ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐՔԸ ՉԻ ԼՔՈՒՄ ՓԱՌՈՒԽԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:

 

-Արցախում արդեն տասն օր անհասկանալի իրավիճակ է: Ադրբեջանական զորքը չի լքում Փառուխը, հարցի լուծումը հայկական կողմը բացառապես ՌԴ խաղաղապահների  միջոցով է պատկերացնում: Ինչպե՞ս եք մեկնաբանում:

-Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին  փաստացի նախորդել են ադրբեջանի կողմից Խրամորթում բարձրակոչերով արված հայտարարությունները, որ գյուղացիներին կոչ էր արվում լքել գյուղը, ապա ստեղծվեցին գազամատակարարման հետ կապված խնդիրները: Այս ամենը պետք է դիտել ընդհանուր շղթայի մեջ: Ըստ էության այստեղ որոշ խնդիրներ եւ հարցեր կան այն տեսանկյունից, որ ռուսական կողմն է պայմանավորվածություն ձեռք բերել՝ հայելային հետքաշման հետ կապված, եւ փաստացի ադրբեջանական կողմը դա խախտել է: Բայց միեւնույն ժամանակ պակաս պատասխանատվություն իրավիճակի հետ կապված չեն կրում Արցախի եւ Հայաստանի իշխանությունները, քանի որ կոչված են ապահովելու քաղաքացիների, մեր հայրենակիցների անվտանգությունը:

-Ադրբեջանում ինչպե՞ս են մեկնաբանում: Ի՞նչ արձագանքներ կան:

-Ադրբեջանական կողմում հակառուսական հսիտերիա է տիրում, հատկապես այս երկու օրերին ռուսական Պաշտպանության նախարարության տեղեկագրերում տեղ գտած գնահատականներից հետո պատգամավորների մակարդակով հնչում են, որ եթե  Ռուսաստանը փորձի ուժ կիրառել, ապա Թուրքիան կխառնվի, եւ պատերազմական իրավիճակ կստեղծվի Թուրքիայի հետ: Դրան զուգահեռ տարբեր տելեգրամյան ալիքներ նշում են, որ իրենց նպատակը Ռուսաստանի դուրսբերումն է տարածաշրջանից, ռուսական կողմը պետք է դուրս գա, եւ, դրանից բացի, նաեւ շարունակական մեջբերումներ են անում ալիեւյան խոսքից, որ նրանք ժամանակավոր են: Այսինքն՝ այս ամենը, բացի Արցախի հայաթափման հստակ եւ անփոփոխ ծրագրից, նաեւ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու նպատակ է հետապնդում:

-Ի՞նչ հարց են փորձում լուծել՝ Քարագլխի բարձունքին տիրանալով: Որո՞նք  են Ադրբեջանի մոտակա եւ հեռակա նպատակները:

-Ըստ էության, իրավիճակի երկարաժամկետ առումով՝ Արցախը հայաթափելն է, այնտեղից ռուսների դուրսբերումը, դրանից հետո Հայաստանը տիրապետելը: Կարճաժամկետ առումով փորձարկում են, սա տեստ է յուրահատուկ: Խոսքը զուտ գյուղի մասին չէ, բնականաբար, բարձունքը վերցնելով՝ նաեւ կարեւոր ռազմավարակական դիրք են զբաղեցնում, բայց սա յուրատեսակ փորձարկում է: Եթե համարժեք պատասխան ստանան, կսսկվեն, եթե արձագանքը համարժեք չլինի, իրենք մարսեն իրենց գործողությունը, ապա կհաջորդեն ավելի ընդգրկուն քայլեր ադրբեջանական կողմից:

-Ո՞րն է Ձեր լուծումը այս իրավիճակից դուրս գալու: Ի՞նչ պետք է անենք:    

-Իմ դիտարկմամբ՝ հայկական կողմը կարող է բավականին ինտենսիվ աշխատանքներ տանել առաջնահերթ ռուսական կողմի հետ, հստակ ձեւով բացատրել, որ ռուսական խաղաղապահ գործունեության շարունանականության համար այնտեղ հիմա անհրաժեշտ է մարտունակ պաշտպանական բանակ: Հակառակ դեպքում Ադրբեջանը, ի վրեջո, հասնելու է ռուս խաղաղապահների դուրսբերմանն այդ տարածաշրջանից: Նաեւ պետք է ինտենսիվորեն աշխատել արեւմտյան գործընկենրների հետ, որովհետեւ  ադրբեջանական կողմը, ամենայն հավանականությամբ, փորձելու է այս ամենը ներկայացնել հակառուսականության տիրությում՝ օգտագործելով Արեւմուտքում առկա տրամադրությունները, ներկայացնելով այնպես, թե իբրեւ իրենք ռուսների դեմ են պայքարում եւ օժանդակում են Ուկրաինային: Այս ամենից խուսափելու համար պետք է համապատասխան աշխատանք տանել եւ հզորացնել մեր ռազմական արսենալը: Ուրիշ ձեւով ադրբեջանական ագրեսիային դիմակայել հնարավոր չէ, եթե  ուզում ենք պետություն, պետականություն, Արցախ ու Սյունիք ունենալ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԱՂԻ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ

Ռուսաստանն Արեւմուտքի հետ գազային առուծախի խաղի նոր կանոններ է սահմանում: Հետայսու պաշտոնական Մոսկվան Եվրոպային գազը միայն ռուբլիով կվաճառի:

 

Համապատասխան որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրեր առաջ՝ մարտի 23-ին է կայացրել՝ համապատասխան նախարարություններին ու վարչություններին հանձնարարելով արտահանվող ռուսական գազի հաշվարկները ռուբլիով կատարել: Վլադիմիր Պուտինի հայտարարությունը որոտի պես է պայթել եվրոպական մայրաքաղաքներում, որոնք ստիպված են լինելու ռուբլի ձեռք բերել հենց Ռուսաստանում: Ինչո՞ւ, որովհետեւ Արեւմուտքը բավարար ռուբլի չունի, իսկ սպառած գազի համար վճարում կատարելու համար ստիպված է այն ձեռք բերել հենց այն տարածքից, որի նկատմամբ պատժամիջոցների տարափ է հայտարարել:

Ստացվում է հետեւյալը՝ Ռուսաստանը Եվրոպայի հետ գազի մատակարարման առուծախը երոյով էր կատարում, այժմ, սակայն, եվրոպական բանկը հրաժարվում է սպասարկել ռուսական բանկերը, այսինքն՝ ռուսական կողմն այդ գումարը չի կարողանում օգտագործել: Պաշտոնական Մոսկվան էլ, քաջ հասկանալով իրավճակը, հրաժարվում է թե՛ եվրոյից, թե՛ դոլարից ու պարտադրում սեփական արժույթը՝ ռուբլին:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ Ռուսաստանը կարողանում է խաղի կանոնները թելադրողի դիրքերից հանդես գալ, քանի որ Եվրոպան գազի սպառման ավելի քան 40 տոկոսը Ռուսաստանից է ձեռք բերում: Ու որպեսզի, օրինակ, Ֆրանսիան այժմ կարողանա վճարել կապույտ վառելիքի համար, ապա նրա ներկայացուցիչը պետք է գա ու հենց Ռուսաստանից ռուբլի գնի, քանի որ Եվրոպայում արժութային շրջանառությունը մեծամասամբ եվրոյով կամ դոլարով է իրականցվում: Ինչ վերաբերում է Հայաստանին, որ տարեկան 370 մլն դոլարի գազ է գնում Ռուսաստանից, ապա եթե գազի համար մենք նույնպես ռուբլիով վճարենք, ապա դրանից Հայաստանը դեռ մի բան էլ կարող է շահող դուրս գալ: Ըստ տնտեսագետի՝ Հայաստանը 67 մլն դոլարի դրամական փոխանցումներ է ստանում Ռուսաստանից, ինչ մեծ մասը ռուբլիով է: Արտագնա աշխատանքի մեկնածներն իրենց ընտանիքներին հիմնականում ռուբլի են ուղարկում: Ռուբլիով են կատարվում նաեւ Հայաստանի արտահանման ծավալի 60 տոկոսի գործարքները: Այս ամենին զուգահեռ՝ մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Հայաստանը մեծ կախվածություն ունի դոլարից. պետական պարտքի 70 տոկոսն է դոլարով, առեւտուրը մեծապես դոլարով են կատարվում, դոլարով ավտոմեքենայի կամ տան գին որոշում եւ այլն:

Հիշեցնենք, որ գազի դիմաց վճարումները ռուսական ռուբլով իրականացնելու տարբերակի մասին վերջերս խորհրդարանում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր հայտարարել:

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ

ArmLur.am-ի տեղեկությունների  համաձայն` Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Փաշիկյանն ազատման դիմում է գրել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերջինս ասել է, որ չի կարող ու չի ուզում աշխատել: Ինչպես հայտնի է, 2021 սեպտեբերի 13-ին Սահակ Օհանյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սահակ Օհանյանին ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ Սահակ Օհանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում: Շուրջ 7 ամիս վարչության պետի պաշտոնակատար էր նշանակվել առաջին տեղակալ Փաշիկյանը, որը եւս ազատման դիմում է գրել: Նկատենք, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կամո Քոչունցը, որի նշանակման շուրջ ՊՆ-ում լուրջ խմորումներ են, եւ, ըստ խոսակցությունների, Քոչունցը երկար չի մնա ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար.  թե ով կփոխարինի նրան, ՊՆ ղեկավար կազմը փնտրտուքի մեջ է:

 

 

 

ՀԵՏԱՊՆԴԵԼ ԵՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻՆ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կորյուն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի հոկտեմբերի 14-ին՝             ժամը 21։00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի ճանապարհին մոտեցել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի պետ Ա. Միրզոյանին եւ ավագ տեսուչ Պ. Սարգսյանին, որոնք ստուգելիս են եղել «Կամազ 65115» մակնիշի 36 VC 963 համարանիշի բեռնատարը թափքում հողի բերրի շերտի առկայության պատճառով։ Կ. Վարդանյանը ձեռքերով հրել է Ա. Միրզոյանին եւ բեռնատարի վարորդին հրահանգել է հեռանալ, որից հետո իր մեքենայով հետապնդել է Ա. Միրզոյանին եւ Պ. Սարգսյանին՝ այդկերպ խոչընդոտելով վերջիններիս կատարելու իրենց ծառայողական պարտականությունները։

 

 




Լրահոս