Վերջին օրերին ականատես եղանք մի իրավիճակի, երբ Ռուսաստանն ու Ադրբեջանը հերքում էին իրար։ Մասնավորապես, ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակն Արցախում, եւ ադրբեջանական զորքերն այլեւս Փառուխ գյուղում չեն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության արձագանքը, սակայն, չուշացավ։ Նրանք նշեցին, որ ադրբեջանական բանակի դիրքերը Փառուխ գյուղում ու կից լեռնային շրջաններում «փոփոխություն չեն կրել»:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր
Խրամչիխինի հետ։ Նրա կարծիքով՝ ՌԴ-ն ամեն միջադեպ չէ, որ կարող է կարեւորել։ «Այժմ էլ այնպիսի իրավիճակ է, որ սխալ հաշվարկ անելով՝ կարող ես հայտնվել վտանգի առջեւ»,- նշեց ռազմական փորձագետը։ Խրամչիխինի կարծիքով՝ սովորաբար Հայաստանում կամ մեկ այլ երկրում դժվար են հասկանում, որ ՌԴ-ն շարժվում է՝ հաշվի առնելով իր շահերն ու առաջնահերթությունները, որոնք բազմապլան են եւ շատ լայն։
Մարտի 15-ից ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, արգելվել է: Առողջապահության նախարարության որոշումը ոչ միայն ծխողների, այլ նաեւ տնտեսվարողների մոտ է դժգոհության մեծ ալիք բարձրացրել: «Ժողովուրդ» օրաթերթը, շրջայց կատարելով երեւանյան մի շարք սրճարաններ ու ռեստորաններ, որոնք մշտապես ու օրվա տարբեր ժամերի լեփ-լեցուն են լինում, արձանագրեց, որ վերոնշյալ օրենքից հետո դրանք հիմնականում կիսադատարկ էին: Սրճարանների, ռեստորանների անգամ հիմնական (մի քանի տարվա) հաճախորդները հրաժարվում են այցելել այնպիսի վայր, որտեղ մի բաժակ սուրճը մի գլանակ ծխախոտի հետ «վայելել» չեն կարող: «Մոտ 80 տոկոսով պակասել է հաճախորդների թիվը, հետեւաբար՝ այդքան անգամ նաեւ շրջանառությունը: Նախարարությունը, որ իբրեւ թե մարդկանց առողջության մասին է մտածում, այժմ մեզ շնչահեղձ է անում: Այսպես երկար աշխատել պարզապես հնարավոր չէ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց սրճարաններից մեկի ղեկավարը: Առողջապահության նախարարության ընդունած հերթական օրենքը, փաստորեն, այժմ էլ տնտեսվարողների գլխին է պատուհաս դարձել, որոնք չգիտեն՝ օր օրի նվազող հաճախորդների սիրտն ինչպես շահել: Մեզ հետ զրույցում որոշ ռեստորանատերեր նշեցին, որ պատրաստվում են ինչ-ինչ քայլերի դիմել, օրենքի վերանայման պահանջով գուցե անգամ փողոց դուրս գան:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի՝ «Մարտի 1»-ի մասով հարուցված քրեական գործը կարճելու գործընթացը բավականին ուշագրավ իրավիճակում է տեղի ունեցել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա Կոմիտեում ասել է, որ չի ընդունում մեղադրանքը, բայց. «այնպիսի վիճակի եք հասցրել, որ այլ ելք չկա. կարճեք, պրծնենք»: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի՝ «Մարտի 1»-ի մասով հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է: Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն տվել էր ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի, ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի անունները` մատնանշելով, թե կոնկրետ ինչ գործառույթներ են վերջիններս իրականացրել: Եվ, ահա, վերոնշյալ պաշտոնյաներից ոմանք ընդունեցին իրենց մեղքը, եւ վաղեմության ժամկետի հիմքով նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց: Մասնավորապես, ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանի մասով գործը կարճվել էր: Կարճվել է նաեւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի մասով գործը: Տեղեկությունը փորձեցինք պարզել Հակակոռուպցիոն կոմիտեից, որոնց պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:
Առաջիկայում Երեւանում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կարգը, պայմանները կսահմանվեն: Ի դեպ, գործունեության իրականացման համար անհրաժեշտ է լինելու տվյալ համայնքի ղեկավարի թույլտվությունը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է թույլտվության տրամադրման համար սահմանել տեղական տուրք, իսկ առանց թույլտվության գործունեություն իրականացնելու համար կսահմանվի տուգանք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների խախտմամբ շենքերից, շինություններից դուրս ավտոմատ սարքավորման միջոցով առեւտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը կտուգանվի 100 հազար դրամից մինչեւ 150 հազար դրամի չափով: Այս արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքի չափը կդառնա 300 հազար դրամ: Բացի այս, նշենք, որ համայնքի տարածքում ավտոմատ սարքավորման միջոցով առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու թույլտվության համար յուրաքանչյուր օրվա համար կսահմանվի 500 դրամ՝ 1 քմ-ի համար: Այս օրենքն ուժի մեջ է մտնելու այս տարվա դեկտեմբերի 1-ից: