ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի՝ Նոուրուզի օրերին, մեծ թվով զբոսաշրջիկներ են Հայաստան գալիս ինչպես ցամաքային, այնպես էլ օդային տարածքով։ Այս տարի կրկին ակտիվություն է ակնկալվում այդ ուղղությամբ։ Ամրագրումները կան, Հայաստան ուղեւորվողները՝ նույնպես, սակայն Հայաստանում առատ տեղումները որոշ դժվարություններ են ստեղծել ցամաքային հատվածով Իրանից եկած զբոսաշրջիկների տեղաշարժի հետ կապված։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ տրանսպորտային ընկերությունների կողմից կան ահազանգեր, որ շատ ճանապարհներ դժվարանցանելի են։ «Ճանապարհների մաքրման կառույցների հետ կապը կա, արագ արձագանքում են, սակայն կարծես թե քիչ է։ Միգուցե նոր ուժեր ներգրավելու անհրաժեշտություն կա։ Անհրաժեշտ է, որ բոլոր պատասխանատու կառույցները, մասնավոր հատվածն արագ արձագանքեն աշխատանքները պատշաճ իրականացնելու համար։ Շատ կարեւոր է կապը եւ հասանելիությունը։ Ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք շուտափույթ հարցը լուծել, այլապես բոլոր պլանավորված այցելությունները կխափանվեն։ Պետք է թույլ չտալ, որ զբոսաշրջիկները հիասթափություն ապրեն»,- ասել է Մեխակ Ապրեսյանը։

Ըստ նրա՝ Սյունիքում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որպեսզի իրանցի զբոսաշրջիկներին կարողանան տեղավորել հյուրանոցներում, մինչեւ ճանապարհները բացվեն։ Ինչ վերաբերում է Իրանից օդային տարածքով եկող զբոսաշրջային հոսքին, ապա Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այստեղ խնդիրներ, զանգեր չկան։ Այսօրվա դրությամբ ինչպես թռիչքները պլանավորվել էին, այնպես էլ իրականացվում են։

 

 

 

ՇՄՈԼ ԳԱԶԻՑ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

Ստեփանակերտում շմոլ գազի թունավորման դեպք է գրանցվել, ինչի հետեւանքով 3 անձ է հոսպիտալացվել. տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Հանրապետական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտի բնակիչներ Ն.Հ.-ն (ծնված 1951թ.) եւ Մ. Պ.-ն (ծնված 1992 թ.) իսկ ժամը 14:20-ին՝ նույն հասցեի բնակիչ Մ. Հ.-ն (ծնված 1969թ.):

Պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 13:40-ի սահմաններում, իրենց տան բաղնիքում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Նրանցից 2-ի առողջական վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք. նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:




Լրահոս