«ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏՎԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանն ասում է, որ հայ- ադրբեջանական հարաբերությունների մասին լուրերը տագնապալի են: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իշխանության՝ «խաղաղության դարաշրջան բացելու» թեզին, նշեց. «Ոչ ոք չի ասում, թե խաղաղությունը վատ բան է, պարզապես պետք է հասկանանք՝ երբ ու ինչպիսի խաղաղություն է մեզ պետք»:

 

-Արդյոք Արցախի հետագան Ադրբեջանի կազմում հնարավո՞ր է, թե՞ ոչ: Սա ի՞նչ դիսկուրս է:

-Ինձ թվում է՝ արհեստական դիսկուրս է: Նախ շեշտեմ, որ ես 2020 թվականի նոյեմբերից հրաժարական եմ ներկայացրել եւ որեւէ առնչություն չունեմ դիվանագիտական աշխատանքների հետ այս փուլում: Հիմա զբաղվում եմ  գիտամանկավարժական գործունեությամբ: Տեղեկացված եմ այնքանով, որքան հասանելի է մամուլում: Առկա փաստերը բավականին  տագնապալի են ինձ համար: Իմ համոզմունքը եղել է եւ կա, որ Արցախը պետք է լինի անկախ, այսինքն՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է լիարժեք իրագործվի: Այլ լուծում ես այս հարցում չեմ տեսնում:

-Ասացիք՝ տագնապներ եք տեսնում. որո՞նք են դրանք:

-Այն լուրերը, որոնք առկա են, իհարկե տագնապալի են: Թե ինչ պետք է անի իշխանությունը, չեմ ցանկանում իրենց խորհուրդ տալ: Կարծում եմ՝ իրենք բավականաչափ հնարավորություններ ունեն քայլեր ձեռնարկելու: Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա մենք պետք է մեր դիրքորոշումը միանշանակ եւ հստակ կերպով հայտնենք:  Չեմ կարծում, որ այս հարցը պետք է թողնել այս կամ այն քաղաքական ուժի մենաշնորհ: Յուրաքանչյուրս պետք է այս հարցին պատասխան տա, թե ինչպիսի Հայաստան եւ ինչպիսի Արցախ է պատկերացնում:

-Անկախ դիվանագիտությունից՝ պատրա՞ստ են այդ երկխոսությանն ու խաղաղությանը՝ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա:

-Չեմ կարծում, այսինքն՝ դա նախ ժողովուրդների պատրաստ լինելը չէ, դա չի որոշվում այս կամ այն մարդու կարծիքով: Դրա համար սոցիոլոգիական հետազոտություններ կան, համապատասխան մասնագիտական ուսումնասիրություններ, բայց այն փաստերը, որոնք առկա են, վկայում են հակառակը, որ մենք դեռեւս  ապրում ենք հետպատերազմյան շոկի շրջանում: Պատերազմի հետեւանքները դեռեւս լիովին հաղթահարված չեն: Խոսել խաղաղության դարաշրջան մտնելու մասին, ինձ թվում է, բավականին  շուտ է:

-Այսինքն՝ ինչ-որ ժամանակ անց հնարավո՞ր է խաղաղության մասին խոսել նրանց հետ:

-Իհարկե, վաղ թե ուշ խաղաղություն պետք է հաստատվի:  Իսկ ո՞վ է ասում, որ խաղաղությունը վատ բան է, բայց կախված այն բանից, թե երբ է դա լինելու եւ ինչպիսի խաղաղություն է լինելու: Ես կարծում եմ, որ պետք է լինի արժանապատիվ խաղաղություն:

 

 

 

Ի՞ՆՉ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՅՑԸ

«Ոչ թե հրատապության, այլ միջազգային հարթակում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու անհրաժեշտություն կա»,- ArmLur.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այցի հրատապությունը Բալի (Ինդոնեզիա), այսպես արձագանքեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը: Հայաստանը Միջխորհրդարանական միության (IPU) անդամ է, որի 144-րդ համաժողովին մասնակցելու համար էլ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բալի:

 

Համաժողովին 110 երկիր է մասնակցում ու գրեթե բոլոր երկրները խորհրդարանի նախագահի մակարդակով են ներկայացված: «Հայաստանը մասնակցել ու շարունակելու է մասնակցել միջազգային բոլոր այն կառույցների աշխատանքներին, որտեղ ներկայացված է: Կարծում եմ՝ համացանցում աժիոտաժ առաջացել է Բալի բառի հետեւանքով:

Եթե այդ համաժողովն անցկացվեր այլ երկրում, որը մեր հասարակության մեջ տպավորված չէ որպես տուրիստական երկիր, առհասարակ խնդիր չէր առաջանա, այսքան քննարկումներ չէին լինի: Սրանից առաջ դարձյալ համաժողովների մասնակցություն եղել է, նաեւ՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, սակայն որեւէ աժիոտաժ չի առաջացել: Ի դեպ, ԱԺ նախագահը շարունակելու է մասնակցել նման կառույցների վեհաժողովների աշխատանքին: Հաջորդ՝ 145-րդ վեհաժողովը նախատեսվում է անցկացնել Աֆրիկայում՝ Ռուանդայում, եւ Հայաստանը կրկին մասնակցելու է: Առաջիկայում Ալեն Սիմոնյանը մեկնելու է Ղազախստան՝ մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված ԱՊՀ ՄԽՎ խորհրդի հանդիսավոր նիստին»,- նշում է Խաչատրյանը: Նրա փոխանցմամբ՝ Բալիում Հայաստանը ներկայացված է նաեւ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ու Միջազգային խորհրդարանական կազմակերպությանը (ՄԽԿ) հայտ է ներկայացրել, որպեսզի ՀԱՊԿ խորհրդրանական վահաժողովը որպես դիտորդ ընդգրկվի ՄԽԿ-ում: Թեպետ վեհաժողովի թեման վերաբերում է կլիմայական փոփոխություններին, ասում է ԱԺ նախագահի մամուլի քրատուղարը, սակայն քննարկվել են նաեւ մարդու իրավունքների պաշտպանությանը, միջազգային թրաֆիքինգի եւ միգրացիոն քաղաքականության հարցերում խորհրդարանների դերակատարությանը, կոռուպցիայի դեմ դատական հետապնդման միջազգային համագործակցության զարգացմանը, տարբեր երկրներում խաղաղության գործընթացների նկատմամբ վերաբերմունքին, միջուկային զենքի փորձարկումների համընդհանուր արգելքին առնչվող հարցեր: «Որպես հրատապ հարցեր՝ համաժողովի ժամանակ նաեւ հակառուսական բանաձեւեր են քննարկվել, որոնց քվեարկությանը հայկական կողմը մասնակցել ու չեզոք դիրքորոշում է հայտնել»,-եզրափակում է նա:

Նյութերը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

 

 

 

ԳԵՐԵՎԱՐՎԵԼՈՒ ՌԻՍԿ

Human Rights Watch եւ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակել են 2021թ. հաշվետվությունը՝ այս անգամ Ադրբեջանի վերաբերյալ։ Human Rights Watch-ի` 2021թ. հրապարակված հաշվետվությունում նշվում է, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո կողմերը մեծ մասամբ պահպանում են հրադադարի ռեժիմը, սակայն շփման գծում իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանը վերականգնողական աշխատանքներ է սկսել արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով իր վերահսկողության տակ անցած տարածքներում։ Միաժամանակ նշվում է, որ շփման գծում հայերը բախվում են վիրավորվելու եւ գերեվարվելու ռիսկի գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքում։ Ընդգծվում է, որ 2021թ. մարտին երկրի նախագահի ներման հրամանագրով բանտերից ազատ է արձակվել 40 ընդդիմադիր եւ կրոնական ակտիվիստ, լրագրող, իրավապաշտպան եւ անձինք, որոնց կալանքը կարող էր քաղաքական դրդապատճառ ունենալ։ Սակայն միաժամանակ դեռեւս շատ են քաղաքացիները, որոնք դեռ բանտում են շինծու մեղադրանքներով ընդդիմության եւ մյուս քննադատական ձայների ճնշման քաղաքականության պատճառով, որը վարում է կառավարությունը: Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, որը վերահսկում է միայն Ալիեւների ընտանիքը, որոնք իշխանությունում են գրեթե երեք տասնամյակ:

 

 

 

ՀԱՐՎԱԾԵԼ Է

Տեւական ժամանակ է, ինչ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում ողջ հանրապետությունում: Ստուգվում են մեքենաները, որի արդյունքում զենք-զինամթերք է հայտնաբերվել: 2021թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Վահան Պապիկյանը ոստիկանության մյուս ծառայողների հետ ոստիկանի համազգեստով Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու թիվ 1 հասցեում` «Գարուն» հյուրանոցային համալիրի դիմացի ճանապարհահատվածում, ընդգրկված է եղել ուժեղացված ծառայության մեջ, եւ ապօրինի պահվող զենք, զինամթերք, թմրանյութեր հայտնաբերելու նպատակով ոստիկանության աշխատակցի կողմից նշված վայրում ժամը 19:30-ի սահմաններում կանգնեցվել է Ռուդիկ Հարությունյանի կողմից վարվող «Վազ 21213» մակնիշի ավտոմեքենան: Արաբո Թառլոյանը, ոչ սթափ վիճակում իջնելով նշված մեքենայի վարորդի կողքի նստատեղից, մոտեցել է Վահան Պապիկյանին, որը ներկայանալով բացատրել է, թե ինչ նպատակով է կանգնեցվել ավտոմեքենան, եւ առաջարկել՝ եթե ավտոմեքենայում կան ապօրինի պահվող զենք, զինամթերք կամ թմրանյութեր, ներկայացնեն իրենց: Ա. Թառլոյանը, չենթարկվելով Վահան Պապիկյանի կողմից ներկայացված օրինական պահանջին, վերջինիս կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ դիմադրություն է ցույց տվել, այն է` մոտենալով Վահան Պապիկյանին՝ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին: Արաբո Թառլոյանի հետագա գործողությունները կանխելու նպատակով ոստիկանության ծառայողները վերջինիս դեպքի վայրից անմիջապես բերման են ենթարկել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին:

 




Լրահոս