ՆՈՐ ՃԱԿԱՏ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, վերադառնալով Խրամորթից, ականատեսի վկայությամբ ներկայացրեց իրավիճակը: Ինչպես նշում է պատգամավորը, Խրամորթում իրավիճակը խաղաղ է: Թովմասյանը նշեց, որ Խրամորթի համայնքապետը, ի պատասխան ադրբեջանական նամազի, հայկական ռազմահայրենասիրական երգեր է հնչեցրել գյուղում, ինչը լսելի է եղել գյուղի բոլոր հատվածներում: «Մենք հանկարծակի իմացանք, որ վերեւում՝ Փանուխ համայնքի վրա հարձակում է տեղի ունեցել, եւ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ներթափանցել են համայնք… Ես ուզում եմ արձանագրել, որ սա ակնհայտորեն սադրանք է առաջին հերթին ռուս խաղաղապահների նկատմամբ: Ինչո՞ւ. որովհետեւ հայկական զորք այդ երկու համայնքներում չկա.. Հաշվի առնելով, որ այս պահին Ռուսաստանում, մեղմ ասած, խառը վիճակ է, Ադրբեջանը փորձում է այստեղ նոր ճակատ բացել Ռուսաստանի համար»: Պատգամավորը նշեց, որ այս դեպքերը ազդակ են այն բանի, որ նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթուղթը, ըստ էության, սկսել է չգործել: Այս պահին, Թագուհի Թովմասյանի փոխանցմամբ, ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում, որ ադրբեջանցիները գնան իրենց ելման դիրքեր: Ըստ պատգամավորի՝ Խրամորթը ռազմավարական նշանակալի համայնք է, այն գտնվում է բարձրունքում, ինչը եւ ադրբեջանցիները ուզում են գրավել՝ լիարժեք վերահսկողություն սահմանելու համար, քանի որ այս երկու համայնքներից է, որ Ակնան (Աղդամը) ամբողջապես տեսանելի է: Ըստ պատգամավորի՝ վիճակը շատ անկայուն է, ընդհուպ նոր էսկալացիայի վտանգ կա:

 

 

 

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ՔՊ-ականների հարաբերությունները վերջին ամիսներին է՛լ ավելի են լարվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թե՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, թե՛ գործադրի ներսում հույս են ունեցել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարությունյանին մեկ այլ տեղ կգործուղի, ու իրենք «կազատագրվեն» նրանից: Ի սկզբանե, հիշեցնենք, ՀՀ նախագահի պաշտոնում իշխանությունը հենց նրա անունն էր շրջանառում: Մեզ հասած տեղեկություններով՝ Փաշինյանին թիմակիցների մասին համար առաջին տեղեկություններ փոխանցողը Հարությունյանն է, ում խորհուրդներին էլ անսալով՝ վարչապետը նկատողություններ է անում կամ որոշում՝ ում իր «սեւ ցուցակում» ներառել: «Հարությունյանը խառնվում է գրեթե բոլորի գործերին, հրահանգներ իջեցնում նախարարին ու ոչ միայն: Հատկապես ՔՊ վարչության ներկայացուցիչները, որ անվստահություն ունեն Հարությունյանի նկատմամբ, մոտ 5-6 ամիս որեւէ շփում չունեն նրա հետ: Բոլորն էլ փորձում են Փաշինյանի հետ ուղիղ շփվել. հասկացել են, որ Արայիկ Հարությունյանը բոլոր ինֆորմացիաները վարչապետին իր նախընտրելի սոուսով է մատուցում: Հատկապես կրթությանը վերաբերող հարցերում ասես չհամակերպվելով նախարարի պաշտոնը կորցնելու հետ՝ անում է հնարավորն իր ասածն առաջ տանելու համար. «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին մերձկառավարական աղբյուրները:

 

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի «Մարտի 1»-ի մասով հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է: Ի դեպ, կարճման, գործընթացը բավականին ուշագրավ հանգամանքներում է կատարվել, որին կանդրադառնանք առաջիկայում: Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն տվել էր ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի, ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի անունները` մատնանշելով, թե կոնկրետ ինչ գործառույթներ են վերջիններս իրականացրել: Եվ, ահա, վերոնշյալ պաշտոնյաներից ոմանք ընդունեցին իրենց մեղքը, եւ վաղեմության ժամկետի հիմքով նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց: Մասնավորապես, ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանի մասով գործը կարճվել էր: Եվ, ահա, կարճվել է նաեւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի մասով գործը: Տեղեկությունը փորձեցինք պարզել Հակակոռուպցիոն կոմիտեից, որոնց պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը իր երեկվա համարում գրել էր, որ կառավարությունը նախագծերը գաղտնի է քննարկում, անցկացնում չզեկուցվողների անվան տակ։ Եվ, ահա, կառավարությունը երեկ չզեկուցվող նախագծով բարձրացրեց իրավապահ համակարգի քննիչների աշխատավարձը: Մասնավորապես, կառավարության պահուստային ֆոնդից 4,1 մլրդ դրամ կամ 8,2 մլն դոլար հատկացվեց Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի եւ Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Ընդհանուր գումարից 3 մլրդ 120 մլն դրամ հատակացվեց ԱԱԾ-ին, 340 մլն՝ Ոստիկանությանը, եւ 643 մլն՝ Քննչական կոմիտեին: Գումարի հատկացման հիմնավորումն այն է, որ քննիչների ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավելու անհրաժեշտություն կա, քանի որ քրգործերի թիվն աճել է, եւ քննիչները սկսել են լքել համակարգը: Մասնավորապես,  643 մլն դրամը կուղղվի քննիչների աշխատավարձերի բարձրացմանը:

 

 

 




Լրահոս