ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի լրամշակված տարբերակը: Նախագծով փոփոխություններ ու նոր կարգավորումներ են առաջարկվում մի շարք ուղղություններով, որոնք առնչվում են ինչպես աշխատողներին, այնպես էլ գործատուներին: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ սահմանվել են նոր կարգավորումներ, որոնցով լրացուցիչ երաշխիքներ են տրվում զինվորական ծառայության, ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց: Հաստիքների կրճատման պարագայում նշված անձինք առավելություն կունենան մյուս աշխատակիցների նկատմամբ: Գործող կարգավորումներով նախատեսված է, որ գործատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ հաստիքների կրճատման պարագայում լուծել աշխատողի աշխատանքային պայմանագիրը: Գործող կարգավորումները չեն սահմանում, թե գործատուն ում կարող է նախապատվություն տալ: Դա ենթադրում է, որ գործատուն ում ցանկանա, նրան էլ կարող է ազատել, եթե տեղի է ունենում հաստիքների կրճատում: Նախագիծը լրամշակված տարբերակով ներկայում դրված է հանրային քննարկման: Կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո այն կներկայացվի Ազգային Ժողովում:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ
Օրեր առաջ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի տներից մեկում հայտնաբերվել եւ Երեւանի վարչություն բերման են ենթարկվել 24 եւ 29 տարեկան երկու գյումրեցի։ Նրանք մարտի 3-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էին սպանության մեղադրանքով։ Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին շտապօգնության խումբը «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխել 34-ամյա Վահագն Հարությունյանին։ Մարտի 2-ին Շիրակի մարզի քննչական վարչությունում փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերի հատկանիշներով:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու Կումայրիի բաժնի քրեական հետախույզների եւ տարածքային քննչական մարմնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել էր, որ սպանության ենթադրյալ կատարողները գյումրեցի 24 եւ 29 տարեկան տղամարդիկ են, որոնց նկատմամբ մարտի 3-ին հայտարարվել է հետախուզում։ Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։