«ՀԱՏՈՒԿ ԴԱՍԱՐԱՆ». ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով «Շանթ» հեռուստատեսության եթերում կհեռարձակվի «Հատուկ դասարան» բազմասերիանոց նոր դրաման: ArmLur.am-ի հետ զրույցում հեռուստասերիալի սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը խոսել է սցենարի ընտրության եւ զարգացումների մասին:

 

Անի Մաղաքյանը մեզ հետ զրույցում անկեղծանալով նշում է, որ վերնագրի ընտրության շատ հնարավորություններ են եղել, բայց առավել համապատասխանել է «Հատուկ դասարան» անվանումը: Ինչպես նկատում է մեր զրուցակիցը, թեման եւ պատմությունը շատ նրբություններ ունեն. պետք էր ամեն ինչ ճիշտ ներկայացնել:

«Սովորական մի դպրոցում ունենք «Հատուկ դասարան», որը հատուկ բացվել է դպրոցում «պրոբլեմատիկ» դեռահասների համար՝ նրանց երկրորդ հնարավորություն տալու նպատակով: Այդ դեռահասաներից յուրաքանչյուրն ունի իր անձնական խնդիրը, դրամատիկ գիծը, խնդիրներ ծնողների, հասարակության հետ, սոցիալական ծանրաբեռնվածությունն ու կարգավիճակը, եւ այս ամենի հետ մեկտեղ նրանք բախվում են նաեւ դպրոցի ներսում խտրականության, ենթարկվում ճնշումների: Տարբեր աշխարհների աշակերտների համար դառնում  է պայքար ոչ միայն  կյանքում, այլ նաեւ դպրոցի տարածքում, որտեղ երեխաները գոյության պայքար են մղում: Հնարավոր է՝ շատ բարդ եմ ներկայացում, բայց իրականում  այդ բոլոր իրադարձությունները տեղի են ունենում երիտասարդների հետ»,- պատմում է մեր զրուցակիցը:

Անի Մաղաքյանի խոսքով՝ հեռուստասերիալում կան հետաքրքիր սիրային գծեր՝ առաջին սեր, առաջին հիասթափություն, անսահման հումորային էլէմենտներ, որոնք ուղեկցելու են կերպարներին: Հումորային ընդգծումները հնարավորություն կտան հեռուստադիտողներին ավելի թեթեւ, հաճույքով նայել եւ շատ չլարվել:

«Դաշտում վաղուց նման թեմայով նախագիծ չէր արվում «Էլենի օրագրի» ֆենոմենալ նախագծից հետո: Մենք ուզում էինք այլ թեմաների անդրադառնալ՝ ներգրավելով տարբեր տարիքային խմբերի: Մեր նախորդ նախագիծը միջին տարիքի կանանց մասին էր: Իմ կարծիքով՝ հասունացել էր այն պահը, որ նորից անդրադառնանք երիտասարդների խնդիրներին, եւ առաջարկ ստացա «Շանթ» հեռուստաընկերության կողմից, արդյունքում ծնվեց այս պատմությունը: Կարծում եմ՝ այս նախագիծը եւս  հեռուստադիտողների կողմից կսիրվի: Սա իսկապես պահանջված թեմա է դաշտում»,- ընդգծում է նա՝ նշելով, որ նախատեսվում է երկար նախագիծ: Անին այս պահին հստակ սերիաների քանակը նշել չի կարող, քանի որ բազասերիանոց նախագծերի դեպքում հնարավոր է տատանվի սերիաների քանակը:

Նշենք, որ սերիալի դերասանական կազմում են Նելլի Խերանյանը, Անի Պետրոսյանը, Վիլեն Սարգսյանը, Մանվել Խաչատրյանը, Տիգրան Ներսիսյանը, Սուրեն Թումասյանը, Դալիթան եւ ուրիշներ:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԲԱՑԱՌԻԿ ԻՆՔՆԱԵՌՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տարբեր թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում պահվող 19 եւ 20-րդ դարերի մի շարք բացառիկ ինքնաեռներ, որոնք գեղարվեստական եւ պատմական արժեք ունեն, ցուցադրվում են «Սամովար» խորագրով ցուցահանդեսում, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 22-ին Ռուսական արվեստի թանգարանում:

 

Բացումն ուղեկցվեց ռուսական ավանդական թեյախմության արարողությամբ։

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը տեղեկացրեց, որ ցուցադրված են ռուսական հայտնի գործարանների` «Բատաշյովների», «Վորոնցովների», «Գուդկովի», «Շեմարինների» արտադրանքները, որոնցից ժամանակին ձեռք են բերել Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Սիամանթոն եւ Գաբրիել Սունդուկյանը, որոնց անձնական ինքնաեռները եւս ընդգրկված են ցուցահանդեսում:

«Ռուսաստանի Տուլա քաղաքը համարվել է ինքնաեռի քաղաք, բայց Մոսկվայում ու Պետերբուրգում եւս եղել են ինքնաեռների գործարաններ, որոնք մայրաքաղաքային ոճ են թելադրել: Ինքնաեռները ոչ միայն տան, այլեւ ճանապարհորդական կարեւոր բաղկացուցիչ էին: Կային զինվորական ինքնաեռներ: Ինքնաեռները լինում էին երկու բաժակից մինչեւ 44 լիտր տարողությամբ: Սկզբում ինքնաեռները գործում էին փայտի, կոների շնորհիվ, հետագայում՝ հեղուկի հիմքի վրա, իսկ 20-րդ դարի կեսերին՝ 1958 թվականին,  արտադրվեց առաջին էլեկտրական ինքնաեռը»,-պատմեց Մկրտչյանը:

Ցուցադրությանը ներկա էին մշակութային, հասարակական, քաղաքական գործիչներ, դիվանագետներ: ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ այս ցուցադրությամբ Ռուսաստանը ներկայանում է Երեւանում: «Ռուսական արվեստի թանգարանը ցույց տվեց, որ այն մի կողմից ռուսական մշակույթը Հայաստանում ներկայացնելու կարեւոր օջախ է, իսկ մյուս կողմից՝ երկու երկրներին, ժողովուրդներին կապող կարեւոր օղակ: Հույս ունեմ, որ այս ցուցադրությունը եւ՛ ճանաչողական կլինի, եւ՛ մեծ բավականություն կպատճառի այցելուներին»,-ընդգծեց դեսպանն ու հիշեցրեց, որ 2022-ին նշվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: «Սամովար» ցուցադրությունը երկու երկրների դիվանագիտական կապերի հաստատման հոբելյանին նվիրված միջոցառումներից է:  Կոպիրկինը վստահ է, որ այն դրական հետք կթողնի  թե՛ հայերի, թե՛ ռուսների հիշողության մեջ:

 

 

 

ՈՒԵԼՍԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլն առանց սահմանափակումների մարզվում է Ուելսի հավաքականում, թեեւ մեջքի ցավերի պատճառով չէր մասնակցել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպմանը («Ռեալը» պարտվել էր 0։4 հաշվով)։ 32-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է օգնել Ուելսի հավաքականին աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում. հաղորդում է AS-ը։ Մարտի 24-ին Ուելսի հավաքականը կընդունի ավստրիացիներին։ Բեյլի պայմանագիրն Արքայական ակումբի հետ կավարտվի ամռանը, նա կհեռանա։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Բեյլը մասնակցել է 4 հանդիպման, խփել 1 գոլ։

 

 

 

ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ ԳՈՂԱՑԵԼ ԵՆ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է, որ իր առանձնատնից գողացել են չհրկիզվող պահարանը։ Ֆուտբոլիստի տունը թալանել էին անցած շաբաթ՝ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման ժամանակ։ Տանը եղել էին Պոգբայի երեխաները դայակի հետ։ «Գողացել են չհրկիզվող պահարանը։ Այնտեղ մորս զարդերն էին եւ իմ ոսկե մեդալը, որը ստացել էի 2018թ. աշխարհի առաջնությունում։ Բայց ամենաահավորն այն է, որ այդ պահին տանը դայակի հետ իմ երեխաներն էին։ Նրանք ամեն ինչ լսել են, փակվել են սենյակում, անմիջապես զանգել են կնոջս եւ անվտանգության աշխատակիցներին։ Մի քանի օր այդ կինը շոկային վիճակում էր։ Երեխաների հետ ամեն ինչ կարգին է»,-ասել է Պոգբան: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Աթլետիկոյին» պարտվել էր 0։1 հաշվով եւ դուրս մնացել Չեմպիոնների լիգայից։

 

 

ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանցի գործարար, Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը մտադիր է ձեռք բերել թուրքական «Գյոզտեպե» ֆուտբոլային ակումբը։ Մեծ Բրիտանիայում տնտեսական պատժամիջոցների ենթարկված Աբրամովիչը միջնորդների օգնությամբ այժմ բանակցում է Իզմիրը ներկայացնող ակումբի նախագահ Մեհմետ Սեպիլի հետ. հաղորդում է CNN Turk-ը։ «Գյոզտեպեն» անհաջող է հանդես գալիս Թուրքիայի ընթացիկ առաջնությունում, 30 խաղում վաստակել է 27 միավոր եւ 18-րդն է։ Սեպիլն արդեն հայտարարել է, որ մտադիր է վաճառել ակումբը։ Աբրամովիչն էլ այժմ փորձում է վաճառել Լոնդոնի «Չելսին», որը նույնպես տնտեսական պատժամիջոցների տակ է եւ զրկվել է առեւտրային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից։




Լրահոս