«ՍԱ ԻՄ ՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է». ՆԱԻՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրս շատ սիրուն է անցել, ստացել եմ անթիվ շնորհավորանքներ, ծաղիկներ եւ շատ շնորհակալ եմ, որ իմ կողքին ունեմ նման մարդկանց: Անկեղծ ասած, ինձ համար դժվար է Ամերիկայում հարմարվել ժամանակային տարբերությանը, եւ փորձեցի առաջինը ես ինքս ինձ ուրախացնել: Պատրաստեցի ինձ համար գեղեցիկ, փոքրիկ սեղան,  մոմ վառեցի, երազանք պահեցի եւ ինքս ինձ շնորհավորեցի»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Նաիրա Մովսիսիյանը:

 

Նշենք, որ դերասանուհին մարտի 16-ին  հայրենիքից հեռու՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նշել է ծննդյան 34-ամյակը: Նաիրան ասաց, որ տարեդարձը նշել է մի քանի օր հետո ընկերների հետ:

Ձեզ երջանիկ կին համարում եք հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Նայում եմ իմ կյանքի ընթացքին՝ վայրէջքներին եւ վերելքներին, իմ կյանքի ընթացքին, երբ տեսնում եմ մարդկանց ջերմությունն իմ հանդեպ, հասկանում եմ, որ այո՛, ես երջանիկ եմ, որ սիրված եմ»:

Անդրադառնալով կյանքի մարտահրավերներին՝ Նաիրան նշում է, որ երբեք չի մտածել, որ կյանքն իրեն մարտահրավերներ է նետում:

«Ես միշտ ասել եմ՝ Աստված տալիս է  ճանապարհ, եւ ընտրողը դու ես: Դա օգնում է, որ հաղթանակած դուրս գամ, քանի որ շատերի համար այն ամեն, ինչը ես անում եմ, սարսափելի բարդ է, իսկ ինձ համար դա ամենահեշտն է ստացվում»,-ընդգծում է նա:

Եվ զրույցի վերջում Նաիրան պատասխանել է մեր ավանդական դարձած հարցին:

-Նաիրա՛, եթե այսօրը լիներ ձեր կյանքի վերջին օրը ի՞նչ կանեիք:

-Հարցը կարդալուց արդեն մարմնովս սարսուռ անցավ, քանի որ սարսափելի վախենում եմ: Ժամանակն իմ միակ թշնամին է, եւ Աստված չանի՝ գա այն օրը, որ ես գիտակցեմ, որ սա իմ վերջին օրն է: Երեւի վախից արդեն կմահանայի:

Նշենք, որ ծննդյան առթիվ Նաիրան համացանցում հուզիչ գրառում էր կատարել. «Այս տարի յուրահատուկ էր ոչ միայն նրանով, որ յոթ օր յոթ գիշեր ծնունդ նշեցինք, այլ նրանով, որ, բացի իմ գանձ մամայից եւ Հայաստանում բնակվող հարազատներից, վերջապես կարողացա ուրախությունս կիսել իմ ամերիկաբնակ ջիգյարների հետ, իմ անդավաճան հարազատների հետ: Ես սիրում եմ իմ տարեդարձը եւ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ համար առանձնահատուկ, յուրօրինակ ընտանիք է առանձնացրել, որ երջանկացրել է ինձ՝ տալով իմ մամային ինձ՝ որպես ծնող եւ ընկեր, քննադատ եւ բարեկամ, միակ եւ անկրկնելին, ով միշտ, ինչ էլ անեմ, կողքիս կանգնած է, իմ կայուն հենասյունն է: Այո՛, ես երջանիկ մարդ եմ եւ հաջողակ եւ բոմբ դրական աստղի տակ ծնված: Ես չգիտեմ՝ ինչ եմ արել կյանքում, որ Աստված այսքան շատ է ինձ սիրում եւ շռայլում աննկարագրելի հետեւորդներ, հեռուստադիտող, հանդիսատես, հարազատ, բարեկամ եւ ընկերներ»:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ՔՈՉԱՐԻ ԵՎ ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ

«Քոչար-Թութունջյան, Թութունջյան-Քոչար» ցուցահանդեսում ներկայացված են հայ արվեստի երկու արդիական եւ նորարար արվեստագետների բնօրինակ գործեր՝ յուղաներկ, գրաֆիկ աշխատանքներ, քանդակներ, բացառիկ արխիվային նյութեր: Ցուցադրությունը, որը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ծրագրի շրջանակում, բացվեց մարտի 18-ին Երվանդ Քոչարի թանգարանում:

 

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարն ասաց, որ ցուցադրությունը նվիրված է երկու շատ արդիական արվեստագետներին, որոնց ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական մշակույթին:

«Երկու արվեստագետներն էլ  ապրել եւ ստեղծագործել են Ֆրանսիայում մոտավորապես 20-ից 30-ական թվականներին: Հեղինակները Ֆրանսիայում հաճախակի ունեցել են համատեղ ցուցադրություններ: Նրանք  ունեցել են ջերմ հարաբերություններ եւ միասին բազմիցս պայքարել են իրենց սկզբունքները առաջ մղելու համար»,-ասաց թանգարանի տնօրենը:

«Շեդեվր» պատկերասրահի տնօրեն Աբրահամ Գրիգորյանը նշեց, որ ցուցադրությունը բացառիկ է նրանով, որ Քոչար-Թութունջյան ցուցադրություն  երբեւէ չի եղել Հայաստանում, ինչն արդեն ինքը իրենով առանձնանում է: «Կարող եմ ասել, որ  այն  միջազգային մակարդակի ցուցահանդես է, եւ այստեղ երկու հեղինակներ են, որոնք  ներկայացված են Փարիզի կենտրոնական թանգարանում՝ Դալիի, Պիկասոյի եւ շատ այլ հայտնի հեղինակների կողքին»,- ասաց նա:

Ներկայացվեցին նաեւ Թութունջյանի եւ Քոչարի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված ժամանակակից ինստալյացիաներ (հեղինակ՝ Աշոտ Մարաբյան), որոնք առավել ընկալելի ու ազդեցիկ դարձրին մեծ արվեստագետների գաղափարներն ու նրանց արդիականությունն անգամ մեր օրերում՝ մոտ 100 տարի անց:

Ցուցահանդեսը կյանքի կոչվեց Երվանդ Քոչարի թանգարանի եւ «Շեդեվր» պատկերասրահի նախաձեռնությամբ: Քաղաքացիները ցուցադրությունը հնարավորություն կունենան վայելելու 10 օր:

 

 

ԴՈՒԲԼԻ ՀԵՂԻՆԱԿ

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալին» 4։0 հաշվով հաղթելուց հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հանդերձարանում մեծ ցնծությամբ նշել են հաջողությունը։  Հիշեցնենք, որ դուբլի հեղինակ է դարձել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, աչքի են ընկել նաեւ ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն եւ իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։ «Ռեալը» (29 խաղ) 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից» (29 խաղ)։ «Բարսելոնան» (28 խաղ) երրորդն է՝ 54 միավոր։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող «Աթլետիկոն» (29 խաղ)։

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Բրյուգե»-«Գենկ» խաղի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը շարունակում է հաջող ելույթները «Բրյուգե»-ի կազմում: Բելգիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Բրյուգե»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Գենկ»-ին եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին եւ հանդիպման 74-րդ րոպեին խփած գոլով նպաստեց «Բրյուգե»-ի հաղթանակին: Ադամյանը «Բրյուգե»-կազմում անցկացրած 8 խաղում խփում է արդեն իր 5-րդ գնդակը:

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում տեղի ունեցավ հռոմեական դերբին, որտեղ «Ռոման» 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լացիոյի» նկատմամբ:   Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: Ընդ որում, դուբլի հեղինակ դարձած անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը խաղի հաշիվը բացեց 56-րդ վայրկյանին, եւ դա հռոմեական դերբիի պատմության մեջ ամենաարագ խփած գոլն է։ «Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ ամբողջ հանդիպումն անցկացրեց առանց փոխարինման:   Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 51 միավոր եւ շրջանցելով «Լացիոյին», բարձրացավ 5-րդ հորիզոնական:




Լրահոս