Արցախի Փառուխ գյուղում իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Պատգամավոր Հակոբյանն ասում է, որ ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության սխալ մեկնաբանությունն է մեզ շփոթի մեջ գցել: «Պարզապես այժմ խաղաղ է, կրակոցներ չկան»,- նշում է պատգամավորը:
Երեկվանից, նշենք՝ լրատվամիջոցները հղում էին անում Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, ըստ որի. «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 2 խախտում, փոխհրաձգության հետեւանքով երկու կողմից վիրավորվել է երկուական մարդ, ընդհանուր՝ չորս վիրավոր։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության եւ կողմերի ներկայացուցիչների միջեւ փոխգործակցության արդյունքում իրավիճակը կայունացվել է»։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նաեւ նշել է, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից։
Դրան հաջորդել էր Ադրբեջանի պաշտպնության նախարարության հերքող հայտարարությունը, թե իրենց զորքերը շարունակում են վերահսկողության տակ պահել Փառուխը: «Ցավում ենք, որ ՌԴ ՊՆ-ի 2022 թվականի մարտի 27-ի հայտարարության մեջ արտացոլված կետերը չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանական բանակի դիրքերը Փառուխ գյուղում եւ նրան հարակից լեռնային շրջաններում չեն փոխվել։ Մեր բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը. Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե, իբր, հրադադարը խախտվել է Ադրբեջանի կողմից, նույնպես չի համապատասխանում իրականությանը, իսկ ադրբեջանցի զինծառայողների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան»,- հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից։ Ադրբեջանական կողմը նաեւ նշել է, որ ՌԴ ՊՆ մարտի 26-ին եւ 27-ի հայտարարություններում «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումը անհարգալից վերաբերմունք է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ճանաչված եւ ընդունված Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։
Նշենք, որ պաշտոնական Երեւանն էլ երեկ հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ ադրբեջանական զորքերը շարունակում են Փառուխում գտնվել: ԼՂ-ում վերջին օրերի իրադարձությունների հետ կապված՝ ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետեւանք է ադրբեջանական զորքերի շարժի: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին: Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից: Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում: Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու եւ Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարեւոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, եւ տրվեն մի շարք հարցերի պատասխաններ:
Արցախի տեղեկատվական շտաբից էլ հայտնեցին, որ մարտի 27-ի երեկոյան եւ 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում` նաեւ շփման գծի արեւելյան հատվածում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը եւ պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԽԱՆՈՒԹՆԵՐ ԵՆ ԹԱԼԱՆԵԼ
Նախօրեին՝ ժամը 07։00-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ահազանգել Արմավիրի մարզի բնակիչ 60-ամյա Ղուկաս Ղ.-ն եւ հայնտել, որ Արեւիկ գյուղի կենտրոնական փողոցում գտնվող իր խանութի դուռը կոտրելու միջոցով մուտք են գործել ներս եւ այնտեղից գողացել վճարային տերմինալը։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 05։00-ի սահմաններում, 4 անհայտ անձինք խանութի դռան փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Ղ. Ղարիբյանին պատկանող Արեւիկ գյուղի 2-րդ փողոցի 2/2 հասցեում գտնվող մթերային խանութ եւ այնտեղից գողացել են «Իզի փեյ» վճարային տերմինալը, իսկ խանութի սրահից՝ ծխախոտ եւ բուսական յուղեր:
Նույն օրը՝ ժամը 08։20-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ահազանգել Եղեգնուտ գյուղի բնակիչ 61-ամյա Միսակ Ս-ն եւ հայտնել, որ գյուղի 5-րդ փողոցի 21 հասցեում գտնվող իր խանութից գողացել են վճարային տերմինալը։ Պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04։30-ի սահմաններում, անհայտ անձինք դռան փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Մ. Սարգսյանին պատկանող նշված մթերային խանութ եւ այնտեղից գողացել են տարբեր տեսակի ծխախոտներ եւ «Թել սել» վճարային տերմինալը: Նույն օրը՝ ժամը 13։00-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ահազանգել Գրիբոյեդով գյուղի բնակիչ 34-ամյա Նշան Ա-ն եւ հայտնել, որ նույն օրը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են գյուղի Չարենց փողոցի սկզբնամասում գտնվող իր մթերային խանութի մուտքի դռան փականը, այնուհետեւ՝ դռան ապակին, որից հետո բացել են մուտքի դուռը, ապօրինի մուտք են գործել խանութի տարածք եւ այնտեղից գողացել են «Թել սել» վճարահաշվարկային տերմինալը, տարբեր տեսակի ծխախոտներ եւ ոգելից խմիչքներ: Նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։ Կայքի տեղեկություններով՝ Ղուկաս Ղ-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Ղուկաս Ղարիբյան» ԱՁ-ի տնօրենն է, Միսակ Ս-ն հայտնել է, որ ինքը «Միսակ Սարգսյան» ԱՁ-ի տնօրենն է, իսկ Նշան Ա-ն հայտնել է, որ ինքը «Հասմիկ Աղաջանյան» ԱՁ-ի տնօրենն է։
ԱՌՈՒՇԱՆՅԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի որոշմամբ դատապարտվեց 6 ամիս 12 օրով ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի, կնշանակվի փորձաշրջան։ Առուշանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց, եւ նա ստորագրությամբ ազատ արձակվեց։ Ամբաստանյալներից Լուսինե Ավետյանն էլ արդարացվեց։ Հիշեցնենք, որ դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին եւ դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Գործով մեկ այլ ամբաստանյալ Լուսինե Ավետյանի համար դատախազը պահանջել էր 5 տարի՝ պայմանական։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։
ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Մարտի 24-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում տեղի ունեցավ Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի դատավարության հերթական նիստը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) եւ 314 հոդվածի 1-ին մասով։ Նա մեղադրանքը չի ընդունում՝ համարելով, որ քրեական գործը սարքված է։ Հ. Մանուչարյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Արման Թամրազյանը եւ Հայկ Ալումյանը։ Հ. Մանուչարյանը 2021թ. նոյեմբերի 9-ից գտնվում է կալանքի տակ։ Դատավարության մարտի 3-ի նիստում պաշտպան Հ. Ալումյանը դատարանին միջնորդեց Հ. Մանուչարյանի խափանման միջոց կալանքը փոխել եւ նրան նկատմամբ անձնական երաշխավորներ դարձնել դատական նիստին ներկա Բերդ համայնքի ավագանու անդամներ Համայակ Ադամյանին, Սարգիս Մարգարյանին, Բերդ համայնքի բնակավայրերի 10 վարչական ղեկավարներին։ Պաշտպան Ա. Թամրազյանի խոսքով՝ մարտի 4-ին, երբ դատավոր Սամվել Մարդանյանը, հրապարակելով միջնորդության վերաբերյալ իր որոշումը, այն մերժել է, Հարություն Մանուչարյանը նրան անվանել է «բ-ի տղա», դատարանում դատական կարգադրիչների մասնակցությամբ սկսել են իրար հրել, քաշքշուկ է առաջացել։ Պաշտպան Ա. Թամրազյանը հայտնեց, որ այդ կապակցությամբ Հ. Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 316 հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») եւ 343 հոդվածի 3-րդ մասով («Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը»)։ Այդ առնությամբ դատարան է ներկայացվել Հ. Մանուչարյանի որդու՝ Անուշավան Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդություն, սակայն դատավոր Սասուն Մխիթարյանը մերժել է այդ միջնորդությունը։ Ա. Թամրազյանը հայտնեց, որ իրենք վերաքննիչ դատարան են դիմել՝ վիճարկելով առաջադրված հոդվածի համապատասխանությունը, քանզի դատարանում իրար հրել են, քաշքշոց է եղել, սակայն դատական կարգադրիչների նկատմամբ բռնություն չի եղել։ Նույն՝ 316 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաեւ մարտի 4-ի դատական նիստին ներկա գտնված երկու անձանց՝ Բերդ համայնքի վարչական ղեկավարներից մեկին եւ համայնքի ավագանու անդամի։ Հ. Մանուչարյանի պաշտպանները, նկատի ունենալով, որ մարտի 4-ին Հ. Մանուչարյանն անձնական վիրավորանք է հասցրել դատավոր Սամվել Մարդանյանին, ուստի նա չի կարող օբյեկտիվ, անաչառ վարել նշված քրեական գործով դատավարությունը, մարտի 24-ի նիստում միջնորդություն են ներկայացրել դատավոր Ս. Մարդանյանին ինքնաբացարկ հայտնելու։ Այդ միջնորդության վերաբերյալ դատավոր Մարդանյանի որշումը կհրապարակվի մարտի 25-ին, սակայն պաշտպան Ա. Թամրազյանը չի կարծում, թե դատավորը կբավարարի ինքնաբացարկի միջնորդությունը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ