Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը, որը նպատակ ունի պահպանել ու տարածել հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, կմեկնարկի մարտի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյին տեղի կունենա կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի «Հայկական պարեր» ստեղծագործության պրեմիերան, կհնչի նաեւ Վարդան Աճեմյանի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2-ը: Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Արուս Աճեմյանը: Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որը նաեւ փառատոնի գեղարվեստական ղեկավարն է:
Փառատոնի մեկնարկին ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց, որ Սիմֆոնիկ նվագախումբն ահռելի վաստակ ունի հայ կոմպոզիտորների հանրայնացման, ներքին լսարանին ճանաչելի դարձնելու եւ միջազգայնացման գործում, ուստի հույս ունի՝ համալիր միջոցառումները, որոնք կիրականացնեն, կնպաստեն փառատոնի հանդեպ հետաքրքրության մեծացմանը:
«Այս տարիներին փառատոնի արդյունքները շատ տպավորիչ են: Փառատոնի շրջանակում 51 համերգ է տեղի ունեցել, 170-ից ավելի պրեմիերա, թվայնացվել է հայ կոմպոզիտորների 100-ից ավելի սիմֆոնիկ ստեղծագործություն, ձայնագրվել է 250-ից ավելի երաժշտական երկ»,- հիշեցրեց Խզմալյանն ու փաստեց՝ թվերը խոսում են փառատոնի կարեւորության մասին, որը պետք է ռազմավարական ու քաղաքական բոլորովին այլ հարթության վրա դնել:
Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ փառատոնը Հայաստանում ապրող ու ստեղծագործող կոմպոզիտորների համար մեծագույն ազդակ է: Դիրիժորի հավաստիացմամբ՝ ոչ միայն պետք է կատարել կոմպոզիտորների գործերը, այլեւ ձայնագրությունների միջոցով պահպանել դրանք ու փոխանցել սերունդներին, ինչով զբաղված է փառատոնը: «Օրինակ՝ Ջոն Տեր-Թադեւոսյանի սիմֆոնիան կատարել ենք արտերկրում. մենք անցել ենք տարբեր փուլեր՝ այն բերելով 21-րդ դար: Բոլոր ստեղծագործությունները, որոնք կատարել ենք փառատոնի ընթացքում, թվայնացրել ենք: Համերգները, որոնք պետք է ձայնագրենք, մարդիկ կարող են լսել նվագախմբի կայքում»,-շեշտեց Սմբատյանը: Կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը համոզված է՝ յուրաքանչյուր հեղինակ նախեւառաջ ցանկանում է հնչել իր երկրում: Նա հիշեցրեց, որ տարիքն առած շատ հեղինակներ այսօր հնչում են արտերկրում, բայց նրանց գործերը նախեւառաջ կատարել է Հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, որը ժամանակին ղեկավարում էր Ռաֆայել Մանգասարյանը: Սաթյանը ողջունեց փառատոնի անցկացումն ու երկու կառույցների համագործակցությունը՝ նշելով, որ երիտասարդ ու մեծահասակ կոմպոզիտորների նոր գործերի կատարումը կնպաստի հայ ժամանակակից երաժշտության հանրահռչակմանը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի նշվում են Էդուարդ Բաղդասարյանի եւ Օհան Դուրյանի 100-ամյակները: «Համերգներից մեկի ժամանակ կատարելու ենք Բաղդասարյանի Դաշնամուրի կոնցերտի առաջին մասը: Նոտաները վերջերս ենք գտել: Այն կկատարի Արմինե Գրիգորյանը: Կհնչեն նաեւ կոմպոզիտորի շատ հայտնի Նոկտյուրնը եւ Ռապսոդիան ջութակի եւ նվագախմբի համար, որոնք կկատարի Կարեն Շահգալդյանը: Հայաստան ենք հրավիրել հայազգի հայ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանին, որը կկատարի Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»»-ը»,- հայտնեց Բալբաբյանը: Փառատոնին կատարվելու է նաեւ Մարտին Վարդազարյանի Սիմֆոնիան, որը երկար տարիներ չի հնչել, Օհան Դուրյանի «Կոմիտասական»-ից հատվածներ: Փակման համերգը կղեկավարի Իսրայելից հրավիրված դիրիժոր Վահագն Պապյանը: Փառատոնը կանցկացվի մինչեւ մարտի 30-ին:
ԿՊԱՅՔԱՐԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ինստագրամ»-ում արած գրառումով ներկայացրել է իր սպասելիքները աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչի հանդիպումից։ Պորտուգալացիները կմրցեն Թուրքիայի հավաքականի հետ։ «Ամբողջ ուշադրությունը ԱԱ-2022-ին է։ Հպարտ եմ, որ ներկայացնում եմ Պորտուգալիան։ Մենք գիտակցում ենք, որ հեշտ չի լինելու, մեծ հարգանքով ենք վերաբերվում մրցակիցներին, որոնք հետապնդում են նույն նպատակը՝ աշխարհի առաջության ուղեգիր։ Բայց մենք միասին կպայքարենք, որպեսզի Պորտուգալիայի հավաքականը զբաղեցնի իր օրինական տեղը»,- գրել է Ռոնալդուն։ Պորտուգալիա – Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին Պորտուում։ Հաղթողը փլեյ-օֆֆի եզրափակչում կմրցի Իտալիա – Հյուսիսային Մակեդոնիա զույգի հաղթողի հետ։
ԱՄԵՆԱԵԿԱՄՏԱԲԵՐ ԱԿՈՒՄԲԸ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Եվրոպայի ամենաեկամտաբեր ակումբն է անցած մրցաշրջանի արդյունքում։ Եկամուտը կազմել է 644,9 միլիոն եվրո։ Deloitte-ը ներկայացրել է ամենամյա զեկույցը։ 600 միլիոն եվրոյի սահմանագիծը գերազանցել են նաեւ Մադրիդի «Ռեալն» ու Գերմանիայի չեմպիոն «Բավարիան»։ Արքայական ակումբի եկամուտը 2020-2021 թվականների մրցաշրջանում կազմել է 640,7 միլիոն եվրո, մյունխենյան ակումբինը՝ 611,4 միլիոն եվրո։ Տասնյակում են նաեւ կատալոնական «Բարսելոնան» (582,1), անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (558), ֆրանսիական ՊՍԺ (556,2), անգլիական «Լիվերպուլը» (550,4), Լոնդոնի «Չելսին» (493,1), Թուրինի «Յուվենտուսը» (433,5), Լոնդոնի «Տոտենհեմը» (406,2)։
ԲՈՒԺԶՆՆՈՒՄ Է ԱՆՑԵԼ
Իտալական «Միլանի» 25-ամյա կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն Շվեյցարիայի Լուգանո քաղաքում բուժզննում է անցել «Բարսելոնայի» համար: Կատալոնական ակումբը Ֆրանկ Կեսիեին ձեռք կբերի ամռանը անվճար։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ կավարտվի հունիսին։ «Բարսելոնան» նրա հետ կկնքի չորս տարվա պայմանագիր՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ֆրանկ Կեսիեն մասնակցել է 23 հանդիպման, խփել 5 գոլ։
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ապրիլի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացվի Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան:
Մոնոօպերայում հերոսուհուն մարմնավորում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Բեմադրող ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Հակոբյանը, դաշնամուրային նվագակցումը՝ Վասիլի Ռոլիչի, ֆրանսերենի մասնագետ-խորհրդատու՝ Սերինե-Լյուբա Թադեւոսյան։ Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերան գրված է Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա։ Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1959 թվականին, իսկ Հայաստանում՝ 2021-ի հուլիսին։ «Միլանի Լա Սկալա» թատրոնի ներկայացումներից մեկի ընթացքում Պուլենկը համակ ուշադրությամբ հետեւում էր, թե ինչպես է Մարիա Կալասը աստիճանաբար «մղում» այլ երգիչներին հետին պլան՝ միայնակ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Այդ պահին նրա կողքին նստած էր Փարիզում գործող «Ռիկորդի» ընկերության ներկայացուցիչ Էրվե Դյուժաղդենը, ով անմիջապես առաջարկում է Պուլենկին գրել այս ստեղծագործությունը հատուկ Կալլասի համար: Կոմպոզիտորն, իհարկե, գրում է այն, սակայն սոպրանո Դենիզ Դյուվալի համար: Մոնոօպերայի կապակցությամբ Կոկտոն Պուլենկին գրել է. «Իմ սիրելի՛ Ֆրանսիս, Դուք գրել եք մեկ անգամ եւ բոլորի համար այնպես, ինչպես կխոսեր իմ հերոսուհին»: