ՄԱՐԻՈՒՊՈԼՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՅԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, որ Ռուսաստանի հետ ինը մարդասիրական միջանցքի շուրջ են պայմանավորվել, ինչը թույլ կտա տարհանել շրջափակման մեջ հայտնված մի շարք քաղաքների բնակիչներին։

 

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ Մարիուպոլից դեպի Զապորոժիե միջանցքներն անցնում են պաշարված քաղաքի ծայրամասերից, այլ ոչ թե կենտրոնական հատվածից, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց հոսանքի եւ այլ մատակարարումների։ Ըստ ուկրաինացի պաշտոնյայի՝ մի քանի երթուղիներ են համաձայնեցվել նաեւ Կիեւի մարզում։ Մինչեւ պատերազմը շուրջ 400 հազար բնակչություն ունեցող Մարիուպոլ քաղաքում իրավիճակը օր-օրի վատթարանում է, քաղաքն ավելի քան երկու շաբաթ է՝ շրջափակման մեջ է։ Ռազմավարական նշանակություն ունեցող այս բնակավայրը գրավելու դեպքում Ռուսաստանը ցամաքային ճանապարհ կունենա դեպի բռնակցված Ղրիմ։ Արդեն 2 շաբաթից ավելի առանց ջրի, սննդի, վառելիքի մնացած ու շրջափակման մեջ գտնվող Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում դեռ բազմաթիվ հայեր են մնացել։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի տեղեկություններով՝ դեռ շատ քչերին է հաջողվում լքել քաղաքը, քանի որ մարդասիրական միջանցքներ չկան, մարդիկ իրենց կյանքը վտանգի ենթարկելով են փախչում քաղաքից։ Նրա խոսքով՝ հիմա գտնվում են Բերդյանսկ քաղաքում, Բերդյանսկ քաղաքն էլ է օկուպացված, թշնամու իշխանության տակ է, բայց նրանք ավելի ապահով են, այնտեղ նրանք գտնում են առաջին ապաստարանը: Վիճակը Մարիուպոլում ծայրահեղ վատ է, անգամ կապը չի գործում։ Քաղաքի մասին տարհանված քաղաքացիներից են տեղեկություն ստանում։  Ուկրաինայում օր-օրի է իրավիճակը սրվում։ Հումանիտար աղետ, ողբերգություն. այս բառերով է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը նկարագրում ոչ միայն Մարիուպոլում, այլեւ մյուս՝ հատկապես շրջափակված քաղաքներում տեղի ունեցողը։ Մարդիկ սննդի, դեղորայքի կարիք ունեն։ Կարիքավորներին օգնության են հասնում նաեւ միության անդամները։ Արդեն 15 բեռնատար մեքենա հումանիտար օգնություն են բաժանել մարդկանց եւ պատրաստվում են մոտակա օրերին եւս մի քանի բեռնատար օգնություն բաժանել. ասում է Դավիթ Մկրտչյանը։ Առանձին անհատներ եւս ինքնակազմակերպվում են. Կիեւում, Խարկովում ռեստորանների հայ սեփականատերերը տաք սնունդ են բաժանում մարտերի մասնակցիներին ու դրա կարիքն ունեցող քաղաքացիներին։ Մարիուպոլ դեղ, սնունդ են հասցնում նաեւ հայերը։ «Մարիուպոլի վիճակը ծանր է այնքանով, որ չեն թողնում, որ մենք կարողանան ներմուծենք քաղաք դեղորայք, սննդամթերք, ջուր, չէր ստացվում, դրա համար էդ ֆունկցիան արդեն կատարում են անհատներն իրենց փոքր ավտոմեքենաներով», – ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը։ Եղած ռեսուրսները, սակայն, արդեն չեն բավարարում։ Հայաստանից նման օգնություն ակնկալում էին, բայց հիմա հույսները կտրել են։ Դավիթ Մկրտչյանը նեղսրտած է. ուկրաինական հայ համայնքը 44-օրյա պատերազմի ընթացքում պետության ու ժողովրդի կողքին էր, օգնում էին այն ամենով, ինչի կարիքը կար, բայց հիմա հայ համայնքն է օգնության կարիքի մեջ։ Թե պատերազմի մեկնարկից հետո քանի հայ է լքել Ուկրաինան, դեռ պաշտոնական տվյալներ չկան։ Ուկրաինայում հայերի թիվը մինչեւ պատերազմը մոտ 350 հազար էր։ Այս պահին հայտնի է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանի սահմանը հատել է շուրջ 4 հազար Ուկրաինայի քաղաքացի, պարզ չէ՝ նրանցից քանիսն են հայ, քանիսը` ուկրաինացի։ Ուկրաինայի հայերի միության տվյալներով՝ պատերազմի պատճառով զոհված հայերի թիվը 15-ի է հասել, նրանցից 5-ն է միայն զինվորական, մյուս 10-ը, ըստ հայկական կազմակերպությունների, խաղաղ բնակիչներ են։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 23-ին ընդունել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական գործունեությանն ու խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր: Կարեւորելով Հայաստանի խորհրդարանական քաղաքական ուժերի հետ պարբերական հանդիպումների անցկացումը` երկրի ղեկավարը միաժամանակ երախտագիտություն է հայտնել Թագուհի Թովմասյանին Արցախի ու նրա բնակչության առջեւ ծառացած խնդիրները մշտապես բարձրացնելու եւ հետեւողականորեն դրանք ուշադրության կենտրոնում պահելու համար:

 

 

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է

Թուրքիայի պետական պաշտոնաթերթում (Resmigazete) հրապարակվել է Շուշիի հռչակագիրը։ Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրվելուց հետո Շուշիի հռչակագիրը տեղադրվել է Resmigazete-ում՝ դրանով ազդարարվելով հռչակագրի ուժի մեջ մտնելը։ Նշենք, որ 2021 թվականի հունիսի 15-ին Արցախից բռնազավթված Շուշիում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները ստորագրել են երկկողմ հարաբերություններում աննախադեպ համաձայնագիր, որը ստացավ Շուշիի հռչակագիր անվանումը։

 

 

ՈՒԿՐԱԻՆԱՆ՝ ԳՈՐԾԻՔ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արեւմուտքի վերջնական նպատակն անվանել է միաբեւեռ աշխարհի վերածնունդը: Արեւմուտքը ցանկանում է զսպել ցանկացած մրցակցի, հիմա դա Ռուսաստանն է, հաջորդ թիրախը կարող է լինել Չինաստանը: «Կասկած չկա, որ կանոններից մեկը, որը ցանկանում է կիրառել Արեւմուտքը, ցանկացած մրցակցի զսպումն է։ Հիմա, ահա, Ռուսաստանն է, հաջորդը հայտարարված է Չինաստանը, կամ այդ ամենը զուգահեռաբար տեղի կունենա։ Եւ կանոնների վրա հիմնված այս աշխարհակարգի նպատակը ոչ այլ ինչ է, քան միաբեւեռ աշխարհի ամբողջական վերածնունդը»,- ասել է նա: Լավրովի խոսքով՝  աշխարհում տեղի ունեցողը վերաբերում է ոչ միայն ու ոչ այնքան Ուկրաինային, դա նոր աշխարհակարգ ստեղծելու փորձ է։ «Այն, ինչ հիմա կատարվում է աշխարհում, իհարկե, ոչ միայն եւ ոչ այնքան Ուկրաինային է վերաբերում. դա նոր կարգ ձեւավորելու փորձի մասին է»,- ընդգծել է նա։ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան որպես Ռուսաստանի ինքնուրույնությունը ճնշելու գործիք է ընտրվել։

 

 

 

ՈՉԽԱՐ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղում գողություն են արել: Նրանք կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա: 27-ամյա վարորդը Էջմիածնի բնակիչ էր, ուղեւորը հենց օշականցի էր՝ 17 տարեկան: Մեքենայում կար եւս մեկ շնչավոր. բոլորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Աշտարակի բաժին: Նրանք մարտի 17-ի գիշերը Օշականում տարբեր մեքենաներից գողացել էին մարտկոցներ, իսկ մարտի լույս 19-ի գիշերը՝ վեց գլուխ ոչխար, որոնցից մեկը մեքենայում էր: Հետագա միջոցառումներով մարտկոցները հայտնաբերվել են մետաղների ընդունման կետերից: Ճշտվել է նաեւ ոչխարների տիրոջ ինքնությունը. նրանից ընդունվել է հաղորդում: Ոչխարները հայտնաբերվել են էջմիածինցի երիտասարդի տան բակում, բայց՝ միայն չորսը:

 

 

 

ԻՆՉՔԱՆ ՑՈՐԵՆ ԿՍՏԱՆԱ

Օրերս Ազգային ժողովի ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը ներկայացնելիս նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է շուրջ 4000 պայմանագիր: «Ձեռք է բերվել 4050. 4 տոննա բարձրորակ սերմ, եւ կատարվել է ցանք 13000 հա հողատարածքի վրա: Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն եւ կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակներում կնքվել է 3736 պայմանագիր»,- պատգամավորներին է ներկայացրել նախարար Քերոբյանը:

Ներկայացված տվյալների մասով ArmLur.am-ը տնտեսագետ Կարեն Սարսգյանից հետաքրքրվեց՝ ինչ են հուշում թվերն, ու հնարավոր է արդյոք, որ բերքահավաքից հետո փոքրիշատե բարձրանա ցորենքի ինքնաբավության ցուցանիշը: «Համեմատելով նախորդ տարվա տվյալների հետ, ինչպես նաեւ համադրելով հանգամանքը, որ ցորենի ցանքատարածությունների մակերեսը չի ավելացել՝ կարելի է ենթադրել, որ ցորենի բերքի ծավալներն այս տարի էլ նույնը կլինեն՝ մոտ 24-25 տոկոս: Փոքր-ինչ կարող է սերմնացուի որակը դեր խաղալ, այսինքն՝ եթե բերքատու սորտ լինի, ապա բերքն ավելի շատ կլինի, բայց դա էլ է հարաբերական, որովհետեւ գյուղատնտեսական մի շարք հանգամանքներ նույնպես նշանակություն ունեն»,- ասում է մեր զրուցակիցը: Նշենք, որ կապված ռուս-ուկարինական պատերազմի հետ՝ պարենի անվտանգության մասնագետներն ահազանգում են՝ Հայաստանը, որ ցորենի առյուծի բաժինը՝ ավելի քան 70 տոկոսը, Ռուսաստանից է ներկրում, կարող է հացի խնդրի առաջ կանգնել:

 

ԱԺ-Ն ՄԵՐԺԵՑ

ՀՀ Ազգային ժողովը ձայների 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելու հայտարարությունները քրեորեն պատժելի դարձնելու ընդդիմության առաջարկը։ Նախագիծը հեղինակել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Նախքան քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Արամ Վարդեւանյանն արձագանքեց նրա հայտարարությանը՝ ասելով. «Այս նախագիծն այն մասին էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որեւէ մեկի կողմից կասկածի տակ դնելն իր հանրային խոսքով, կարծիքով եւ նման դիրսկուրս առաջացնելը քրեորեն հետապնդելի արարք լիներ»։

 

 




Լրահոս