ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ավշար համայնքի նախկին ղեկավարը, պարտավորված լինելով համայնքի գույքն առանց շահույթ ստանալու նպատակի օգտագործել համայնքի և բնակիչների շահերին համապատասխան, վերը նշված հոսքագիծն անհատույց, առանց որևէ փաստաթղթավորման հանձնել է եղբորը փաստացի պատկանող՝ Արալեզ համայնքում գործող ՍՊ ընկերությանը, որտեղ 9 տարի շարունակ նշված հոսքագիծը շահագործվել է ՍՊ ընկերության արտադրական կարիքների համար:
Այնուհետև՝ 2019 թվականին, Ավշար համայնքի նախկին ղեկավարը նախաձեռնել է նշված գույքն ուղղակի վաճառքով օտարելու գործընթացը, որի շրջանակներում 95.000.000 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեք ունեցող համայնքային գույքը գնահատվել է ընդամենը 19.000.000 ՀՀ դրամ և Ավշար համայնքի ավագանու որոշման հիման վրա՝ ուղղակի վաճառքով օտարվել է վերոնշյալ ՍՊ ընկերությանը:
Արդյունքում՝ համայնքին նվիրաբերված գույքը շահագործվել է համայնքի և բնակիչների շահերին հակառակ, համայնքը զրկվել է եկամուտներ ստանալու հնարավորությունից, իսկ ֆիզիկական մաշվածության հետևանքով հոսքագիծը կորցրել է իր հաշվեկշռային արժեքի գերակշիռ մասը՝ նվազելով 76.000.000 ՀՀ դրամով և նշված չափով համայնքին պատճառվել է նյութական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Եվ ահա , ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործը մտել է դատարան, որպեսզի համայնքի նախկին ղեկավարին նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը, սակայն քննչական կոմիտեի քննիչները հայտնվել են զարմանալի վիճակում: Մեղադրող դատախազը հրաժարվել է մեղադրանքից եւ նախկին համայնքի ղեկավարի մասով հարուցված քրեկան գործը մնացել է օդից կախված:
Ք.Մ.