ՖՈՏՈ. Հիմքից տուն՝ հինգ ամսվա ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տասնութ տարի կենվորի կարգավիճակով ապրած Ստեփանյանները փորձում են մոռանալ անցած օրերի դժվարությունները:

Երկու տարին մեկ վարձակալի կարգավիճակով տանից տուն տեղափոխված ընտանիքը վերջապես իր սեփական անկյունն ունի: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրով Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հիմքից տուն է կառուցվել: Ընդամենը հինգ ամիս տևած շինարարական աշխատանքներն ավարտվել են ձմռանը:

Ստեփանյաններն արդեն բնակարանամուտ և Ամանոր են նշել: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն այցելել են կյանքի նոր էջ սկսած հերթական ընտանիքին:

«Խնդիրներ հաղթահարելիս պետք է ճանապարհից հեռացնել հուսահատությունը. դա ամենավատ խորհրդատուն է և քայքայում է ամեն ինչ: Դժվարությունները ժամանակավոր են, իսկ հաջողությունների հիմքում կարևոր տեղ ունեն կամքն ու հավատը: Արդեն ավելի քան տասը տարի իրականացնում ենք այս ծրագիրը և համոզվել ենք դրանում: Կառուցվող ամեն տան հետ ամրանում է որևէ մեկի հավատը: Ծրագրի գնահատման ամենահաջողված ցուցիչը ոչ թե բարձրացող պատն է, այլ՝ երեխայի աչքերի փայլը», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կարինեն՝ ընտանիքի մայրը, հոգսաշատ կյանքով է ապրել: Գրեթե միայնակ՝ երկու որդի է մեծացրել: Նրանցից ավագը մանկության տարիներից անվասայլակով է: Կրտսերը՝ տասներեքամյա Սարգիսը, հանգամանքների բերումով ժամանակից շուտ՝ տան տղամարդու դերն է ստանձնել. մորն օգնում է եղբոր խնամքի հարցում և ծանր գործերում: Դա նրան չի խանգարում լրջորեն զբաղվել նաև իր նախասիրությամբ: Սարգիսը ազգային հարվածային գործիքներից դհոլի մեծ երկրպագու է և նոր տանն ավելի մեծ հաճույքով է զբաղվում երաժշտությամբ:

«18 տարի պահանջվեց սեփական անկյուն ունենալու համար: Վարձակալությամբ այնքան տներ ենք փոխել, որ երբեմն մոռանում եմ դրանց թիվը: Տասնութ տարվա մեջ շուրջ ութ տուն… Զավակներիս գրեթե մենակ եմ մեծացրել: Արտագնա աշխատանքի մեկնած ամուսինս հազվադեպ է օգնել: Չէի էլ հավատում, որ հրաշք կլինի ու մեր տունը կունենանք, այն էլ՝ երեքսենյականոց և կոմունալ հարմարություններով: Իսկ դա շատ կարևոր է հատուկ կարիքներ ունեցող ավագ որդուս համար»,- ասել է Կարինեն:

«Այս ընտանիքը առանձնահատուկ ուշադրության է արժանի. տունը կառուցել է հիմքից, ընդամենը հինգ ամսվա ընթացքում: Կարինեի կամքն ու տոկունությունը, նրա՝ սեփական անկյուն ունենալու ձգտումը այնքան գնահատելի է, որ ամենաքիչը, որ կարող էինք անել այս ընտանիքի համար, իրենց կողքին լինելն ու առնվազն տարրական կենցաղային պայմաններն ապահովելն էր»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքում Կարինեն ու երեխաները եղել են շինհրապարակում, փորձել են անել հնարավոր ամեն ինչ, որ տան կառուցումը օր առաջ ավարտվի: Հենց այս ընտանիքների աջակցությանն է ուղղված ծրագիրը: Հիմքում կարևոր նպատակ է. կառուցել պարզ, հարմարավետ ու մատչելի տներ դրա կարիքն ունեցող ընտանիքների համար:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ միայն 2021 թվականին բնակարանի խնդիր են լուծել 87 ընտանիք: Տասնամյա համագործակցության ցուցանիշը ոգևորող է. նոր կյանք սկսած ընտանիքների թիվը մոտենում է չորս հարյուրի:




Լրահոս