ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՎԵԴԻԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն՝ 1999-2021 թվականների ընթացքում Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Այս մասին փոխանցում է ՀՀ քննչական կոմիտեն:

 

Վեդի համայնքի ղեկավարը, խախտելով ՀՀ կառավարության 29.12.2011 թիվ 1920-Ն որոշման պահանջները, իր մտերիմ անձին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Արարատի մարզի Վեդի քաղաքի անմիջականորեն հանրապետական նշանակության ճանապարհի վրա գտնվող եւ ըստ համայնքի գլխավոր հատակագծի «փողոց-հրապարակ» հանդիսացող եւ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված չմասնավորեցվող հողամասերի ցանկում ներառված Արարատյան փողոցում գտնվող, համապատասխանաբար 18քմ եւ 20քմ, 20քմ եւ 20քմ չափերով հողամասերը բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից, առանց լիազոր մարմնի համաձայնության, փոփոխել է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության եւ կառուցապատման իրավունքով 99 տարի ժամկետով տվել է վերջինիս: Այնուհետեւ Վեդի համայնքի ղեկավարը, խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման 8-րդ կետով սահմանված պահանջները, առանց լիազոր մարմինների հետ համաձայնեցման, 2019 թվականի հուլիսի 29-ի` իր որոշմամբ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի վերաբերյալ տվել է առեւտրի սրահ կառուցելու ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ ավելի ուշ՝ 2020 թվականի հունվարի 21-ին եւ 2020 թվականի դեկտեմբերի 23-ին՝ շինարարության թույլտվություն:

Վերը նկարագրված արարքի համար Վեդի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության ընթացքում կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ Վեդի համայնքի նախկին ղեկավարի պաշտոնավարման ժամանակահատվածում մի շարք համայնքային գույքերի, այդ թվում՝ իր մերձավորների անվամբ օտարված շուրջ 40-ից ավելի գույքերի, իր եւ որդու անվամբ Ծաղկաձոր եւ Դիլիջան համայնքներում ձեռք բերված անշարժ գույքերի իրավաչափության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Ն. Պ.

 

 

ՔՐԳՈՐԾԵՐ ԵՆ ՀԱՐՈՒՑՎԵԼ

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ. մարտի 7-ին, մարտի 8-ին, մարտի 9-ից մինչեւ մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից ազգային ատելության շարժառիթով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով զուգորդված ահաբեկչությամբ, պայթյունի, հրկիզման, մարդկային զոհեր, գույքային վնաս պատճառելու եւ հասարակական անվտանգությունը խախտելու՝ բնակչությանը ահաբեկելու նպատակով տարբեր տրամաչափի ականանետային համակարգերի գործադրմամբ Ասկերանի շրջանի Փառուխ, Խրամորթ, Խնապատ, Նախիջեւանիկ գյուղերի եւ Ասկերան քաղաքի վարչական տարածքները պարբերաբար արկակոծելու, Խրամորթ գյուղի բնակիչ Սուրեն Բաղրյանին բեկորային վիրավորում պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի որոշմամբ՝ ազատ է արձակվել նախկին ռազմագերի Արման Խաչատրյանը: Դատարանը մերժել է Արման Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու քննիչի միջնորդությունը։ Մարտի 28-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ Խաչատրյանը գերեվարվել էր նոյեմբերի 16-ի իրադարձությունների ժամանակ, իսկ, ահա, նրան Հայաստան էին վերադարձրել դեկտեմբերի 29-ին, որից հետո կալանավորվել էր: Ըստ Քննչական կոմիտեի՝ նրան մեղադրանք է առաջադրվել մարտական ծառայության կանոնները խախտելու համար: Ի դեպ, Խաչատրյանը նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում գերեվարված, ապա հայրենադարձված արդեն վեցերորդ զինվորականն էր, որին մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց: Արձանագրենք՝ կալանավորված նախկին բոլոր 6 ռազմագերիները դատարանի որոշումներով ազատ են արձակվել, վերջին կալանավորվածը նախկին ռազմագերի Արման Խաչատրյանն է, որը ազատ կարձակվի մարտի 28-ին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան էին տեղափոխվել 10 ռազմագերի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով։ Գերությունից վերադառնալուց հետո զինծառայողները հարցաքննվել են ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա նրանցից 5-ին մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանք։ Վարույթն իրականացնող մարմինը վերադարձած 5 գերիների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել էր, եւ 3 ամիս անց բոլոր կալանավորված նախկին ռազմագերիները դատարանների որոշմամբ ազատության մեջ են:

 

 

 

ՎԱԽԵՑԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ

Փետրվարի 7-ին առաջին ատյանի դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունն ու որոշեց կալանավորել Սյունիքի մարզի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Դատավորը մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: 36-ամյա Բախշիյանը չի ընդունում մեղադրանքը, պնդում է, թե իր հետ տեղի ունեցող գործընթացը ուղիղ միջամտություն է դատավորի լիազորությունների իրականացմանը։

Ըստ մեղադրանքի՝ Բախշիյանն ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին։ Վերջինս Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է: Մկրտչյանը դեկտեմբերին տեղի ունեցած նիստին չէր ներկայացել, ինչը դատարանն անհարգելի էր համարել ու խափանման միջոց ստորագրությունը փոխարինել էր կալանքով։ Արդյունքում պաշտպանական կողմը խափանման միջոցի հարցը բողոքարկել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանում, եւ բողոքը քննել է դատավոր Տիգրան Սիմոնյանը: Որոշումը կհրապարակվի այսօր՝ 18:00-ին: ArmLur.am-ի հետ զրույցում կալանավորված դատավորի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատավոր Սիմոնյանը վախեցած դատավորների կազմում է:

 

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ ՈՒ ՎՆԱՍԵԼ Է

Մարտի 21-ին՝ ժամը 20:25-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ նախկին ամուսինը ստիպողաբար իրենից վերցրել է 13000 ռուբլի, բջջային հեռախոսներ, անձնագրեր եւ իրեն ծեծի ենթարկելով՝ սպառնացել, թե կվնասի: Պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանություն զանգած կնոջ նախկին ամուսինը, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, կնոջ կամքին հակառակ մտել է բնակարան, ծեծել նրան, սպառնացել, ապա ննջասենյակի պահարանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսներ, 11 000 ռուբլի, ոսկյա ականջօղեր, անձնագրեր, բանկային քարտեր ու հեռացել, ինչից հետո զանգել է կնոջը եւ անձնագրերը վերադարձնելու համար պահանջել 400 000 դրամ: Հարուցվել է քրեական գործ: 30-ամյա տղամարդը Պռոշյան գյուղի Երեւանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նա ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

 

 




Լրահոս