վազաշեն համայնքի ավագանու կողմից 2013թ.-ի դեկտեմբերի 11-ին կայացված թիվ 16 որոշմամբ 270 քառակուսի մետր հասարակական կառուցապատման տարածքը 26000 ՀՀ դրամ մեկնարկային գնով  աճուրդ վաճառքով օտարելու համաձայնություն տալուց հետո թույլատրել է  որդուն՝ Բագրատ Բադիրյանին մասնակցել 2014թ.-ի  հունվարի 13-ին հիշյալ հողատարածքի կայացվող աճուրդին եւ վերջինս աճուրդով 29860 դրամով գնել է վերոհիշյալ հողատարածքը։ Այնուհետեւ Բ. Բադիրյանը նշված հողատարածքը ամսական 60000 դրամ վարձավճարի դիմաց 7 տարի ժամկետով  վարձակալությամբ հանձնել է «Արմենիա տելեֆոն կոմպանի»  ՓԲԸ-ին, որի արդյունքում 2014թ.-ի նոյեմբերի 1-ից մինչեւ 2021թ.-ի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում հիշյալ կազմակերպությունից փաստացի սեփականություն  հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ստացել է 5040000 ՀՀ  դրամ վարձավճարի տեսքով շահույթ։

Լ. Բադիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն ազգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն  քրեական գործով  դատաքննությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան  քաղաքի  նստավայրում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս