Չնայած բարձրագույն մակարդակի բանակցություններին՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է այս փուլում միայն դադարեցնել Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի հատվածում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը և նրանց կողմից տարբեր տրամաչափի զենքերից իրականացվող կրակոցները: Իրավիճակը Արցախում լարվեց երեկվանից հետո:
Միեւնույն ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել եւ նշել, թե Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ փորձ է անում մոլորեցնել միջազգային հանրությանը: Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկնել է Ղարաբաղից «հայկական ապօրինի կազմավորումները» դուրս բերելու, ինչպես նաև միջազգային իրավական սկզբունքների հիման վրա հարաբերությունները նորմալացնելու պահանջը։
Եվ հենց այս հայտարարությունն է ուշագրավ այն հանգամանքով, որ իրականում Փառուխ եւ Խրամորթ համայնքներում Ադրբեջանի կողմից մատնանշած «հայկական ապօրինի կազմավորումներ»-ը չկան: «Մենք հանկարծակի իմացանք, որ վերեւում՝ Փառուխ համայնքի վրա հարձակում է տեղի ունեցել, եւ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ներթափանցել են համայնք… Ես ուզում եմ արձանագրել, որ սա ակնհայտորեն սադրանք է առաջին հերթին ռուս խաղաղապահների նկատմամբ: Ինչո՞ւ. որովհետեւ հայկական զորք այդ երկու համայնքներում չկա.. Հաշվի առնելով, որ այս պահին Ռուսաստանում, մեղմ ասած, խառը վիճակ է, Ադրբեջանը փորձում է այստեղ նոր ճակատ բացել Ռուսաստանի համար», – այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ով գտնվում է Արցախում:
Պատգամավորը ընդգծել էր, որ այս դեպքերը ազդակ են այն բանի, որ նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթուղթը, ըստ էության, սկսել է չգործել: Այսինքն, ստացվում է՝ հայկական կողմն այնտեղ զորք չունի եւ ադրբեջանական կողմի գործողությունները սադրանք են ռուսական խաղաղապահների դեմ:
Ն.Հ.