Եվրոպայի հայերի միության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 20-ին անցկացվեց առցանց հանրային քննարկում, որը նվիրված էր Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի հետեւանքով Եվրոպա ժամանող հայազգի հայրենակիցների աջակցության խնդրին։
Քննարկմանը մասնակցեցին կազմակերպության նախագահ Արթուր Հովհաննիսյանը Բուլղարիայից, փոխնախագահ Արտակ Սերգոյանը Բելգիայից, կազմակերպության անդամ-ներկայացուցիչներ Վարդան Թադեւոսյանը Հայաստանից, Արմենուհի Մխիթարյանը Լեհաստանից, Հայկ Եղիազարյանը Իսպանիայից, Լեւոն Խաչատրյանը Ֆրանսիայից, Քրիստինե Գեւորգյանը, Կարո Քումրոյանը եւ կազմակերպության քարտուղար Կարինե Հովասափյանը Բուլղարիայից։
Առցանց ժողովի ընթացքում մասնավորապես նշվեց, որ անցած երեք շաբաթների ընթացքում կազմակերպությունը ակտիվ աջակցություն է ցուցաբերել ուկրաինահայերին, այդ թվում՝ կազմակերպության բյուջեից հնարավոր ֆինանսական աջակցություն է տրամադրվել, կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով։ ԵՀՄ ներկայացուցիչները իրենց ներդրումն ունեն Ուկրաինայի մեր հայրենակիցներին ֆինանսական եւ բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործում։
Նրանք կազմակերպել են ուկրաինահայերի դիմավորումը, բնակեցումը, հնարավոր նյութական աջակցություն են ցուցաբերել, օգնել են սննդով, հագուստով եւ ժամանակավոր կացության պայմանների տրամադրմամբ։ Կարեւոր է նաեւ, որ Ուկրաինային հարակից երկրներում կազմակերպության ներկայացուցիչները նաեւ տեղեկատվական աջակցություն են ցույց տվել եւ շարունակում են ցուցաբերել հատկապես մեր այն հայրենակիցներին,ովքեր չեն կողմնորոշվում, թե որ երկիրը կարող են գնալ կամ ինչպես վերադառնալ Հայաստան։
Այս հարցում կազմակերպությունը համագործակցել է նաեւ համայնքային կառույցների եւ Հայաստանի դեսպանությունների հետ։ Քննարկման վերջում կազմակերպության անդամների կողմից հնչեցին նաեւ տարբեր առաջարկներ կազմակերպության հետագա աշխատանքների կազմակերպման եւ համակարգման վերաբերալ։