Հսկայական ադամանդը, որը ստացել է «Ժայռ» անվանումը, ուրբաթ օրն առաջին անգամ ցուցադրվել է Դուբայում՝ աճուրդից առաջ, որտեղ, ինչպես ակնկալվում է, դրա համար մինչեւ 30 մլն դոլար կվճարեն, հայտնում է CBS-ը:
228,31 կարատանոց տանձաձեւ թանկարժեք քարը, որը արդյունահանվել եւ հղկվել է Հարավային Աֆրիկայում ավելի քան 20 տարի առաջ, ամենամեծ սպիտակ ադամանդն է, որը երբեւէ դրվել է աճուրդում, հայտնել է Christie’s աճուրդի տունը:
Christie’s Dubai-ում մարտի 26-29-ը ցուցադրվելուց հետո «Ժայռը» կմեկնի Թայբեյ, Նյու Յորք եւ Ժնեւ, որտեղ այն աճուրդի կհանվի մայիսի 11-ին:
Ադամանդը «Ամերիկայի գեմոլոգիական ինստիտուտի կողմից գնահատված տանձաձեւ D-Z գույնի ադամանդներից ամենամեծն է»,- ասվում է Christie’s-ի հայտարարության մեջ, որը նաեւ նշում է, որ այն «G գույն, VS1 հստակություն» ունի։
Աճուրդում ամենամեծ անգույն ադամանդի նախորդ ռեկորդը սահմանել է 163,41 կարատանոց ադամանդը, որը 2017թ․ նոյեմբերին վաճառվել է 33,7 մլն դոլարով, ասվում է Christie’s-ի հաղորդագրության մեջ։
Այս տարվա սկզբին Լոնդոնի Sotheby’s-ը 4,3 մլն դոլարով վաճառել է «Էնիգման»՝ աշխարհի խոշորագույն 555,55 կարատանոց ադամանդը: