ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր ծառայություն իրականացնելու ընթացքում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության տեսուչի կողմից մի քանի ավտոմեքենաների վարորդների՝ տրանսպորտային երթեւեկության կանոնների տարբեր խախտումներ հայտնաբերելուց հետո վարչական իրավախախտման տուգանքի չափի վերաբերյալ վարորդներին ուռճացված տեղեկություն հայտնելու, նրանց հետ համաձայնության արդյունքում իրավախախտման արձանագրության եւ որոշման թերի լրացված ձեւաթղթերի հիման վրա տուգանքը տեղում գանձելու պատրվակով ՃԵ կանոնների խախտումն օրենքով նախատեսված կարգով արձանագրելու պատրանք ստեղծելու նպատակով վարորդներից տարբեր չափերի գումարներ ստանալու փաստը: Այս մասին հայտնում է Դատախազությունը։
Պարզվել էր նաեւ, որ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների եւ վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում իրականացնելու, արձանագրությունների ձեւաթղթերը տեսուչին հանձնելու եւ լրացված արձանագրությունները նրանից ստանալու գործընթացը պատշաճ կարգավորված չէ, բացակայում են վերահսկողության բավարար մեխանիզմները: Քանի որ այս թերությունները հանցագործության կատարման նպաստավոր հանգամանք են հանդիսացել, ՀՀ գլխավոր դատախազը դրանք վերացնելուն ուղղված միջնորդագիր էր հասցեագրել ՀՀ ոստիկանապետին: Արդյունքում ոստիկանությունում ձեռնարկվել են խնդրի կարգավորանն ուղղված գործնական քայլեր: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության պետի պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ քրեական գործով հաստատված խախտումները եւ դրանց պատճառները պարզելու, ինչպես նաեւ դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու եւ խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը լուծելու համար ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն: Դրա արդյունքում վերոնշյալ հանցավոր խախտումները թույլ տված տեսուչը ոստիկանապետի հրամանով ազատվել է ծառայությունից: Բացի այդ, խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների եւ վարչական տուգանքների վճարման անդորրագրերի հաշվառում եւ դրանց նկատմամբ պատշաճ եւ ամբողջական վերահսկողություն իրականացնելու, այդկերպ ոլորտում հնարավոր հանցավոր դրսեւորումները բացառելու նպատակով ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողների գործառույթային պարտականություններում կատարվել է փոփոխություն: Արդյունքում խիստ հաշվառման ձեւաթղթերի հանձնման եւ ընդունման հսկողության պարտականությունը դրվել է դասակների հրամանատարների վրա: Խիստ հաշվառման վերոնշյալ փաստաթղթերի պատշաճ հաշվառում անցկացնելու նպատակով Պարեկային ոստիկանությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորումներ, որոնք մոտ ժամանակահատվածում կներդրվեն պարեկային ծառայողի լրակազմում: Իսկ ներկայում իրականացվում է իրավասու պարեկային ծառայողների վերապատրաստում այդ սարքավորումներով վարչական իրավախախտման արձանագրությունների արձանագրում իրականացնելու եւ տուգանքների վճարման անդորրագրերը իրավախախտում թույլ տված անձանց տրամադրելու ուղղությամբ:
Ն. Պ.
ԽԱՂԱՂՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԹԵԼԱԴՐՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, բա մեր գերիների մասով պահանջատիրությո՞ւնը, մոռացե՞լ ենք նրանց մասին, որտե՞ղ է Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիայի պայմանը, տեղահանվածների ճակատագրի հարցը։ Մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը մխրճվեցին Սյունիք եւ Գեղարքունիք, նոյեմբերի 26-ին հաստատվեցին Սյունիքի որոշ տարածքներում, որեւէ տեղեկություն ունե՞նք՝ արդյոք Հայաստանի սուվերեն տարածքում են շարունակելու մնալ ադրբեջանական ուժերը, թե ոչ։ Ի վերջո խաղաղությո՞ւն, թե՞ Ադրբեջանի կողմից թելադրված պայմանների ընդունում։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ ԼՂ հիմանխնդիրը մեզ համար տարածքային հարց չէ, այլ իրավունքների: Պրն նախարար, իսկ պատկերացնո՞ւմ եք արդյոք, որ արցախցու իրավունքները կարող են պաշտպանված լինել, եթե Արցախը Ադրբեջանի կազմում լինի»։
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններում առկա որոշ առանցքային հարցեր պետք է որոշվեն նախագահների մակարդակով։ Այս մասին թուրքական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է Hurriyet պարբերականի հետ զրույցում։ «Տեղի է ունենում երկու կողմերի տեսակետների մոտեցում առանցքային հարցերի շուրջ։ Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ նրանք համարյա թե պայմանավորվել են չորս կետերի հետ կապված։ Որոշ հարցեր պահանջում են լուծումներ պետությունների ղեկավարների մակարդակով»,- ասել է նախարար Չավուշօղլուն։ Համաձայն թուրքական կողմի՝ այդ չորս կետերը, որոնց հետ կապված Մոսկվան եւ Կիեւը համարյա թե կարողացել են համաձայնության գալ, հետեւյալն են՝
l Ուկրաինայի չեզոք կարգավիճակ եւ ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարում,
l Ուկրաինայի ապառազմականացում եւ անվտանգության փոխադարձ երաշխիքներ,
l Ուկրաինայի ապաազգայնականացում,
l Ուկրաինայի տարածքում ռուսաց լեզվի կիրառությունը սահմանափակող օրենքներից հրաժարում:
Կան եւս երկու հարցեր՝ Դոնբասյան հանրապետությունների կարգավիճակը եւ Ղրիմի պատկանելության հարցը, որոնց հետ կապված կողմերի մոտեցումները դեռ բավարար չափով չեն համապատասխանում։
ԿԱՍԵՑՎՈՒՄ Է
Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ եղանակային աննախադեպ պայմաններից ելնելով՝ նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը կասեցվում է մինչեւ մարտի 23-ը ներառյալ։ «Հանրակրթական, նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են հաջորդող մեկ ամսվա ժամաքանակների վրա», – նշված է Արցախի ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՐԻՔ
Իջեւան խոշոր համայնքի Լուսահովիտ գյուղը մեծ պատմություն չունի։ Մոտ մեկ դար առաջ Խաշթառակ գյուղից մի քանի ընտանիք բնակություն է հաստատել այդտեղ, այն կոչվել է Ծվիզ, հանդիսացել է Խաշթառակ գյուղի թաղամաս։ 1991թ. այն դարձել է առանձին բնակավայր, կոչվել Լուսահովիտ։ Այժմ Լուսահովտում ապրում է գրեթե 400 մարդ։ Այնտեղ չի գործում ո՛չ նախակրթարան, ո՛չ մանկապարտեզ։ Լուսահովտի հիմնական դպրոցն ունի 30 աշակերտ, դպրոցի շենքը գտնվում է վատթար վիճակում։ Այդ մասին պատմեց դպրոցի տնօրեն, ծագումով Շամխորի շրջանից, Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի բնակիչ Սերգեյ Թայիրյանը, ով արդեն 6 տարի ղեկավարում է Լուսահովտի դպրոցը։ Նա նաեւ դպրոցում ֆիզիկա եւ նախնական զինվորական պատրաստություն է դասավանդում։ Ս. Թայիրյանը հայտնեց, որ Լուսահովտի դպրոցի շենքի կեսը կառուցվել է 1949թ. իսկ ուսուցչանոցի մասը՝ 1975-ին։ Դպրոցը ջեռուցվում է փայտով գործող վառարաններով։ Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը Ս. Թայիրյանին հայտնել է, թե հարկ է փոխել դպրոցի ջեռուցման համակարգը, սակայն դպրոցի տնօրենը առարկել է, քանզի այդ դեպքում դասասենյակներում ջերմությունը չի պահպանվի, դպրոցը չունի միջանցքներ, դասասենյակների դռները բացվում են դեպի դուրս, ուսուցչանոցից դասասենյակներ գնալիս ուսուցիչները քայլում են դրսում։ Լուսահովտի դպրոցը նախկինում չի հիմնանորոգվել, դպրոցի միջոցներով դռները եւ պատուհանները փոխել են։ Խնդիրը կարող է լուծվել 100-տեղանոց դպրոցական նոր շենք կառուցելու միջոցով, որտեղ կտեղավորվեն նաեւ աճող գյուղի նախակրթարանը, մանկապարտեզը։ Այս խնդիրը Ս. Թայիրյանը տարիներ շարունակ ներկայացրել է Տավուշի մարզպետներին, ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաներին։ Նա հիմնահարցի մասին տեղեկացրել է նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին, ով ասել է, որ Լուսաձորում դպրոցի շենքի կառուցումը առկա է պետական պլանում, սակայն հերթը Լուսահովտին չի հասել։ Որպես կառուցվելիք դպրոցի տեղ դիտարկվում է Լուսահովտի գյուղապետարանի հետեւի տարածքը: Ս. Թայիրյանը հայտնեց, որ դպրոցի ներկայիս տեղը եւս հարմար է դրա համար, եթե տարածքը բարեկարգվի, հենապատ կառուցվի։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Ս. Թայիրյանին ասել է, որ դպրոցի շենքի կառուցման նախահաշիվ կազմի։ Դպրոցի տնօրենը մտավախություն ունի, որ եթե կրթօջախի տնտեսված միջոցների հաշվին նախահաշիվ պատվիրեն, 5 տարում դպրոցի շենքը չկառուցվի, այդ գումարը իզուր կծախսվի։ Տավուշի մարզպետարանի պաշտոնական, ինտերնետային կայքում Լուսահովտի դպրոցի մասին գրված է՝ դպրոց՝ 52 աշակերտական տեղով, աշակերտների թիվը՝ 18։ Դա վկայում է, թե մարզպետարանում որքանով են տեղյակ Լուսահովտի դպրոցի մասին։ Ս. Թայիրյանն ասաց, որ ուսումնական լաբորատորիաներ պետք է կահավորեն, սակայն տեղ չկա, գրադարանի սենյակը դատարկել են, գրքերը տեղավորել կես սենյակում, ազատված տարածքում մի լաբորատորիա կտեղավորեն, իսկ մնացած լաբորատորիաները չգիտեն՝ որտեղ տեղավորել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ