Թատրոնի համաշխարհային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որը 2022-ին նվիրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
Մինչ հայտնի կդառնային բաղձալի մրցանակի դափնեկիրները, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ասաց՝ համոզված է, որ մրցանակաբաշխությունը մեկ անգամ եւս կհաստատի հայ ժամանակակից թատրոնի զարգացումները, արդեն հայտնի անունների կողքին կներկայացնի նոր ու հետաքրքիր դեմքերի:
Երաժշտական կատարումներով հագեցած մրցանակաբաշխությանը «Լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Աղասի Մելքոնյանի «Կոկորդիլոսը» (Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն):
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթեց Էվա Խաչատրյանը՝ «Հինգ պատմություն՝ սիրո մասին» բեմադրության մեջ կնոջ դերի համար (Կամերային թատրոն):
«Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեցին Հարություն Սարգսյանը՝ «…եւ նորից Գարուն» բեմադրության մեջ Մաքի դերի համար (Ս. Սարգսյանի անվ. համազգային թատրոն) եւ Գոռ Համբարձումյանը՝ «Սկապենի արարքները» ներկայացման մեջ Արգանտի դերի համար (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն):
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթեց Մերի Սարգսյանը՝ «Ճախրող լամպը» բեմադրության համար (Ս. Սարգսյանի անվ. համազգային թատրոն):
«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Սամսոն Մովսեսյանի «Երեք քույր» բեմադրությունը (Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոն):
«Լավագույն թատերագիտական հոդված» համարվեց Քրիստինե Պողոսյանի «Հաջողված թռիչք»-ը:
«Լավագույն սցենոգրաֆիա եւ զգեստների նկարիչ» անվանակարգում «Արտավազդի» արժանացավ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը՝ Ս. Սարգսյանի անվ. Համազգային թատրոնում բեմադրված «…եւ նորից Գարուն» ներկայացման համար:
«Երաժշտության լավագույն հեղինակ» անվանակարգում հաղթեց Վահե Գրիգորյանը՝ Կամերային թատրոնի «Կեսարի խրախճանքը» բեմադրության համար:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» համարվեց Էդգար Քոչարյանը՝ «Երկիր հայրենի» բեմադրության մեջ Վեստ Սարգսի դերի համար (Վանաձորի Հ.Աբելյանի անվ. դրամատիկական թատրոն):
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Արտավազդը» տրվեց Արմինե Անդրեասյանին՝ «…եւ նորից Գարուն» ներկայացման մեջ միսս Մարթայի դերի համար (Ս. Սարգսյանի անվ. համազգային թատրոն), եւ Հասմիկ Սուվարյանին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվ. թատրոնի «Մաուգլի» ներկայացման մեջ Բագիրայի դերի համար:
«Լավագույն դերասանուհի» ճանաչվեցին Մարիամ Ղազանչյանը՝ Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնի «Երեք քույր» ներկայացման մեջ Մաշայի դերի համար, եւ Ելենա Վարդանյանը՝ Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացման մեջ առաջին կնոջ դերի համար:
«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակների արժանացան Արթուր Կարապետյանը՝ Հ.Պարոնյանի անվ. թատրոնի «Ներոն եւ Սենեկա» ներկայացման մեջ Ներոնի դերի համար, եւ Սենիկ Բարսեղյանը՝ Կամերային թատրոնի «Կեսարի խրախճանքը» բեմադրության մեջ Ներոնի դերի համար:
«Լավագույն պլաստիկ ներկայացում» անվանակարգում հաղթեցին «Նարեկ» պարային համույթի «#44»-ը, որի խորեոգրաֆներն են Արման Ջուլհակյանն ու Արա Ասատուրյանը, եւ Մնջախաղի թատրոնի «ՍինSIN»-ը, որի բեմադրիչը Կարեն Խաչատրյանն է:
«Լավագույն ներկայացում» ճանաչվեց Կամերային թատրոնի «Համլետ» ներկայացումը, որի բեմադրիչը Արա Երնջակյանն է: Մրցանակը ստանալու համար բեմ բարձրացավ ոչ միայն Արա Երնջակյանը, այլեւ բեմադրության մեջ ընդգրկված բոլոր դերասանները: Երիտասարդ դերասան Դավիթ Աբրահամյանը հենց բեմում ամուսնության առաջարկություն արեց դերասանուհի Ժաննա Քոչարյանին, որը շատ հուզված էր: Հիմնական անվանակարգերից բացի, հանձնվեցին նաեւ հատուկ մրցանակներ: Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Արմեն Մարությանը:
«Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակներ շնորհվեցին Ջուլիետա Բաբայանին, Հարություն Մովսիսյանին, Հայկուհի Խուդավերդյանին, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանին, Սվետլանա Կոնստանտինովային:
«Արտավազդ» հատուկ մրցանակի արժանացան Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը եւ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մաուգլի» ներկայացումը: Մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, Առաջին ալիքի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, բեմադրիչ Գոռ Մարգարյանը, վաստակաշատ մենապարող Հրաչյա Բադալյանը։
Թատերական երեկոյի բեմադրիչը Արթուր Մանուկյանն էր:
Մրցանակաբաշխությունն անցկացվեց Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ, Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:
«ԻՆՁ ՀԵՏ ՄՆԱ». ՎԱՀԱԳ ՌԱՇԻ ՆՈՐ ԵՐԳԸ
Երաժիշտ Վահագ Ռաշը կրկին հանդես է եկել նորությամբ` ներկայացնելով «Ինձ հետ մնա» երգը տեսահոլովակով։ Մինչ հանդիսատեսին հասնելը երգը երկար ճանապարհ է անցել։
Վահագը ArmLur.am-ի հետ զրույցում նշում է, որ երգի սկզբնական աշխատանքներն արվել են մոտ 6-7 տարի առաջ։ Խոսքերի հեղինակը Տաթեւ Ոսկանյանն է։
«Անկեղծ չեմ կարող հիշել՝ երաժշտությունն էր առաջինը ստեղծվել, թե բառերի մի հատվածը։ Երգի փոքր կտորը տարիներ հետո գտա իմ արխիվից, մոտ մեկ տարի առաջ էր, ուղարկեցի Տաթեւին, եւ երկուսս էլ հասկացանք, որ երգը պետք է կյանքի կոչել։ Սկսեցինք աշխատել թե՛ երաժշտության, թե՛ բառերի վրա։ Վերջնական տեսքը ստանալուց հետո հանձնեցի Կարեն Արզումանյանին գործիքավորման համար։ Գործիքավորման ավարտից հետո Սերգեյ Գասպարյանը կատարեց ձայնագրությունը, ավելացրեցինք կենդանի թավջութակի նվագակցություն, որը նվագեց Սիփանը, եւ ստացանք երգի այս տարբերակը։ Բավական երկար լսելուց հետո հասկացա, որ երգը տեսահոլովակով է պետք ներկայացնել, դիմեցի Մարիամ Գրիգորյանին, ում հետ միասին որոշեցինք թե ինչ ոճի մեջ ենք անելու հոլովակը»,- նշեց Վահագը։ Նրա խոսքով` պարի հատվածին հասել ու հիշել է, որ «Պար պսակի» երգի հոլովակի նկարահանման ժամանակ աշխատել են շատ տաղանդավոր պարային զույգի` բալետի արտիստներ Րաֆիի եւ Սուսաննայի հետ. «Դիմեցի Սուսաննային, եւ արդյունքում ստացանք շատ հետաքրքիր մի հոլովակ, որը կարող եք վայելել` անցնելով հղումով»։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՐՈՆՅԱՆԸ ՄՐՑՈՒՄ ԷՐ ԵՍԻՊԵՆԿՈՅԻ ՀԵՏ
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը Բեռլինի Գրան Պրիի առաջատարն է: Գրան Պրիի 5-րդ տուրում Արոնյանը մրցում էր Անդրեյ Եսիպենկոյի հետ: Հայազգի գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով եւ պարտիայի 23-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այժմ Արոնյանը եւ Հիկարու Նակամուրան, 5 հնարավորից հավաքելով 3 միավոր, մրցաշարային աղյուսակի առաջատարներն են: Բեռլինի Գրան Պրին շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող Գրան Պրիի շարքի հերթական մրցաշարն է: Այս տարի Բեռլինի մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ: Այն հնարավորություն կտա երկու գրոսմայստերի մասնակցելու շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:
ՔՆՆԱՐԿՈՒՄ
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ամռանը վաճառել իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին եւ պատրաստ է քննարկել 30 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ: Արքայական ակումբի մարզչական շտաբը գոհ է ֆուտբոլիստից եւ չի ցանկանում բաժանվել նրանից, սակայն Ասենսիոյի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս, իսկ երկարաձգման վերաբերյալ բանակցությունները մտել են փակուղի։ «Ռեալը» ցանկություն չունի մեկ տարի հետո անվճար կորցնել խաղացողի: Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 33 հանդիպման բոլոր մրցաշարերում, դարձել 10 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։
ՈՒՂԵԳԻՐ
Կանադան 36 տարի անց դարձյալ նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Հյուսիսամերիկյան գոտու ընտրական մրցաշարի նախավերջին տուրում կանադացիները 4։0 հաշվով պարտության մատնեցին Ջամայկայի թիմին եւ 28 միավորով առաջին տեղում են։ Երկրորդ տեղին եւ ուղեգրին հավակնում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կոստա Ռիկայի հավաքականները։
8 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ
«Սելտայի» 26-ամյա կիսապաշտպան Սանտի Մինային սպառում է մինչեւ 8 տարվա բանտարկություն։ Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին կասկածում են բռնաբարության մեջ: Դատական նիստերը տեղի կունենան մարտի 28-ին, 29-ին եւ 30-ին Ալմերիայում։ Իրավապահների վարկածով՝ Սանտի Մինան 2017թ. հունիսին 16-ին ընկերոջ ավտոմեքենայում սեռական բնույթի հարաբերություն է ունեցել մի կնոջ հետ նրա կամքին հակառակ։ Այդ միջադեպից հետո կինը ունեցել է դեպրեսիա եւ հետվնասվածքային խանգարում։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Սանտի Մինան մասնակցել է 28 հանիդպման, խփել 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։