ՎԵՐՋԱՊԵՍ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՄ ՏՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռասամանջարի» հայ-հնդկական գալա համերգին, որը տեղի կունենա մարտի 31-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որպես հատուկ հյուր ելույթ կունենա արմատներով հայ երաժիշտ, սիտարահար Պիտեր Դավիդյանը: Նա Հայաստան է ժամանել Ավստրալիայից։

 

Դավիդյանը երաժշտություն ուսանել է 8 տարեկանից՝ մասնակցելով ռիթմի եւ մեղեդու ֆորմալ դասերի: Տիրապետում է սիտար, կիթառ, հարմոնիում, հարվածային (ջազ եւ այլն), դարբուկա եւ տաբլա երաժշտական գործիքներին։ Նրա առաջին կիսապրոֆեսիոնալ ելույթը կայացել է 12 տարեկանում եւ շարունակվում է ավելի քան 50 տարի:

«1980-ական թվականներին սիտարի եւ հնդկական երաժշտության տեսության ինտենսիվ դասընթացներ եմ ունեցել Ջայպուր Գհարանայի (դպրոցի) հնդկական երաժշտության պրոֆեսոր Ուստադ Գուլամ Քադիր Խանի հետ։ Տարիների ընթացքում ներգրավված եմ եղել բազմաթիվ երաժշտական նախագծերի եւ միջոցառումների մեջ, այդ թվում՝ սիտարի մենահամերգներ, համաշխարհային երաժշտական նախագծեր, ֆիլմերի սաունդթրեքեր, ձայնագրություններ ստուդիաներում եւ կրթություն։ Ես նաեւ կոմպոզիտոր եմ. ունեմ սիտարով ներկայացված հնդկական, հայկական եւ արեւմտյան երաժշտական ժանրերի ձայնագրություններով 10-ից ավելի ալբոմ: Վերջին ալբոմներն են «Ինստրումենտալիզմ», «Արցախ» եւ «Հայկական սյուիտ»»,-պատմում է երաժիշտը:

Նա շեշտում է, որ Հայաստանն իր հայրենիքն է, եւ ինքն առաջինն է ընտանիքում, ով 3 սերունդ հետո վերադարձել է Ավստրալիայից։ Դավիդյանի նախնիները եկել են Ջուղայից, Նախիջեւանից մինչեւ 17-րդ դարի սկիզբը։ Հետո գնացել են դեպի Նոր Ջուղա, Սպահան, Իրան, որտեղ ծնվել են երաժշտի տատն ու պապը։ Նրանք, ինչպես շատերը Նոր Ջուղայից, գնացել են Հնդկաստան։ Հետագայում տեղափոխվել են Ինդոնեզիա, այնուհետեւ՝ Ավստրալիա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թվականին։ «Ինձ այնքան շատ բաներ են դուր գալիս Հայաստանում։ Շատ հյուրընկալ մարդիկ, սնունդը, լեռնային գեղեցիկ բնապատկերները, հինավուրց եկեղեցիներն ու վանքերը, երաժշտությունն ու պարը, արվեստը, մշակույթը։ Երբ 2019 թվականի հունվարին առաջին անգամ ժամանեցի Հայաստան, ես զգացի, որ վերջապես վերադարձել եմ տուն»,-նշում է նա:

Երաժիշտը խոստովանում է, որ հայկական երաժշտությունն ազդել է իր՝ որպես երաժիշտ ձեւավորման վրա։ Դավիդյանին դիպչում են հայկական երաժշտության ռիթմը, ելեւէջները։ Նրան գրավում են Կոմիտասի, Սայաթ Նովայի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Երաժիշտը ձգտում է հարստացնել իր գիտելիքները հայկական եւ հնդկական երաժշտական համակարգերի մասին: «Մեծ հորեղբայրս աշուղ էր, երաժիշտ, ով ճամփորդում էր Սպահանից/Նոր Ջուղայից, եւ ես զգում եմ, որ երաժշտությունը խորապես արմատավորված է մեր ընտանիքի արմատներում: Ավստրալիայում մեր մեծ ընտանիքի երիտասարդների շրջանում շատ երաժիշտներ կան: Հուսով եմ, որ ամեն տարի կգամ Հայաստան՝ շարունակելու ներկայումս հաստատված երաժշտական համագործակցությունները։ Հրաշալի կլիներ հնարավորության դեպքում այս երաժշտական համագործակցությունները աշխարհով մեկ տարածել»,-ասում է նա:

Անդրադառնալով այն վարպետներին, որոնք իր համար պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ են՝ Պիտեր Դավիդյանը շեշտում է՝ սիտարի դեպքում 20-րդ դարի 3 վարպետներն են՝ Վիլայատ Խանը, Նիքիլ Բաներջին եւ, իհարկե, Ռավի Շանկարը։ Ժամանակակից սիտարի վարպետ Շահիդ Պարվեզ Խանը նույնպես ոգեշնչման մեծ աղբյուր է նրա համար: Դավիդյանը հիացած է ջազի եւ դասական ժանրի մեծ երաժիշտներով եւ կոմպոզիտորներով:

«Սիտարը միջնադարյան ժամանակաշրջանի գործիք է, որը նախագծվել է Ամիր Խուսրոյի կողմից։ Նա վերցրել է պարսկական սետարը, կովկասյան թառը եւ հնդկական վինան եւ դրանք միաձուլելով՝ ստեղծել է նոր դիզայն՝ հիմնական նվագող լարերի տակ ռեզոնանսային լարերով։ Բարձրացված կոր մատատախտակով երաժիշտը կարող է ներկայացնել բազմաթիվ տարբեր զարդանախշական տեխնիկաներ՝ մարդկային ձայնն ընդօրինակելու համար։ Նրա ռեզոնանսային թրթռացող ձայներանգը բավականին հիպնոսային է թե՛ նվագողի եւ թե՛ ունկնդրի համար եւ հավասարապես հարմար է ինչպես դանդաղ մեդիտատիվ երաժշտության, այնպես էլ շատ արագ մեղեդային կառուցվածքով իմպրովիզացիայի համար։ Սիտարն ինքնահաստատվել է որպես Հյուսիսային Հնդկաստանի` Հինդուստանի դասական երաժշտության նշանավոր գործիք»,-սիրտարի առանձնահատկությունների մասին ասում է Դավիդյանը:

Երաժիշտը «Ռասամանջարի» խորագրով համերգը համարում է հայկական եւ հնդկական երաժշտության, երգի եւ պարի մեծ իրադարձություն, որին հանդես կգա սիտարի մենակատարմամբ, կկատարի դուետներ հնդկական դասական վոկալի հետ, մեկ այլ դուետ հայկական բլուլի եւ համույթի հետ՝ կատարելով իր «Հայկական սյուիտ» ստեղծագործությունները սիտարով, փողային եւ ավանդական հարվածային գործիքներով։

Համերգը կյանքի կկոչվի Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի եւ Հայաստանում Հնդկական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:

 

 

ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Կաննի կինոփառատոնն այս տարի հրաժարվել է ընդունել ռուսական պատվիրակությանը։ Միջազգային հարաբերությունների սրման պատճառով Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները միջոցառմանը չեն մասնակցի. հայտնում է փառատոնի կայքը։

 

«Մեր մտքերն ուղղված են, մասնավորապես, ուկրաինացի արտիստներին եւ կինոարտադրության պրոֆեսիոնալներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին, որոնք կյանքերն այժմ վտանգի մեջ են։ 2022թ.-ի ձմռանը Կաննի փառատոնը մտել է պատրաստման փուլ։ Եթե պատերազմը չավարտվի պայմաններով, որոնք կբավարարեն ուկրաինացի ժողովրդին, որոշում է կայացվել, որ մենք չենք ողջունի ռուսական պաշտոնական պատվիրակություններին եւ թույլ չենք տա որեւէ մեկի ներկայությունը, որը կապված է ռուսական կառավարության հետ։ Սակայն մենք կցանկանայինք պատշաճը հատուցել Ռուսաստանում նրանց, ովքեր ռիսկի են դիմել բողոք հայտնել Ուկարինայի վրա հարձակման եւ ներխուժման դեմ»,- ասված է կազմակերպիչների համատեղ նամակում։

Կազմակերպիչները հայտարարել են, որ աջակցում են նրանց, ովքեր բողոքում են ընդդեմ ռազմական գործողությունների, սակայն նշել են, որ թույլ չեն տա փառատոնին, որն անց կկացվի այս տարվա մայիսին, որեւէ մեկի մասնակցությունը, որը կապված է ռուսական կառավարության հետ։

 

 

ԲԵՆԶԵՄԱՆ ԱՊԱՔԻՆՎԵԼ Է

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման ապաքինվել է եւ կկարողանա օգնել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի խաղում։ «Ռեալը» ապրիլի 2-ին կմրցի «Սելտայի» հետ. հաղորդում է Marca-ն։ 34-ամյա ֆուտբոլիստը սրունքի մկանային վնասվածք էր ստացել եւ չկարողացավ մասնակցել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության նախորդ տուրի հանդիպմանը։ «Ռեալը» Մադրիդում պարտվեց 0։4 հաշվով։ Բենզեման չի միացել Ֆրանսիայի հավաքականին, որը առաջիկա օրերին ընկերական հանդիպումներ կանցկացնի Կոտ դ’Իվուարի եւ Հարավային Աֆրիկայի հավաքականների հետ։

 

 

 

ՄԵՍԻԻ ՀԵՌԱՆԱԼԸ ԼԱՎ ԿԼԻՆԻ

Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի նախկին խաղացող, ֆուտբոլային մեկնաբան եւ փորձագետ Ժերոմ Ռոտենը փարիզյան թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին հորդորել է այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ՊՍԺ-ից։ «Մեսիի եւ ՊՍԺ-ի սիրո պատմությունն այդպես էլ չստացվեց։ Կօգնե՞ն Մեսիին 10 օրերը Արգենտինայի հավաքականում, որպեսզի նա ավելի լավ ավարտի ակումբային մրցաշրջանը։ Ես թերահավատ եմ այդ հարցում։ Այդ ամենը պետք է ավարտվի ամռանը։ Բոլորի համար լավ կլինի, որ Մեսին հեռանա հունիսին»,- Ռոտենի խոսքը մեջբերում է  RMC Sport-ը։ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 34-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 18 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն 50-ամյա Լիլիան Տյուրամը մեկնաբանել է ՊՍԺ-ի երկրպագուների կողմից թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին սուլելու դեպքերը։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալի» արգելքը չհաղթահարելուց հետո ՊՍԺ-ի երկրպագուները սուլել էին Մեսիին եւ Նեյմարին:

«Ահավատալի է, որ մարդիկ սուլում են Մեսիին։ Ֆուտբոլ սիրող մարդը երբեք չի ընդունի սուլոցները Լիոնելի հասցեին։ Դա նորմալ չէ։ Չի կարելի նրա նկատմամբ հարգանք չդրսեւորել։ Երբ ցանկանում ես մնալ «Բարսելոնայում», բայց ստիպված ես լինում հեռանալ եւ փոխել թիմը, շատ բարդ է»,- Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողի խոսքը մեջբերում է Sport.es-ը։  2003-ից «Բարսելոնայում» հանդես եկած Մեսին անցած ամռանն է միացել ՊՍԺ-ին։ Տյուրամը «Բարսելոնայում» խաղացել է 2006-2008-ին։

 




Լրահոս