ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Ռ. Մանուկյանը բողոքարկել է ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի մասով դատավճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում: ՀՀ վերաքննիչ դատարանը, սակայն, մերժել է դատախազի բողոքը եւ ԱԺ նախկին պատգամավորի որդու մասով առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ:
Մեզ հայտնի էր դարձել, որ դատախազը պահանջում է վերաքննիչ դատարանի բողոքն ընդունել վարույթ, բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ Նվեր Մուրադի Մուրադյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն՝ Նվեր Մուրադյանին, մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019թ. օգոստոսի 14-ին Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտակայքում, այնուհետեւ Երեւան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի դիմացի հատվածում, ապա նաեւ շենքի ներսում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով եւ իշխանության ներկայացուցիչներին ու հասարակական կարգի խախտումը խափանող այլ անձանց դիմադրություն ցույց տալով։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նվեր Մուրադյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել եւ իրավապահներին ցուցմունք տվել, որ դեպքի օրն իր հյուրերի հետ գտնվել է «Հուկա ման» ակումբում, քանի որ գինովցած է եղել, խնդրել է իր ընկերներին մոտենալ իրեն պատկանող ավտոմեքենան վարելու համար: Արմեն Ղազարյանն /Պզո/ իր հյուրերի կազմում չի եղել, սակայն նրան տեսել է ոստիկանության Կենտրոնական բաժնում: Ակումբում որեւէ անձի հետ տարաձայնություններ չի ունեցել, «Դոլյա վառավսակայա» երգն ակումբում հնչել է, սակայն ինքն այն չի պատվիրել, երգեր պատվիրելու կապակցությամբ վեճի առաջացումը բացառում է: Իր հյուրերին ճանապարհելուց հետո դուրս գալով ակումբից՝ նկատել է հավաքված մի խումբ մարդկանց, հետաքրքրասիրությունից դրդված՝ ցանկացել է մոտենալ եւ հասկանալ, թե ինչ է կատարվում, սակայն իր ընկերները համոզել են՝ չմոտենա: Դրսում ոչ ոքի չի քաշքշել կամ հարվածել, հայհոյանքներ չի հնչեցրել: Այնուհետեւ հիշել է, որ իր երկու հեռախոսներից մեկը թողել է բարում, վերադարձել է այն վերցնելու նպատակով, ինչից հետո դուրս է եկել: Դրանից հետո այդ օրն առաջին անգամ իրեն են մոտեցել պարեկապահակետային ծառայության աշխատակիցները, որոնք, առանց ձեռնաշղթաներ կիրառելու, իրեն բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք: Ճանապարհին եղել է վրդովված՝ բերման ենթարկելու հետ կապված, քանի որ չի հասկացել իրեն բերման ենթարկելու պատճառը:
Բաժնում հայհոյանքներ է հնչեցրել, ինչի համար իրեն անհարմար է զգում, սակայն իր նշելով՝ նման վարքի պատճառներն այնտեղ նկարահանված տեսանյութից հասկանալի են: Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ոչ ոքի չի հարվածել, Հյուսիսային պողոտայում խուլիգանական գործողություն չի կատարել: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ անգամ գործը մտել է դատարան, եւ Երեւան քաղաքի դատարանը Նվեր Մուրադյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեված արարքում, նրան ազատել է քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱՅԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԸ
Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022 թվականի փետրվարի 11-ին եւ փետրվարի 18-ին Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներից Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի բնակիչներ Արեւ Գաբրիելյանին եւ Սերգեյ Գեւորգյանին պատկանող առանձնատները վնասելու, հանցագործությունը իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չհասցնելու դեպքերի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը: Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՓԱԿԱՆ ԵՆ ՏԵՂԱԴՐԵԼ
Ակնհայտ է, որ գազատարի իբր վերանորոգման անվան տակ ադրբեջանական իշխանությունները փական են տեղադրել, որ երբ ցանկանան, այն ժամանակ էլ դադարեցնեն Արցախի գազամատակարարումը: Այս մասին նշել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սա դիտավորյալ արարք է, որ առաջացնում է հումանիտար լուրջ խնդիրներ ու իրավունքների զանգվածային խախտումներ, ցուրտ եղանակին առանց ջեռուցման ու տաք ջրի է թողնում Արցախի 100.000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների հաստատություններ: Բայց սա այն է, ինչ իրականում կա, արտահայտում է ադրբեջանական իրական մտադրությունները՝ ցեղասպան քաղաքականությունը: Ապացույցներով ու փաստերով այդքան զգուշացնում եմ, որ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները փոքր-ինչ անգամ չեն նվազեցրել հայատյացությունն ու թշնամանքը: Դա չի էլ լինելու, քանի որ նրանց համար դա քաղաքական կյանքի աղբյուր է, արտաքին թշնամու կերպարով ներքին խնդիրներից սեփական ժողովրդին շեղելու ու իշխանությունը պահպանելու միջոց: Պարզ չէ՞, որ խաղաղության մասին ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, դրանք պարզապես շղարշ են արտաքին աշխարհի համար»:
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ
Դատարանը հերթական անգամ թույլ չտվեց Արմեն Գեւորգյանին մասնակցել ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նիստին։ Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ Արմեն Գեւորգյանը միջնորդություն է ներկայացրել։ Այն ներկայացրեց փաստաբան Լուսինե Սահակյանը։ Միջնորդությունը վերաբերում է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հռոմ մեկնելու թույլտվությանը։ Սահակյանը հայտնեց, որ նիստը կկայանա ապրիլի 7-8-ը։ Նիստն անցկացնելու որոշումն ընդունվել է մարտի 17-ին։ Ըստ ծրագրի՝ պատվիրակության մեկնումը նախատեսված է ապրիլի 6-ին, ժամանումը՝ ապրիլի 9-ին։ Դատարանին տրամադրվել են նաեւ անհրաժեշտ փաստաթղթեր։ Պաշտպանական կողմը միացել է միջնորդությանը։
Մեղադրական կողմը՝ ի դեմս դատախազներ Գեւորգ Բաղդասարյանի եւ Պետրոս Պետրոսյանի, մերժել է այն՝ հղում անելով նախորդ նմանատիպ քննարկումներին։ Լուսինե Սահակյանը նկատեց, որ այս տրամաբանությամբ ստացվում է, որ դատարանն ու դատախազն են որոշում, թե արդյոք Գեւորգյանը պետք է լինի ԵԽԽՎ պատվիրակ, ինչը դուրս է դատարանի ու դատախազության լիազորությունների շրջանակից, իսկ նախկին որոշումներին հղումներն ուղղակի չարաշահում են։ Փաստաբանը հիշեցրեց, որ նման «բացատրությունը» իրավական հիմք չունի։ Դատավորը լսեց կողմերին եւ որոշեց, որ Գեւորգյանի վարքագիծը, մասնավորապես՝ նիստից «անհարգալից» բացակայությունը եւ բերման ենթարկելու որոշումը մտավախություն են առաջացնում, որ նա չի վերադառնա, եւ մերժեց միջնորդությունը։
Արմեն Գեւորգյանը հիշեցրեց, որ իրեն բերման ենթարկելու դատարանի որոշումը կապված է եղել ԱԺ առաջին նիստին իր մասնակցության հետ, ինչի մասին տեղեկացվել է դատարանը։ Նա հիշեցրեց նաեւ, որ «Հայաստան» խմբակցության ղեկավարը Դանիբեկյանին հայտարարություն է ուղարկել, որում հիշեցրել է, որ մեղադրյալ Գեւորգյանը պատգամավոր է, եւ յուրաքանչյուր պատգամավոր ունի պարտականություններ, այդ թվում, իր մանդատի համաձայն, մասնակցելու Ազգային ժողովի նիստերին։ Խմբակցության ղեկավարը նշել է, որ ԱԺ նիստերի օրերին նշանակված դատական նիստերը Գեւորգյանին խանգարում են կատարել իր սահմանադրական պարտականությունները։ Նա նաեւ նշել է, որ ՔՕ-ի եւ Սահմանադրության միջեւ առաջացած հակասությունները, որոնց հղում է կատարում դատավորը, լուծվում են՝ հօգուտ վերջինիս, իսկ Գեւորգյանի՝ դատավորի կողմից «անհարգալից» համարվող բացակայությունները հարգելի են։ Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ այսօր Ազգային ժողովը քննարկելու է Արցախում ստեղծված իրավիճակը, որին անհրաժեշտ է Գեւորգյանի մասնակցությունը։
Դանիբեկյանը որոշեց, որ հաշվի առնելով այն, որ Սեյրան Օհանյանը գործով կողմ չէ, նրա դիմումը չի կարող քննարկվել։