«Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Փառուխ գյուղում իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Երեկվանից, նշենք, լրատվամիջոցները, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, գրել էին, թե ադրբեջանցիներն ամբողջովին դուրս էին եկել գյուղից: Դրան հաջորդել էր Ադրբեջանի պաշտպնության նախարարության հերքող հայտարարությունը, թե իրենց զորքերը շարունակում են վերահսկողության տակ պահել Փառուխը:
Պատգամավոր Հակոբյանն ասում է, որ ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության սխալ մեկնաբանությունն է մեզ շփոթի մեջ գցել: «Պարզապես այժմ խաղաղ է, կրակոցներ չկան »,- նշում է պատգամավորը:

Ըստ ռուսական կողմի՝ զորքերը ոչ թե լքել են Փառուխը, այլ որոշ ստորաբաժանումներ լքել են գյուղի  հարակից տարածքը:
Նշենք, որ պաշտոնական Երևանն էլ այսօր՝ մարտի 28-ին, հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ ադրբեջանական զորքերը շարունակում են Փառուխում գտնվել:

«Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ

Քիչ առաջ էլ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին.

«Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում` նաև շփման գծի արևելյան հատվածում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։
Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։
Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։
Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»:

Սևակ Վարդումյան




Լրահոս