Շտապ գրություն եմ ուղարկել Հայաստանում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ԵՄ դեսպաններին, ինչպես նաեւ ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները կոպտորեն խախտում է, որին ինքս ականատես եմ եղել Արցախում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
Մասնավորապես ներկայացրել եմ, որ մարտի 24-ից ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Ասկերանի շրջանի Փառուխ համայնք, գրավել բնակավայրը և վերահսկողության տակ վերցրել հարակից դիրքերը, փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում, որի արդյունքում՝
– հրադադարի ռեժիմը խախտվել է՝ Ադրբեջանի կողմից կիրառվելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:
– ռուսական խաղաղապահ զորակազմին հաջողվել է դադարեցնել ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը, սակայն ադրբեջանական ուժերը չեն վերադարձվել իրենց ելման դիրքեր,
– Զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայողներ, 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ,
– Ոտնահարվել է Փառուխ գյուղի բնակիչների կյանքի իրավունքը, մարդիկ զրկվել են իրենց հայրենիքում խաղաղ կյանք վարելու, անվտանգ ապրելու իրենց իրավունքից, ավելին՝ ունենք բռնի տեղահանված նոր խաղաղ բնակիչներ։
Հիմք ընդունելով վերոնշյալը՝ խնդրել եմ հասցեական հրապարակային գնահատական տալ և դատապարտել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։ Միաժամանակ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, Արցախում իրականացվող էթնիկ զտումները։ Արցախում մարդիկ ցանկանում են խաղաղ կյանք վարել, հրապարակային ձայնը կօգնի, որ որ նոր ջարդ ու ցեղասպանություն չլինի։
Հ․Գ․ լուսանկարն արված է մարտի 24-ին Քարագլուխ բարձունքի ֆոնին, որի համար քանի օր է պայքարում է թշնամին