Փայլակ Սարգսյանը դատաքննության ընթացքում իրեն լիովին մեղավոր ճանաչեց եւ հրաժարվեց ցուցմունք տալուց: Հրապարակվել է ամբաստանյալ Փայլակ Լեւիկի Սարգսյանի նախաքննութան ընթացքում որպես կասկածյալ տված ցուցմունքը. «… Ըստ էության ցուցմունք եմ տալիս այն մասին, որ բնակվում եմ վերը նշված հասցեում կնոջս՝ եւ անչափահաս երկու երեխաներիս հետ միասին։
2021 թվականի սեպտեմբերի 20֊ին՝ ժամը 18:00-ին, ես դուրս եմ եկել աշխատանքից եւ գնացել տուն։ Տանը ես օղի եմ խմել, որից հետո՝ ժամը 21:00-ի սահմաններում, դուրս եմ եկել տանից ու դրսում գարեջուր խմել։ Խմելու արդյունքում ես հիշեցի Երեւան քաղաքի երթուղային տրանսպորտի հետ կապված խնդիրները ու որոշեցի այդ խնդրին լուծում տալու պահանջով զանգահարել ոստիկանություն։ Ժամը 21:30-ի սահմաններում, երբ գտնվում էի Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Գայի արձանի մոտակայքում, ես իմ բջջային հեռախոսահամարով զանգահարեցի ոստիկանության 1-02 հեռախոսահամարին ու ներկայացրեցի տրանսպորտի հետ կապված խնդիրները։ Այդ խոսակցության ընթացքում ես չեմ հիշում՝ ինչից բորբոքվեցի, ու հայհոյանքներ հնչեցրեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տրանսպորտի նախարարի, ում տվյալները չգիտեմ, ինչպես նաեւ նրանց ընտանիքների հասցեներին։ Քանի որ ոստիկանի հետ խոսելու ժամանակ ես հայտնել էի, թե որտեղ եմ այդ պահին գտնվում, ուստի խոսակցությունից քիչ անց ինձ զանգահարեցին ոստիկաններ, ես նրանց ասացի տեղս, նրանք եկան ու ինձ բերման ենթարկեցին Նոր Նորքի բաժին։ Հարց։ Առաջարկում եմ հայտնել, թե Դուք կոնկրետ ինչ հայհոյանքներ եք հնչեցրել վերը հիշատակված անձանց հասցեներին։ Պատասխան։ Ես չեմ ցանկանում կրկնել այն, ինչ ասել եմ, քանի որ ես իրոք զղջում եմ տեղի ունեցածի համար, սթափ վիճակում ես նման խոսքեր հաստատ չէի ասի, դա արել եմ ալկոհոլի ազդեցության տակ, ուստի ես հիմա չեմ ցանկանում դրանք կրկնել։ Հարց։ Ձեզ եմ ներկայացնում Ձեր կողմից շահագործվող բջջային հեռախոսահամարով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ 1-02 հեռախոսահամարին կատարված հեռախոսազանգի արդյունքում ոստիկանության աշխատակցի հետ ունեցած 13 րոպե 50 վայրկյան տեւողությամբ ձայնագրությունը եւ առաջարկում եմ հայտնել, թե նշված ձայնագրության ընթացքում արդյոք Դուք եք խոսում, թե ոչ։ Պատասխան։ Ես լսեցի ձայնագրությունը եւ հայտնում եմ, որ դրա ընթացքում խոսում եմ ես երկու տարբեր՝ մի աղջիկ եւ մի տղա ոստիկանների հետ, սակայն չեմ ցանկանում այդ խոսակցության ընթացքում ասածներս մեկնաբանել։ Հարց: Նույն ձայնագրության ընթացքում Դուք անդրադառնում եք նաեւ սեռական բնույթի ոտնձգություններին, ինչ-որ գողության դեպքի։ Առաջարկում եմ պարզաբանել եւ հայտնել, թե արդյոք ինչ է տեղի ունեցել։ Պատասխան։ Ես նման օրինակներ եմ բերել, որպեսզի իմ հետ խոսացող ոստիկանը հասկանա, որ տրանսպորտում շատ մարդկանց պատճառով կարող են տեղի ունենալ այդպիսի ոտնձգություններ եւ գողություններ, ուստի պետք է հարցին լուծում տալ, ես կոնկրետ որեւէ դեպք նկատի չեմ ունեցել, իմ, իմ ընտանիքի անդամների կամ ծանոթներիս հետ նման դեպքեր տեղի չեն ունեցել։ Հարց։ Նույն ձայնագրության ընթացքում Դուք ասում եք, որ Ձեր կնոջ կողմից աշխատանքից ուշ տուն վերադառնալու պատճառով նրա նկատմամբ բռնություն եք գործադրում։ Առաջարկում եմ պարզաբանել։ Պատասխան։ Ես, դա ասելով, կրկին ուղղակի օրինակ եմ բերել, որ ոստիկանը հասկանա, որ նման խնդիրներ նույնպես կարող են առաջանալ շատ ընտանիքներում, սակայն իմ ընտանիքում նման դեպք չի եղել, ես երբեւէ կնոջս վրա ձեռք չեմ բարձրացրել։ Կրկնում եմ, որ ես զղջում եմ տեղի ունեցածի համար, պնդում եմ տվածս ցուցմունքը եւ հրաժարվում եմ այլեւս որեւէ բան ասելուց կամ հարցի պատասխանելուց»: Նշենք, որ այս գործով հրապարակվել է վճիռ, եւ նա պատժվել է կատարած արարքի համար 500 հազար դրամով: Իսկ թե ինչպես պետք է բանվոր աշխատող Սարգսյանը դա վճարի, այլ խնդիր է:
Ք.Մ.
Freedom House-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը: «Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, որն արդեն շաբաթներ է՝ տառապում է սառնամանիքին, առանց ջեռուցման ու տաք ջրի»,- ասվում է հայտարարության մեջ: Արցախի տարածքում մարտի 8-ից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տեղանքում՝ Շուշիի մոտ տեղի ունեցած գազատարի վթարի հետեւանքով գազի մատակարարումը դադարեցված էր: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել Արցախի բնակչության համար: Մարտի 18-ին հաղորդվեց գազատարի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, հաջորդ օրվանից գազամատակարարումը վերականգնվեց: Սակայն ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Արցախի գազամատակարարումը կրկին դադարեցվել է՝ Ադրբեջանի ուղիղ միջամտության հետեւանքով: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմքեր կան ենթադրելու, որ գազատարի վերանորոգման ընթացքում Ադրբեջանը փական է տեղադրել գազատարի վրա, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը»,- նշված է կազմակերպության «Թվիթեր»-ի էջում:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրն արձագանքել է օրերս շրջանառվող այն տեղեկությանը, թե հնարավոր է Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիան ուղարկի Ուկրաինա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Իսմայիլ Դեմիրը հերքել է այդ տեղեկությունը՝ ասելով, որ դա Անկարայի համար չի կարող լինել քննարկման թեմա, իրենք նախկինի պես հիմա էլ շարունակում են համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ։ «Թուրքիան ի զորու է ինքնուրույն որոշել՝ ինչ քաղաքականություն վարի եւ ինչ ուղիով գնա։ Մեր դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հաստատվի խաղաղություն։ Եվ մենք ամեն ինչ անում ենք արյունահեղությունը դադարեցնելու համար»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Փոլ Քոլբը Wall Street Journal-ում «Թուրքիայի ռուսական հրթիռները կարող են պաշտպանել Ուկրաինան» վերնագրով վերլուծական հոդված էր հրապարակել։ Այդ հոդվածում նա առաջարկում էր Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիան փոխանցի Ուկրաինային՝ ռուսական կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենը Թուրքիան ԱՄՆ-ից ստանա F-35 ռազմական ինքնաթիռներ: Քոլբի հոդվածից հետո New York Times-ով տեղեկություն տարածվեց այն մասին, որ ԱՄՆ-ի իշխանություններն ունեցել են նման մտադրություն Թուրքիայի S-400-ները Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ։ Իսկ Reuters լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի պաշտոնյաները հնչեցրել են այդ առաջարկը։ Անգամ նշվում էր, որ ոչ պաշտոնական այդ առաջարկի մասին խոսվել է նաեւ մարտին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։
ՀԱՄԱՍԵՌԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում ընթանում է Երեւան քաղաքի բնակիչ, 2002 թվականին ծնված Էմիլ Անտաշյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2021 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 1-ի սահմաններում, համածառայողի անօգնական վիճակից օգտվելով, նրա կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի համասեռական գործողություն։ Է. Անտաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Սույն հոդվածով որակված գործողություները պատժվում են ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով։ «Դատալեքս» դատական տեղեկատվական կայքի տվյալներով՝ Է. Անտաշյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը։
ԴՊՐՈՑԻ ՋԵՐՄԱՏԱՆԸ ԵԼԱԿ ԵՆ ԱՃԵՑՆՈՒՄ
Դիլիջան խոշոր համայնքի Թեղուտ գյուղի միջնակարգ դպրոցի ջերմատունը այս տարեսկզբին տվել է հիդրոպոնիկ եղանակով աճեցված ելակի առաջին արտադրանքը։ Արդեն 13 տարի Թեղուտի դպրոցի տնօրեն աշխատող Արգամ Թամրազյանը շատ է կարեւորում դպրոցում ջերմատան առկայությունը։ Ջերմատունը հիմնվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, ՌԴ-ի ֆինանսավորմամբ։
Ընդհանուր առմամբ 400 քառակուսի մետր մակերեսով ջերմատան տարածքի 200քմ-ում հիդրոպոնիկ եղանակով աճեցվում է հոլանդական ելակ, մյուս կեսում՝ կանաչեղեն, շուտով նաեւ լոլիկ կաճեցվի։ Ջերմատան արտադրանքը սպառվում է անմիջապես դպրոցի ճաշարանում։ Արգամ Թամրազյանը նշեց, որ ելակի ավելցուկը վաճառվում է համայնքում, վաճառքից առաջացած գումարով կարողացել են փոխել դպրոցի ճաշարանի գույքը։ Ջերմատանը բերքի մշակմանը հաճույքով մասնակցում են Թեղուտի դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները։ Ա. Թամրազյանի վկայությամբ՝ դպրոցի ջերմատունը նաեւ ուսուցողական կենտրոն է, այն մեծ հետաքրքրություն է առաջացրել Թեղուտ գյուղի բնակիչների շրջանում։ Դպրոցի տնօրենն ասաց, որ շատերը, լսելով հիդրոպոնիկ եղանակով ելակի աճեցման մասին, չեն պատկերացնում, թե դա ինչպես է կատարվում, դպրոցի ջերմատանը ելակն աճեցվում է կոկոսի քերուկների մեջ կաթիլային ոռոգումով։ Նույն՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով Թեղուտի դպրոցում տեղադրվել է 30,4 ԿՎՏ հզորությամբ արեւային մարտկոց, որի արտադրած էլեկտրաէներգիան հոգում է 262 աշակերտ ունեցող Թեղուտի դպրոցի, դպրոցի ջերմատան էլեկտրաէներգիայի կարիքները։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ