Չինաստանում վթարի ենթարկված Boeing 737 ինքնաթիռում գտնվող բոլոր 132 ուղևորները մահացած են ճանաչվել։ Այս մասին մարտի 26-ին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը։
China Eastern Airlines ավիաընկերության մարդատար Boeing-ը, որում եղել է 123 ուղևոր և անձնակազմի ինը անդամ, մարտի 21-ին վթարի է ենթարկվել Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Վուչժոու քաղաքի Թենգ շրջանում։ Ինքնաթիռը Կունմինգից Գուանչժոու էր թռչում։ Օդանավում օտարերկրացիներ չեն եղել։ Հետազոտելով շուրջ 46 հազար քմ տարածք, հայտնաբերել են ինքնաթիռի բեկորներ և մարդկային հյուսվածքի մասեր։ Հայտնաբերվել են նաև մարդատար ինքնաթիռի շարժիչի բեկորները։
Գուանսի Չժուանի ինքնավար շրջանի հրշեջ-փրկարարական խմբի հրամանատար Չժեն Սին մարտի 26-ին ասել է, որ վթարի վայրում հավաքված նմուշներում պայթուցիկ բաղադրիչներ չեն հայտնաբերվել: Սկզբում որպես վթարի հավանական պատճառ նշվում էր շարժիչի խափանումը: