Երևանն ու Մոսկվան քննարկում են Հայաստան մատակարարվող ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հարցը, օրեր առաջ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա սակայն մանրամասներ չհայտնեց՝ պատասխանելով խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ հնարավորություն կա՞ արդյոք Ռուսաստանի հետ նման տարբերակ քննարկելու։
Իսկ ինչ կարող է տալ այդ որոշումը. նշենք, որ տարեկան Հայաստանը Ռուսաստանից ներմուծում է ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Նկատենք`
գազը ռուբլիով գնելու խոսակցություններն ակտիվացան այն բանից հետո, երբ Արևմուտքի խիստ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի նախգահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց՝ որոշել են «ոչ բարեկամական» երկրներին գազը հենց ռուբլիով վաճառել։
Փորձագետները նշում են, թե՝ այս քայլով Մոսկվան փորձում է կայունացնել սանկցիաների պատճառով կտրուկ արժեզրկված ռուբլին, նաև մեծացնել ռուբլու դերը համաշխարհային շուկայում եւ գազը ռուբլով վաճառելու դեպքում Ռուսաստանը կկարողանա խուսափել արևմտյան մի շարք պատժամիջոցներից։
Եվրոպայում սպառվող գազի գրեթե 40 տոկոսը հենց Ռուսաստանն է վաճառում։ Եվրոպական երկրների հետ գազի վաճառքի պայմանագրերը դոլարով կամ եվրոյով են կնքված։ Միջազգային փորձագետները սակայն քիչ հավանական են համարում, որ Ռուսաստանը կկարողանա միակողմանիորեն փոխել պայմանագրերի դրույթները։
Նաիրա Հովհաննիսյան