Ամենաթափանցիկ աշխատելու մասին բարձրաձայնող կառավարությունը շարունակում է գաղտնի նախագծեր անցկացնել։ Կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում միայն երեք հարց էր զեկուցվող։ Եվ կառավարությունը նախագծերը գաղտնի է անցկացնում` չզեկուցվողների անվան տակ։ Այդ նույն օրը կառավարությունը չզեկուցվող նախագծով բարձրացրեց իրավապահ համակարգի քննիչների աշխատավարձը:
Մասնավորապես կառավարության պահուստային ֆոնդից 4,1 մլրդ դրամ կամ 8,2 մլն դոլար հատկացվեց Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Ընդհանուր գումարից 3 մլրդ 120 մլն դրամ հատակացվեց ԱԱԾ-ին, 340 մլն՝ Ոստիկանությանը և 643 մլն՝ Քննչական կոմիտեին: Գումարի հատկացման հիմնավորումն այն է, որ քննիչների ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավելու անհրաժեշտություն կա, քանի որ քրգործերի թիվն աճել է, և քննիչները սկսել են լքել համակարգը: Մասնավորապես, 643 մլն դրամը կուղղվի քննիչների աշխատավարձերի բարձրացմանը: