ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են քրեականացել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության  դեմ ուղղված որեւէ արտահայտություն։ Ընդդիմադիր խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են  քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Բացի այդ, առաջարկվում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

 

Նախագծի հեղինակներից պատգամավոր Արամ Վարդեւանյանի խոսքով՝ նախագիծը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար սրբազան արժեք հանդիսացող հանգամանքի մասին է: «Նախաձեռնությունը վերաբերում է նրան, որ այլեւս ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որեւէ տեսակ արտահայտությամբ կասկածի տակ դնելը կամ, առավել եւս, նշվածը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը լինի քրեորեն հետապնդելի արարք»,-նշել է նա:

Պատգամավորի խոսքով՝ կարգավորումը արդիական է դարձել 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածի պայմաններում: Նրա համոզմամբ՝ այս նախագիծը լինելու է Հայաստանի տարածքից դուրս գտնվող մարդկանց իրապես հետապնդելու ու նրանց կողմից թույլ տրվող արտահայտությունները անհետեւանք չթողնելու մասին: «Մենք տեսել ենք, թե հատկապես 2021 թվականի ապրիլ ամսից Հայաստանի տարածքից դուրս գտնվող «հարեւան», իրականում թշնամի երկրի քաղաքական ղեկավարությունն ինչպիսի արտահայտություններ է թույլ տալիս, խոսում են Հայաստանի, Սյունիքի մասին, խոսում են մեր Երեւան քաղաքի մասին, խոսում են մեր Սեւանի մասին ու իրենց զառանցանքների պայմաններում փորձում են այս ամենը Հայաստանի պատկանելիության տեսանկյունից կասկածի տալ դնել: Կարծում ենք, որ սա նաեւ լավ հնարավորություն կլինի նման արտահայտություններ թույլ տվողները, չնայած նույնիսկ այն պայմաններում, որ գտնվեն ՀՀ տարածքից դուրս, ենթարկվեն քրեական հետապնդման»,-նշել է Վարդեւանյանը:

Նախագիծը թույլ կտա նաեւ հետախուզում հայտարարել բոլոր նման արտահայտություններ թույլ տվողների նկատմամբ, իսկ թե որքանով հետախուզումն արդունք կտա, ընդդիմադիր պատգամավորը նշեց, թե համոզված է՝ 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ պետություն հանդիսացող Ադրբեջանի դեպքում չի կարող անգործությունը եվրոպական հանրույթի կողմից շարունակական լինել: «Չի կարող ժառանգաբար իշխանություն ստանալը թույլատրելի լինի եվրոպական երկրում, չի կարող թույլատրելի լինել կնոջ համար պաշտոն ստեղծելը ու հետո կնոջը այդ պաշտոնին նշանակելը, ու հենց այս հոդվածի ընդունման դեպքում քրեական հետապնդումն ու հետախուզումը մի օր իր արդյունքը կտա, որովհետեւ լռությունը մի օր ավարտվելու է»,-նշել է նա:

Օրենքի նախագիծը վերաբերելու է նաեւ ՀՀ քաղաքացիներին, Վարդեւանյանը, սակայն, վստահ է, որ տեղեկատվական տեռորի ազդեցության տակ գտնվող մարդիկ այս ազդակը կստանան ու նման հայտարարություններ է՛լ թույլ չեն տա, իսկ պաշտոնատար անձինք առավել եւս նման բան թույլ չեն տա:

Նախագիծը մշակել են Ազգային ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Արամ Վարդեւանյանը եւ Աղվան Վարդանյանը։

Ն. Պ.

 

 

ԱՐՑԱԽԻ ԱԳՆ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է

Արցախի ԱԳՆ հայտարարություն է տարածել Շուշիի հայ բնակչության ջարդերի 102-րդ տարելիցի կապակցությամբ. «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Շուշի քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակի առջեւ։

 

Ջարդերն իրականացվել են նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանությունների կողմից 102 տարի առաջ՝ 1920 թ, մարտի 22-26-ը։ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներով դրդված այդ հրեշավոր հանցագործության զոհը դարձան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնցից շատերը դաժանաբար սպանվեցին, իսկ ողջ մնացածներն արտաքսվեցին իրենց տներից։ Արցախի մայրաքաղաքը եւ պատմամշակութային կենտրոնը հանդիսացող Շուշիի մեծ մասն ամբողջովին ավերվեց եւ ավերակների մեջ մնաց մինչեւ 20-րդ դարի կեսերը, երբ հիմնովին քանդվեց ադրբեջանական իշխանությունների կողմից։ Շուշիի կոտորածը, որին ակտիվ մասնակցություն են ունեցել թուրք սպաներն ու էմիսարները, պանթուրքական գաղափարախոսության իրականացման համատեքստում հայերի ցեղասպանությունը Արեւելյան Հայաստան տեղափոխելու հերթական փորձն էր։ Իր դաժանությամբ սահմռկեցնող այս ողբերգությունը ցույց տվեց ադրբեջանական իշխանությունների իրական նպատակները Արցախի եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Այն ոչ միայն փոխեց Շուշիի ժողովրդագրությունը, այլեւ անջնջելի հետք թողեց քաղաքի մթնոլորտի վրա եւ կանխորոշեց հետագա գործընթացները։ Գրեթե 70 տարի անց ադրբեջանական իշխանությունները կրկին դիմեցին իրենց զինանոցի փորձված գործիքին՝ անմեղ հայ բնակչության կոտորածին եւ տեղահանությանը՝ զանգվածային սպանություններ եւ ջարդեր կազմակերպելով Սումգայիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ) եւ նախկին Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերում։ 2020 թվականին ողբերգությունը նորից կրկնվեց։ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը օկուպացրեց Շուշին, ինչը հանգեցրեց քաղաքի հայաթափմանը։

Ինչպես 1920 թվականին, այնպես էլ 2020թ. Ադրբեջանը ձգտում էր ոչ միայն ոչնչացնել Շուշի քաղաքի եւ ամբողջ Արցախի հայ բնակչությանը, այլ նաեւ ջնջել նրա պատմությունը, մշակույթն ու ոգին։ Իր որդեգրած այդ ռազմավարությանը Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ցայսօր։ Այնուամենայնիվ, անհնար է ոչնչացնել Շուշիի հայկական ոգին, որն անքակտելիորեն կապված է Արցախի հետ։ Այն վերածնվել է 1992 թվականի մայիսին եւ կվերածնվի կրկին»։

 

 

 

ԴՐՈՇԸ ՆՈՐԻՑ ԵՆ ՏԵՂԱԴՐԵԼ

2021թ. սեպտեմբերից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում՝ Կիրանցի կողմից ճանապարհի վերջին ոլորանի մոտ գտնվող բլրի վրա տեղադրված դրոշակաձողին, ծածանվում էր հայկական եռագույն դրոշը։ 2022 մարտի 1-ին դրոշը հանվել էր։ Այժմ նորից դրոշը տեղադրվել է  բարձունքում հառնող դրոշակաձողին։ Թե որոնք են եղել դրոշի տեղադրման, այն  հանելու, նորից տեղադրելու  պատճառները, հայտնի չէ։ Ոսկեպարի բնակիչներից ոմանք կարծում են, թե դրոշակի տեղադրելու նախաձեռնությունը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը։

 

 

 

ՏՆԵՐՈՒՄ ԼՈՒՅՍ ՉԻ ՎԱՌՎՈՒՄ

Արտագաղթի հետեւանքով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում շատ են դատարկ տները։ Խորհրդային տարիներին սկիզբ առած, Հայաստանի անկախության տարիներին թափ առած արտագաղթի հետեւանքով  հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի թաղերից մեկի 25 տներից ոչ մեկում երեկոները լույս չի վառվում, բոլորը դատարկ են։ Բարեկամավանցիների վկայությամբ՝ երբեմնի մարդաշատ գյուղն այսօր ունի 170 բնակիչ, իրականում սահմանամերձ բնակավայրում փաստացի ավելի քիչ թվով մարդիկ են բնակվում, նրանց  մեծ մասն էլ տարեցներ են։  Գյուղացիները հայտնեցին, որ Բարեկամավանի դատարկ առանձնատներից մեկից վերջերս գողացել են 30 լիտր օղի, ալյումինե եւ պղնձե տարաններ։ Հայտնի չէ՝ այդ առթիվ ոստիկանություն են դիմել, թե ոչ։ Տանտերը մահացել է, իսկ նրա ծեր կինը ձմռան ամիսներին  բնակվում է Հրազդան քաղաքում  ապրող որդու տանը։ 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցում սովորում էր 330 աշակերտ, այժմ գյուղի միջնակարգ դպրոցն ունի ընդամենը 13 աշակերտ։ ՌԴ Ստավրոպոլ քաղաքում բնակվող բարեկամավանցիները գումարներ են հանգանակել Բարեկամավանի դպրոցի տանիքը նորոգելու համար, սակայն գումարը չի հերիքել, երկու տարի է՝ դպրոցի տանիքի նորոգումը կիսատ է։ Տավուշի նախկին մարզպետ, այժմ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն  Հայկ Չոբանյանը Տավուշի մարզում իր պաշտոնավարման ժամանակ հայտնել է, որ 8,5 միլիոն դրամը բավարար է   Բարեկամավանի կրթօջախի տանիքը նորոգելու համար, սակայն այդքան գումարը չի բավարարել: Դպրոցի տանիքը վերանորոգելու համար անհրաժեշտ շինանյութը առկա է, սակայն  շենքի տանիքը նորոգող վարպետներին եւ բանվորներին վարձատրության գումար չկա։ ՀՀ պետական բյուջեից գումար չի հատկացվում սահմանամերձ Բարեկամավանի պետական հանրակրթական դպրոցի տանիքի նորոգումն ավարտելու համար։ Բարեկամավանում խմելու եւ ոռոգման ջրի մեծ խնդիրներ կան, հողերի մեծ մասը չի մշակվում ադրբեջանական գնդակոծությունների, հակառակորդի նշանառության գոտում գտնվելու հետեւանքով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս