ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով հանգամանքը, որ 44-օրյա պատերազմից հետո թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը խոսում են խաղաղություն հաստատելու մասին, ու թեեւ Ադրբեջանը շարունակում է կրակել եւ զոհեր պատճառել հայկական կողմին, այնուամենայնիվ, մարտի17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների տեսակետը գործընթացների վերաբերյալ: Այս կապակցությամբ մի քանի հարց ենք ուղղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին.

  1. Խաղաղության պայմանագրի գործընթացի մասին ձեզ ի՞նչ է հայտնի:
  2. Ըստ Ձեզ՝ Ադրբեջանը պատրա՞ստ է այս փուլում առանց նախապայմանների խաղաղություն հաստատել:
  3. Երկու երկրների միջեւ խաղաղություն հաստատման համար ձեր պատկերացրած մեխանիզմները կամ ճանապարհային քարտեզը ո՞րն է:
  4. Դեռեւս նախորդ տարվա մայիսից ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքի ճակատագիրն ի՞նչ է լինելու, ջանքեր գործադրո՞ւմ եք նրանց՝ Հայաստանի սուվերեն տարածքից հեռացնելու ուղղությամբ
  5. Սահմանազատում ու սահմանագծում անելիս Հայաստանն ու Ադրբեջանն անվտանգության գոտի պե՞տք է ունենան:
  6. Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի կարգավիճակը, քանի որ խաղաղ համակեցություն Ադրբեջանի կազմում ուղղակի հնարավոր չէ, ինքնորոշված արցախցիները դա կտրուկ չեն ուզում:

Այս հարցերին «Ժողովուրդ» օրաթերթը ընդհանրական պատասխան է ստացել ԱՄՆ դեսպանատան կողմից, որը ներկայացնում ենք առանց կրճատման. «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում։ Մենք` որպես Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանին ու Ադրբեջանին կոչ ենք անում շարունակել ու ընդլայնել դիվանագիտական շփումները՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին։ Առաջարկում ենք նաեւ ծանոթանալ վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի հետ պետքարտուղար Բլինքենի ունեցած վերջին հեռախոսազրույցների մամլո հաղորդագրություններին»։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստի ժամանակ իշխանավորները մի քանի հարցեր են քննարկել: Ճիշտ է՝ հատուկ պայման են դրել ու պայմանավորվել միմյանց հետ, թե նիստի մանրամասներն իրենց ներսից դուրս չի գալու, բայց «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես, ՔՊ-ականները վարչապետի հետ քննարկել են Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկները, բայց, մեր տեղեկություններով, այս մասով Փաշինյանը որեւէ վերջնական ու հստակ բան չի ասել թիմակիցներին: Իշխանականների քննարկելիք գլխավոր թեմաներից է եղել նաեւ այն, թե այսօր՝ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ, ՔՊ-ականներից ով ինչ հարց է տալու Փաշինյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օրակարգային կարեւոր հարցերի մասին ՔՊ պատգամավորները հարց ուղղեն Փաշինյանին՝ կանխելով ընդդիմադիր պատգամավորների հավանական «ցավոտ» հարցերը: Անդրադարձ է եղել նաեւ Արցախում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խոչընդոտմանը: Որոշել են, որ այդ մասին հայտարարություններ անելիս առավել քան զգույշ պետք է լինեն՝ զերծ մնալով կոշտ ու սուր ելույթներից: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հետ հաջորդ հանդիպմանը, որ տեղի կունենա Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումից հետո: ԱԺ մեծամասնականները հույս ունեն, որ այդ ժամանակ իրենց առաջնորդը մի շարք հարցերի մասով առավել հստակ ու կոնկրետ դիրքորոշում կհայտնի:

 

 

 

Արմավիրի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի խնամի Ռուբեն Խլղաթյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարությանը եւ ՀՀ պրոբացիոն ծառայությանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին քաղաքապետը պահանջել է, որ դատարանը ստիպի նախարարությանը եւ ծառայությանը բարենպաստ վարչական ակտ կայացնել եւ իրեն  թույլատրել յուրաքանչյուր տարի՝ 2022 թվականի մարտի 15-ից մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 30-ը, ութ ամիս ժամկետով մեկնել Ղազախստանի Հանրապետության Ակմոլինսկի մարզի Արշալինսկի շրջանի Արշալի ավան: Պատճառը նշված չէ։ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը որոշում է կայացրել պարտավորեցնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը կայացնել վարչական ակտ՝ Ռուբեն Խլղաթյանին թույլատրելով յուրաքանչյուր տարի՝ 2022թ.-ի մարտի 15-ից մինչեւ 2025թ.-ի նոյեմբերի 30-ը, ութ ամիս ժամկետով մեկնել Ղազախստանի Հանրապետության Ակմոլինսկի մարզի Արշալինսկի շրջանի Արշալի ավան: Հավելենք, որ որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից, բողոքարկման ենթակա չէ, եւ ավելին՝ ենթակա է անհապաղ կատարման:

 

 

 

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է արել Հայաստանի շուրջ սպասվող զարգացումների մասով: Ըստ այդ կանխատեսումների՝ Հայաստանի տնտեսության վրա բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի շուրջ կատարվող իրադարձությունները: Մասնավորապես, Հայաստանի համար ռիսկային է այն, որ պետական պարտքի կազմում արտարժույթի տեսակարար կշիռը շարունակում է մեծ մնալ, այդուհանդերձ, երկիրը, ըստ Fitch-ի, առաջիկայում վճարունակության խնդիրներ չի ունենա։ Նկատենք, որ 2021 թվականի դրությամբ Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի ապրանքների արտահանման 28%-ը, ներմուծման 37%-ը, զբոսաշրջային հոսքերի, օտարերկրյա ուղղակի ներդրումների եւ դրամական փոխանցումների 40%-ը: Նաեւ կանխատեսվում է, որ տրանսֆերտների՝ դրամական փոխանցումների սպասվող կրճատմանը զուգահեռ՝ Հայաստանում տնային տնտեսությունների կողմից սպառումը կկրճատվի՝ բացասաբար ազդելով տնտեսական աճի վրա։ Ըստ նրանց՝ 2022 թվականին գնաճը Հայաստանում կկազմի միջինում 8.5%, որը բարձր է Կենտրոնական բանկի նախանշած թիրախից՝ 4% +/- 1.5%-ից։ Իսկ 2023 թվականի համար գործակալությունը կանխատեսում է  5% գնաճ։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 6.5%, հունվարին՝ 7.1%:




Լրահոս