Երեւանն ու Մոսկվան քննարկում են Հայաստան մատակարարվող ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հարցը: Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Պաշտոնյան մանրամասներ չհայտնեց՝ պատասխանելով խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ հնարավորություն կա՞ Ռուսաստանի հետ նման տարբերակ քննարկելու։
«Այո՛, պարոն Բագրատյան, քննարկվում է, որովհետեւ նաեւ քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, որի քննարկման օրակարգում, բնականաբար, երկրները ներկայացնում են նաեւ իրենց առաջարկությունները, եւ, բնականաբար, երկրները նախեւառաջ առաջարկություններ են ներկայացնում, որ էդ հարցի լուծմանը զուգահեռ նաեւ լուծվեն ամենախոշոր ներմուծման դիմաց արտարժույթ արտահանվող գործիքների հարցը։ Ես հիմա չեմ կարող խոստանալ, որ էդ հարցը լուծում կունենա, որովհետեւ կան օբյեկտիվ պատճառներ, բայց, այնուամենայնիվ, այսօր արդեն առնվազն գլոբալ իմաստով էդ հարցը քննարկվում է նաեւ հանրային տիրույթում, եւ ինչ-որ պահի, ես կարծում եմ, կդառնա շատ ավելի կոնկրետ օրակարգային», – ասաց Գրիգորյանը։
Տարիներ ի վեր, հատկապես` 2015-ին Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո, պաշտոնական Երեւանը բազմիցս բարձրացրել է տնտեսական միության շրջանակում ռուսական էներգակիրների՝ ներառյալ բնական գազի դիմաց ռուբլով վճարում կատարելու հարցը։
Պաշտոնապես շարունակաբար հաղորդվում էր, թե հարցը քննարկվում է։ Միաժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց, թե որոշում է կայացվել «ոչ բարեկամ» երկրներին՝ Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը ռուսական բնական գազը վաճառել ռուբլով՝ հրաժարվելով դոլարից ու եվրոյից։ Նախորդ տարի Ռուսաստանը Եվրամիությանը վաճառել է ավելի քան 155 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, ինչը շուրջ 25 տոկոսով ավելի է տասը տարվա վաղեմության ցուցանիշից, եւ ինչը կազմել է ողջ Եվրամիության ներմուծած կապույտ վառելիքի մոտ 45 տոկոսը կամ Եվրամիության սպառած գազի 40 տոկոսը։ Եվրահանձնաժողովի օրերս հրապարակած ծրագրի նախնական տարբերակի համաձայն՝ նախատեսվում է մինչեւ այս տարվա վերջ նշված 155 միլիարդ խորանարդ մետրից 102 միլիարդը այլեւս ներմուծել ոչ Ռուսաստանից՝ թուլացնելով Բրյուսելի էներգետիկ կախվածությունը Մոսկվայից։ Հայաստանյան փորձագիտական հանրությունում թերահավատ են, որ Կրեմլը կգնա իր ողջ էներգակիրները միայն ռուբլով վաճառելու տարբերակին հատկապես հիմա, երբ Մոսկվային հարկավոր է կայուն արժույթ՝ դոլար ու եվրո։ Տարեկան Հայաստանը Ռուսաստանից ներմուծում է ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Սահմանին «Գազպրոմը» իրեն պատկանող «Գազպրոմ Արմենիային» այն վաճառում է 1000 խորանարդ մետրը 165 դոլարով, սակայն բնակարաններում հայաստանցիները վճարում են գրեթե երկու անգամ թանկ, որն էլ, ինչպես հայտնի է, ապրիլի 1-ից է՛լ ավելի է թանկանալու։ Պուտինն ասել է, որ մոտ ապագայում Ռուսաստանը կանցնի ոչ բարեկամ երկրներին գազի մատակարարման համար ռուբլով վճարմանը, եւ հանձնարարել է Կենտրոնական բանկին եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությանը մեկ շաբաթվա ընթացքում որոշել Եվրոպայի հետ համապատասխան գործարքների իրականացման կարգը։ Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի գազ մատակարարել պայմանագրերով նախատեսված ծավալներին եւ գներին համապատասխան։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ Մոսկվայի բորսայում սակարկությունների ժամանակ դոլարի փոխարժեքը իջել է 100 ռուբլուց մարտի 3-ից հետո առաջին անգամ։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրաժարվում է պատասխանել Պենտագոնի ղեկավարության հեռախոսազանգերին: ԱՄՆ-ի զինվորականների եւ Ռուսաստանի միջեւ հաղորդակցությունն ավելի հազվադեպ է դարձել, քան նախկինում։ Փորձագետները մտահոգություն են հայտնում, որ դա կարող է հանգեցնել կոնֆլիկտի սրման ինչ-որ պատահական միջադեպի պատճառով։ Հիշեցնենք, որ երեկ լրացավ ռուս-ուկրաինական պատերազմի մեկ ամիսը:
ՀԱՆԳԱՄԱՆՔՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ
2022 թվականի դրությամբ ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցներից մոտ 30.000 գտնվում են հետախուզման մեջ. սրանց մեջ մեծ տոկոս են կազմում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հետախուզման մեջ գտնվողները: 2022 թվականից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը, որի համաձայն՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնելիս էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվելու է հարկադիր կատարողի որոշմամբ տրանսպորտային միջոցի հետախուզման բացակայության հանգամանքը: Օրենսդրական այս բարեփոխման արդյունքում կօգտվեն հազարավոր այն քաղաքացիները կամ իրավաբանական անձինք, որոնց հանդեպ մեկ այլ անձ ունի ֆինանսական պարտավորություն, սակայն շարունակում է շահագործել իրեն պատկանող, բայց դատարանի վճռով հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցը:
ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՃՆՇՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բաքուն աստիճանաբար ընդլայնում է Արցախի վրա ճնշման հնարավորությունները, եւ դա չի սահմանափակվում միայն գազամատակարարման կասեցմամբ։ Այս մասին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ տվյալ փուլում բոլոր մարտահրավերների եւ սպառնալիքների մասին խոսելն անարդյունավետ է։ Այնուամենայնիվ, նա խոստովանեց, որ Արցախի շուրջ տագնապալի գործընթացներ են տեղի ունենում։ «Ստեղծված իրավիճակից ելքը դեռ չի քննարկվում»,-ասել է Աբրահամյանը: Պատգամավորի խոսքով՝ գազամատակարարման խափանումները շղթայական ռեակցիա են առաջացրել եւ արտացոլվել Արցախի հայերի կյանքի բազմաթիվ ոլորտների վրա՝ մանկապարտեզներից մինչեւ ձեռնարկությունների աշխատանք։ «Եթե եղանակի տաքացումից հետո ջեռուցման հարցը հետին պլան մղվի, ապա տնտեսության եւ արդյունաբերության համար բացասական էֆեկտը միայն կշարունակի ուժեղանալ»,- նշել է պատգամավորը։
19 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422401-ի: Մինչեւ այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2959560 է: Փաստացի այս պահին բուժվում է 2490 պացիենտ, նվազել է 29-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 409635 անձ, վերջին մեկ օրում՝ 47 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8604 է: Նախորդ օրը արձանագրվել նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1672 է:
ՍԱՆԻԿԻ ՎՐԱ ԿՐԱԿՈՂԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
ArmLur.am-ը օրերս գրել էր, որ «Մալխաս ջազ» ակումբի եւ «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատեր Արսեն Սարգսյանը դեռեւս ցուցմունք չի տվել, քանի որ ի վիճակի չէ ցուցմունք տալ: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները մի քանի վկաների են հարցաքննել, որոնք նշում են, թե որեւէ բան չեն տեսել: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հայտնել էր, որ «Մալխաս ջազ» ակումբի սեփականատիրոջ դեմ կրակոցների գործով կա մեկ ձերբակալված անձ, որի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին կրակոցներ էին հնչել Երեւանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ վիրավորը քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանեւսկոյի սանիկն է՝ Արսեն Սարգսյանը, որը հանրապետությունում հայտնի «Մալխաս ջազ» ակումբի եւ «Սմոքինգ» ռեստորանային համալիրի սեփականատերն է: Պարզվել է, որ նշված շենքի բակում անհայտ անձը դեռեւս չպարզված հրազենից մի քանի կրակոց է արձակել Ա. Սարգսյանի ուղղությամբ, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր եւ 2 հատ կրակված պարկուճ։
ՊԱՇՏՈՆ ԿՍՏԱՆԱ
Արաբկիրի արդեն նախկին թաղապետ Արամ Դանիելյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա։ ArmLur.am-ի տեղեկություններով` նա աշխատանքի կանցնի Երեւանի քաղաքապետարանում։ Թե ինչ պաշտոնի կանցնի, մեր աղբյուրը նշեց. «Առաջիկայում կիմանա»։ Նշենք, որ Դանիելյանն Արաբկիրի թաղապետի պաշտոնում պաշտոնավորում էր ավելի քան երեք տարի։ Հիշեցնենք, որ երեկ Արամ Դանիելյանը հայտնել էր Արաբկիրի թաղապետի պաշտոնից հեռանալու մասին:
ՆԱԽԱՐԱՐԻ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԹԱՐԱՑԵԼ Է
ArmLur.am-ի` կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ նախարար Վահրամ Դումանյանի առողջական վիճակը առավոտյան վատթարացել է: Ըստ մեր տեղեկությունների՝ նախարարը անգամ չի կարողացել ներկայանալ այսօր ՀՀ կառավարության հերթական նիստին ու հետաձգել է իր բոլոր պաշտոնական հանդիպումները: Նախարար Դումանյանն այժմ բժշկական հետազոտություններ է անցնում Երեւանի բժշական կենտրոններից մեկում: