Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է ՌԴ ՊՆ հայտարարությանը, թե Ադրբեջանը զորքերը դուրս է բերել Արցախի Փառուխ գյուղից։
«Ցավում ենք, որ ՌԴ ՊՆ-ի 2022 թվականի մարտի 27-ի հայտարարության մեջ արտացոլված կետերը չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանական բանակի դիրքերը Փառուխ գյուղում և նրան հարակից լեռնային շրջաններում չեն փոխվել։
Մեր բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը. Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր հրադադարը խախտվել է Ադրբեջանի կողմից, նույնպես չի համապատասխանում իրականությանը, իսկ ադրբեջանցի զինծառայողների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան»,- հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։
Ադրբեջանական կողմը նաև նշել է, որ ՌԴ ՊՆ մարտի 26-ին և 27-ի հայտարարություններում «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումը անհարգալից վերաբերմունք է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ճանաչված և ընդունված Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։