Արդեն մի քանի օր է՝ նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ու Պաշտպանության նախարարությունը հերքում են միմյանց եւ հակասող հայտարարություններ տարածում: Բանն այն է, որ ՄԻՊ-ը հաստատեց, որ ադրբեջանցի զինվորականները տեղակայվել են Ներքին Հանդի հարակից տարածքում: Հայտարարության մեջ ասվում է. «Ներքին Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի եւ Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022-ի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը եւ իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են»։ ՊՆ-ն, ըստ էության, ընդունում է տարածքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը, բայց ոչ թե այս տարվա մարտից, այլ նախորդ տարվա գարնանից: «Նախորդ տարի փորվել են խրամատներ, որոնք պատճաշ կահավորման բացակայության պատճառով ձմեռային պայմաններում պիտանի չեն եղել, նրանք հեռացել են եւ վերադարձել այս գարնանը»,- նշում են ՊՆ-ից։ Բացի այդ, ՄԻՊ-ը շեշտում է՝ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու առումով։ ՊՆ-ն հակառակն է պնդում՝ հիմնավորելով, որ ադրբեջանցիները չեն կարող դիտարկել Ներքին Հանդը, քանի որ նրանց դիրքերը 2 կիլոմետր հեռու են, բացի այդ, գյուղի եւ նրանց միջեւ մի քանի բարձունք կա։ Այսպիսով, ՀՀ ՊՆ-ն շարունակում է արդարանալ եւ արդարացնել ադրբեջանական գործողությունները, իսկ նորըտիր օմբուդսմենը ջանում է բարձրաձայնել ճշմարտությունը: Եվ այդ ընթացքում ՀՀ քաղաքացին շարունակում է իր տան մեջ ապրելու համար անհարմարություն ունենալ:
«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա լուրից հետո իշխանության տունը կռիվ է ընկել: Գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավորների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ պայմանավորվել են, որ հանդիպման մանրամասները լրատվամիջոցներին չպետք է հայտնի դառնա: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, որոշ մանարամասներ գրել էր այդ հանդիպումից, ինչից հետո՝ երեկ, ԱԺ-ում պատգամավորները թեժ քննարկում են ունեցել, թե ինչպես կամ ինչ խողովակներով է մամուլը ինֆորմացիայի տիրապետում: Մենք գրել էինք նաեւ, որ Կառավարություն-Ազգային ժողով երեկ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ, ըստ նախնական պայմանավորվածություն, ՔՊ-ականները պետք է նախապես հստակեցված հարցեր ուղղեին վարչապետին: Այսինքն՝ Փաշինյանը կանխավ պետք է իմանար՝ թիմակիցներն ինչ հարց են իրեն տալու, որ ըստ այդմ պատասխանի դրանց: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանին լուրի հատկապես այդ հատվածն է վրդովեցրել, ու դա է պատճառը, որ երեկվա հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը որեւէ հարցի չի պատասխանել՝ ցույց տալու համար, թե իր հետ նախապես ոչինչ էլ չի հստակեցվում, իրենք պայմանավորվածություն չունեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին կրկին վկայի կարգավիճակով կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան հարցաքննում են ՊՆ նախկին եւ ներկա մի շարք զինվորականների մասով հարուցված քրեական գործերի շրջանակում որպես վկա, եւ նախկին նախարարին կոնկրետ հարցադրումներ են արվում զիվորականների, հրամանատարների, նրանց՝ պատերազմի ժամանակ իրականացրած գործողությունների մասով: Օրինակ՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության ՀԿԳ բաժնում քննվում է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործը, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մեքենայի պայթեցման գործը եւ մի շարք այլ զինվորականների գործողությունների մասով հարուցված քրեական գործեր: Չի բացառվում, որ այս եւ այլ պաշտոնյաների դեմ հարուցված գործերով են Սեյրան Օհանյանին կանչում հարցաքննության: Հիշեցնենք, որ մարտի 8-ին գրել էինք, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, 2022 թվականին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննչական վարչություն հարցաքննության է ներկայացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Մեզ հայտնի դարձավ, որ նրան հարցաքննության են հրավիրում տարբեր քրեական գործերով եւ, որպես նախկին նախարար, վկայի կարգավիճակով հարցաքննում: Ի դեպ, Սեյրան Օհանյանը այս պահին ունի մեղադրյալի կարգավիճակ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործով: Վերջինիս առաջարկել են համաձայնել վաղեմության ժամկետով կարճել գործը, բայց Սեյրան Օհանյանը հրաժարվում է, եւ քրեական գործը մնացել է օդից կախված: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սեյրան Օհանյանը հաստատեց, որ Քննչական կոմիտեում հարցաքննվել է վկայի կարգավիճակով եւ առաջիկայում եւս վկայի կարգավիճակով կրկին գնալու է հարցաքննության:
Թափանցիկ գործելաոճի մասին խոսող ՀՀ իշխանությունները սկսել են ամեն ինչ գաղտնի անել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց այս պահի դրությամբ, սակայն բոլորն էլ չզեկուցվող են։ Այդպիսի բան չէր եղել անգամ նախկին իշխանությունների օրոք։ Փաշինյանի իշխանությունը որոշել է այլ գործելակերպ որդեգրել եւ առանց զեկուցման հարցեր անցկացնել։ Իսկ օրակարգը բավական հագեցած է՝ փոփոխություններ տարբեր որոշումներում, մեկ անձից կատարվող գնումներ, ինչը եւս դատապարտում էին ընդդիմադիր ժամանակներում, «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն եւ այլն, սակայն այս ամենը՝ առանց զեկուցման։ Դրա փոխարեն Փաշինյանը կխոսի խաղաղության դարաշրջանից, ապա ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ կորոնավիրուսից, եւ նիստը կավարտվի շատ արագ։